Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վերադարձ Քոչարյանին կամ՝ Քոչարյանի վերադարձը-4

Հոկտեմբեր 27,2014 11:19

Ինչպես անցած անգամ ասացինք, այս շարքի այս մերկապարանոց վերնագիրն արդարացված է այնքանով, որ իրականում ու իրականության մեջ՝ տներում, պատերի տակ, սրճարաններում և այլ վայրերում Քոչարյանի վերադարձի ու Քոչարյանի ռեանիմացիայի թեման ավելի շատ է շոշափվում, քան՝ զանգվածային լրատվամիջոցներում և նույնիսկ հանրահավաքներում: Հիմնական պատճառն այն է, որ Քոչարյանի մասին հիմնականում խոսում են նրա հակառակորդներն ու չուզողները, մինչդեռ նրա համակիրներն ու երկրպագուները հիմնականում փիլիսոփայաբար լռում են՝ սպասելով պատեհ պահի:

Միայն չասեք թե՝ Քոչարյանը համակիրներ ու երկրպագուներ չունի: Եթե առայժմ ծպտուն չեն հանում, դա չի նշանակում թե՝ չկան: Առայժմ բավարարվում են Քոչարյանին հարվածողներին հարվածելով և վերջիններիս «հաճախորդներ» ու «Գեղամյանի արժանի հետնորդներ» անվանելով:

Բուն Ռոբերտ Քոչարյանի արժանիքների մասին հիմնականում իր անձնական խոսնակն է բարձրաձայնում, ինչպես նաև անձամբ ինքը՝ երկրորդ նախագահը: Հիմնականում խոսում են Քոչարյանի ժամանակաշրջանի տնտեսական հաջողություններից, ինչպես նաև՝ տվյալ ժամանակաշրջանի շինարարության ծավալներից՝ մասնավորապես շեշտելով մայրաքաղաքի կենտրոնում իրականացված բնակարանային շինարարությունը: Եվ ոչ մի խոսք՝ կենտրոնի բնիկների բռնի տեղահանման մասին: Եվ ոչ մի խոսք՝ տնտեսական աճի հնարովի թվերի մասին:

Ինչքան հիշում ենք՝ տնտեսական աճի այդ հնարովի թվերի կապակցությամբ լրատվամիջոցներում բազմիցս ծաղրի էր ենթարկվում այն ժամանակվա վարչապետը՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը: Մինչդեռ հիմա, տվյալ ժամանակաշրջանի այդ տնտեսական «աճը» հիշելիս և Քոչարյանին գովերգելիս՝ ոչ ոք, ներառյալ երկրորդ նախագահն ու իր խոսնակները, Անդրանիկ Մարգարյանին ու նրա վաստակը չեն հիշում ու չեն նշում: Եվ ընդհանրապես վարչապետներին քավության նոխազ դարձնելը Հայաստանի հանրապետությունում արդեն սովորույթ է դարձել, և եթե ընդամենը մի քանի ամիս առաջ նույն Քոչարյանին, քոչարյանականներին ու շատերին թվում էր թե՝ Հայաստանում ամեն վատ բան Տիգրան Սարգսյանի հետ է կապված, հիմա արդեն Տիգրան Սարգսյանին կարծես թե մոռացել են:

Ինչ վերաբերում է անձամբ Քոչարյանին ու նրա խոսնակներին, նրանք էն գլխից են մոռացել, որ նույն Տիգրան Սարգսյանն անձամբ Քոչարյանի ջանքերով է առաջին կարգի պաշտոնյա ձեռնադրվել: Ոմանք այն կարծիքին են, որ Քոչարյանը վերադարձի ոչ մի տարբերակ չունի, և Քոչարյանի վերադարձի թեման երդվյալ քոչարյանականներն են արհեստականորեն հրապարակ նետում: Ոմանք էլ այն կարծիքին են, որ, ընդհակառակը, Քոչարյանի թեման Քոչարյանի երդվյալ հակառակորդներն են ժամանակից շուտ ու անտեղի արծարծում, որպեսզի երկրորդ նախագահին քարկոծելու ու վարկաբեկելու առիթ ունենան ու դրանով խանգարեն նրա վերադարձին:

Ավելի հակված ենք հավատալ առաջին տարբերակին, քանի որ Ռոբերտ Քոչարյանն առիթով ու հիմնականում անառիթ անձամբ ինքն է իր մասին հիշեցնում՝ միանգամայն նպատակային ելույթներով ու հարցազրույցներով, և երբ իրեն հարց են տալիս՝ արդյոք մտադի՞ր է մեծ քաղաքականություն վերադառնալ, ինքը ժխտողական չի պատասխանում, իսկ իր կողմնակիցները նույն էդ հարցին հետևյալ կերպ են պատասխանում. Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականությունից երբևէ չի էլ հեռացել, որ վերադառնա կամ չվերադառնա:

Եթե ընդունենք, որ փողն ու հարստությունը Հայաստանի քաղաքական կյանքում մեծ նշանակություն ունեն, ապա նաև պիտի ընդունենք ու համաձայնվենք, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես մեծ քաղաքականությունից չի հեռացել: Էլ չենք խոսում այն մասին, որ հետքոչարյանական կառավարությունների անդամները հիմնականում երկրորդ նախագահի կադրերն են, և մանավանդ ու հատկապես այս պահին է այդպես:
Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն մեծ քաղաքականությունից չի հեռացել, այլև՝ մեծ իշխանությունից: Այնպես որ, նրա դեմն առնելն իսկապես հեշտ չի լինելու:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel Jeshmaridian, PhD says:

    Ghachagh Bloodert Kocharyan has zero chance to return to politics because in that situation he will be at once killed by NATO secret services. He knows that. And Ghachagh Sarksyan knows that!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031