Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաքսը, այսպես թե այնպես, ժողովրդական արտիստ է»

Հոկտեմբեր 25,2014 14:00

Ազգային օպերային թատրոնն այդպես էլ երգչուհուն կոչման չի ներկայացնում
Ճանաչված ու սիրված արվեստագետներ շատ ունենք, որոնք տարիներ շարունակ բնակվում եւ ստեղծագործում են արտերկրում: Մշակույթի մարդիկ եւ արվեստասերները «Առավոտի» հետ զրույցներում քանիցս նշել են, որ այդ արտիստների համար մեր կառավարւությունը պետք է կարողանա կողմնորոշվել կոչումների ու ըստ արժանվույն գնահատանքի հարցում: Ինչքան անտեղի բարձր գնահատականն է վրդովմունք առաջացնում, նույնքան էլ՝ արժանավորներին պետության կողմից չտրված գնահատականի բացակայությունը:

Ասվածը վերաբերում է ճանաչված ու սիրված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին, որը 1992թ. հանդիսանում է Սիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի եւ տեղի կոնսերվատորիայի պրոֆեսոր:

Երգչուհին առանց պետական կոչման էլ վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը, բայց ինչպես չնկատել Երեւանի օպերային թատրոնի անհասկանալի վերաբերմունքը, որ դեռեւս 2012թ. դրսեւորվեց Արաքս Մանսուրյանի հանդեպ, որը Երեւան էր ժամանել ուսանողուհու՝ Լիսա Բելլի հետ, եւ Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ անմոռանալի ելույթ ունեցան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Վերջերս էլ երգչուհին իր օտարազգի ուսանողներ Ջիանգ Հոնգշինի (տենոր), Ջորջիա Կոկկորիսի (կոլորատուրային սոպրանո) եւ Ռիան Սաունդերսի (սոպրանո) հետ հանդես եկավ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում եւ Արցախում, որտեղ Գեւորգ Մուրադյանի ղեկավարած տեղի պետական կամերային նվագախմբի հետ հնչեցրին ոչ միայն համաշխարհային օպերային գրականության գոհարներից, այլեւ Կոմիտաս, հոգեւոր միջնադարյան երգեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Տիգրան Մանսուրյան: Համերգներն էլ նվիրված էին Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին: Ընդ որում, այս անգամ էլ մեր օպերային թատրոնի նոր տնօրինությունը, թեեւ ուշացումով, բայց հարկ չհամարեց «միջնորդել»՝ երգչուհուն պետական կոչման ներկայացնելով:

Մեզ հետ զրույցում արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ազգային օպերային թատրոնի թանգարանի վարիչ Սերգեյ Առաքելյանը, որը 1970-ականների սկզբից ականատեսն է մեր թատրոնում Արաքս Մանսուրյանի առաջին քայլերին, հիշեց. «Գիտեի, որ մեր Արաքսը պիտի գնար: Գիտեի իրենից: Անհասկանալին կանխելու համար այդ մասին հայտնեցի մեծանուն Գոհար Գասպարյանին, որը, մեղմ ասած՝ զարմացավ, տխրեց ու Արաքսին կանչեց իր մոտ: Ջանաց համոզել, որ նա արդեն կայացած արվեստագետ է, որ օպերային դերերգերի գագաթներ՝ Անուշից մինչեւ Աիդա ունի իր դերացանկում, ստեղծել է լսարան, ունի երկրպագուների բանակ, բայց անդրդվելի էր Արաքսը: Ախր, այնպես ձուլված էին Երեւանի օպերային թատրոնը հայ միջնադարյան երաժշտություն ու Կոմիտաս ներկայացնող Արաքսի հնչեղ անվան հետ…»: Հետո էլ հավելեց, թե տարիներ անց երգչուհու բացակայությունը հայրենիքից ապացուցեց, որ դա կամայականության ու պատահականության արդյունք չէր: «Արաքսի երկրորդ կոչումն էր մանկավարժությունը, որ նրան տարավ օտար երկիր, որպեսզի նա, իր բեմական գործունեությանը զուգահեռ, հայ երգը բնագրով սովորեցնի օտարազգիներին, այդ թվում՝ չինացիներին…»,- ասաց պարոն Առաքելյանը:

Արվեստաբանը վրդովված լինելով երգչուհուն պետական կոչման չարժանանալու առիթով, իրենց կարծես մխիթարելով ասաց՝ «Արաքսը, այսպես թե այնպես, ժողովրդական արտիստ է»: Հետո էլ մեջբերեց Սերգեյ Փարաջանովի խոսքը երգչուհու մասին. «Ինձ մշտապես թվացել է, թե հոգուս բազում կարոտներից կա մեկը՝ ժառանգականորեն հարազատ, արյունս տակնուվրա անող եւ հավիտենականորեն անհասանելի… Դժվարանում էի գտնել դրա ստույգ անվանումը, սակայն երբ Արաքս Մանսուրյանի կատարմամբ լսեցի հայ հոգեւոր երգերը, հասկացա, որ ինձ հենց այդ էր պակասում՝ դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. կադրային անպատասխանատու նշանակումների շղթայական շարունակականության հետևանքն է, որից նեղվում ենք այն ժամանակ, երբ գարշահոտությունն այլևս անտանելի է դառնում: Դա էլ կախված հոտառության շեմի մակարդակից:

  2. Կոչու՞մն է ,որ պիտի զարդարե Արաքսին:Շնորհակալ եմ նրան իմ մշակած հոգեւոր երգերի կատարման համար:Ընդ որում,բեմ բարձրացավ իրեն համար շատ ծանր օրերին…:Մայրն էր մահացել,բայց «չտապալեց»իմ հեղինակային,հոբելյանական համերգը…Արաքս ջան՝ Մենք ենք, մեր սարերը,մնացածը փուջ է,անցողիկ՝ եղել ես,կաս,կմնաս,ժողվրդական մեր երգիչ- արտիստուհի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031