Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ազարտի մեջ է, ուզում է հաղթած լինել՝ ցանկացած գնով». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2014 17:43

«Հիմա էլ չի լինելու այդ իշխանափոխությունը, սա բայղուշություն չհամարեք, փորձս է ասում: Բոլոր 3 դեպքերում էլ անհաջողությունը եղել է մի խնդրից՝ բոլորն էլ ուզեցել են հաղթանակը բերել Մոսկվայից»,- կարծում է Արամ Սարգսյանը:

Այսօր Եռաբլուրում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքի մեջ ի՞նչն է փոխվել, Ձեզ համար հասկանալի՞ է նրա դիրքորոշումների փոփոխությունը՝ պատասխանեց. «Իմ կյանքում դժբախտաբար դիրքորոշումը փոխած մարդկանց քանակն ավելի շատ է, քան սեփական դիրքորոշման մեջ մնացածները: Ես աշխատում եմ փայփայել, գուրգուրել այն մարդկանց, ովքեր իրենց դիրքորոշման մեջ մնացին: Խոսքս չի վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց հիմնականում դիրքորոշումները փոխել են այն մարդիկ, ում մեքենաներն ավելի շքեղ են դարձել, ում տներն ավելի բարձրահարկ են դարձել, ում երեխաները, չգիտես ինչ միջոցներով սկսել են արտասահմանում սովորել, այն դեպքում, երբ տարրական ընդունակություններ անգամ չունեին կամ սկսել են երգել, երբ երաժշտական լսողություն անգամ չունեն: Այս դեպքում մարդիկ իրենց կարծիքները փոխում են: Սա դժբախտություն է ու ոչ միայն Հայաստանում»:

Անդրադառնալով առաջին նախագահին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Մարդիկ կան, որ պարտվել չեն սիրում, չեն կարողանում պարտվել: Իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը զուտ այդ առումով ուզում է հաղթած լինել՝ ցանկացած գնով: Ես իրեն հաջողություն եմ մաղթում: Ես խաղային առումներով խաղերի մեջ երբեք չեմ եղել, չեմ ունեցել այդ ազարտը: Չեմ սիրում պարտվել, բայց պարտվելուց վախենալու համար չի, որ խաղային չեմ, մրցակցային չեմ, չեմ մտնում մրցության մեջ: Զբաղվում եմ ֆիզկուլտուրայով, ոչ թե սպորտով, որովհետեւ երբ որ հաղթում էլ եմ, մեղքի զգացում ունեմ նրա հանդեպ, ում հաղթել եմ: Մարդկային կերպի խնդիր է: Ես հակված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս մոտեցումը մարդկայն իր որակին պետք է բնութագրել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ազարտի մե՞ջ է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ազարտի: Եվ երիտասարդական ազարտի»:

Aravot.am-ի հարցին՝ առաջին նախագահն ասում է, որ ընդդիմադիրները նեղսրտում են, որ իշխանափոխությունն իրենց ձեռքով չի լինում, Դուք ունե՞ք նման զգացողություն՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես նեղսրտում եմ, որ իշխանափոխություն չեղավ 2003-ին,ինչի մեղավորը նաեւ ես եմ, գուցե եւ հիմնական մեղավորներից մեկը: Ես նեղսրտում եմ, որ իշխանափոխություն չեղավ 2008-ին, ինչի մեղավորներից մեկը նաեւ ես էի, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ես նեղսրտում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին՝ 2013-ին, կանգնեցի ու իշխանափոխություն չեղավ, ինչում էլի ես էի մեղավոր՝ իմ չափով, այնքանով, որ հարթակում չէի կանգնել: Ես նեղսրտում եմ, որ նաեւ հիմա էլ չի լինելու այդ իշխանափոխությունը: Սա բայղուշություն չհամարեք, փորձս է ասում: Բոլոր 3 դեպքերում էլ անհաջողությունը եղել է մի խնդրից՝ բոլորն էլ ուզեցել են հաղթանակը բերել Մոսկվայից: Մոսկվան հաղթանակը տալիս է գործող իշխանությանը, դա թող դաս լինի: Թող ներեն ինձ այս տոնով ասելու համար, կամ դաստիարակչության նկրտումներ չունեմ: Բայց բոլոր դեպքերում Մոսկվան է խաղացել այդ խաղը՝ համբերությամբ տանելով, մաշեցնելով, առաջինն էլ շնորհավորելով գործող իշխանություններին:

Այսօր էլ, ինչ ուզում են անեն, ինչքան էլ ասեն Վլադիմիր Վլադիմիրիչին բան չասեք, ինչքան էլ ասեն, որ ՌԴ-ն ամենալավն է, որ Հայաստանը գոյատեւում է միայն այն տարածքներում, որը եղել է ՌԴ-ի ազդեցության տակ, միեւնույն է, դա գրոշի արժեք չունի: ՌԴ-ի գործող իշխանությունը, հանձինս այսօրվա նախագահ Վլադիմիր Պուտինի, հայտարարել է, որ իրենք միշտ, ի տարբերություն Արեւմուտքի, աշխատել եւ աշխատելու են գործող իշխանությունների հետ: Այս կոնտեքստում է պարտությունը:

Ես Հայաստանի ապագան տեսնում եմ ԵՄ-ի մեջ՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու: Ես չեմ ասում, որ Օբաման անթերի է, կամ սուպեր գրագետ մարդ է, իրենից օրինակ վերցնենք: Ես ասում եմ, որ այդ երկրներում կրթությունը արժանի է կրթություն համարվելու, առողջապահությունը արժանի է, ուր բուժում են նախարարից սկսած՝ մինչեւ փողոցից բերված բոմժի: Բուժում է նույն բժիշկը, նույն ջանասիրությամբ, նույն դեղերով»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031