Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտադիր ենք Ցեղասպանության ժամանակ մեր կրած բոլոր կորուստներին անդրադառնալ». քահանա

Հոկտեմբեր 24,2014 22:40

Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) երիտասարդները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, յուրաքանչյուր ամսվա 24-ին տարբեր միջոցառումներ (բանախոսություններ, քննարկումներ և այլն) են իրականացնում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Թեմի երիտասարդներն այսպիսի հինգ միջոցառում են կազմակերպել արդեն, իսկ 6-րդն անցկացրին այսօր՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Այն նվիրված էր Ցեղասպանության ընթացքում նահատակված ավելի քան 700 հայ մտավորականների հիշատակին:

Նախ՝ անմոռուկ ծաղկի շուրջը խնկարկման արարողություն կատարվեց, որին հաջորդեց Արևմտյան Հայաստանից բերված հողի և քարի օրհնության կարգ: Այնուհետև կոմիտասյան երաժշտության ներքո երիտասարդները կողք կողքի դասավորեցին hայ և օտարազգի մտավորականների մտքերով ցուցանակներ: Դրանցից մեկը, օրինակ, Սիամանթոյի հայտնի խոսքերն էին. «Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ…»: Իսկ վերջում հոգևորականներն ու երիտասարդները ծաղիկներ դրեցին մտավորականների շիրիմներին:

ԱՀԹ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Նարինե Մուսայելյանը Aravot.am-ին համառոտ պատմեց նախորդ ամիսներին իրականացրած միջոցառումների մասին: Նրա տեղեկացմամբ՝ առաջին միջոցառումը կազմակերպվել է մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» ֆիլմի (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան) ցուցադրությամբ: Հունիսի 24-ին Ծիծեռնակաբերդում կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի: Երրորդ միջոցառումը հուլիսի 24-ին Ազատության հրապարակում երիտասարդների իրականացրած «Լսի´ր, Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» կոչով ֆլեշմոբն էր: Հաջորդ միջոցառման ժամանակ երիտասարդները քահանաների ու զինվորականների հետ ծաղիկներ են դրել Եռաբլուրում հանգչող բոլոր մարտիկների շիրիմներին, իսկ սեպտեմբերի 24-ի միջոցառումը նվիրված էր Ցեղասպանության զոհ գնացած չորս հազարից ավելի հոգևորականներին:

ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, որի գլխավորությամբ և կազմակերպվում են ամենամսյա այս միջոցառումները, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանք կշարունակվեն մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը. «Մենք մտադիր ենք այս միջոցառումներով անդրադառնալ Ցեղասպանության ժամանակ մեր կրած բոլոր կորուստներին»,- ասաց քահանան:

Նա ուրախությամբ խոսեց նաև այս միջոցառումների դրական ազդեցության մասին. «Դրանք վարակիչ եղան շատ դպրոցների, բուհերի ու հասարակական կազմակերպությունների համար: Արդեն երկրորդ ամիսն է, որ նրանք էլ են մեծ միջոցառումներ կազմակերպում: Օրինակ՝ սեպտեմբերի 24-ին, երբ մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, այնտեղ տարբեր դպրոցների աշակերտներ կային, որոնք հերթով միջոցառումներ էին անում և ասացին, որ ամեն ամսվա 24-ին գալու են: Ես սա շատ դրական քայլ եմ համարում. մենք չպիտի միայն ապրիլի 24-ը նշենք»,- ասաց Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Տեր հոր հետ մեր զրույցի պահին Պանթեոն եկան նաև մի խումբ երեխաներ, որոնք, ինչպես հետո պարզվեց, Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի աշակերտներն էին:

Նրանց ուսուցչուհի Գայանե Հողմրցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ դպրոցի աշակերտները յուրաքանչյուր ամսվա 24-ին միանում են ԱՀԹ-ի երիտասարդների կազմակերպած միջոցառումներին. «Այս անգամ, օրինակ, 5-րդ դասարանի աշակերտների հետ ենք եկել: Ուզում ենք ամեն ամիս մի դասարան մասնակցի միջոցառմանը»,- ասաց ուսուցչուհին:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031