Լրահոս
Օրվա լրահոսը

Ռանդեւու Փարիզում, կամ` մերսի բոքու բոլորին

Հոկտեմբեր 28,2014 12:45

Հոկտեմբերի 27-ին Փարիզում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային հերթական փուլն էր

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, ապա` Հայաստանի նախագահների հետ: Սարգսյան-Օլանդ հանդիպմանն անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին, եւ նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Ապա Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Իսկ այնուհետեւ Սարգսյանն ու Ալիեւն առանձնազրույց են ունեցել, որի ավարտին նրանց են միացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն էր մեկնարկել: Երեք նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպմանը տրվել էր քննարկումները եզրափակող պաշտոնական ընթրիք, որով էլ ամփոփվելու էին փարիզյան բանակցությունները: Կեսգիշերին եռակողմ հանդիպումն ավարտվեց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Panorama.am-ի հետ զրույցում դրական էին որակել եռակողմ հանդիպումը, սակայն բանակցող կողմերը հայտարարությամբ հանդես չէին եկել: Panorama.am-ի փոխանցմամբ` Ալիեւին ճանապարհելիս ֆրանսիացի լրագրողներից մեկը հարցրել է` արդոք հանդիպման ընթացքում անդրադարձ եղե՞լ է Ադրբեջանի քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Լեյլա Յունուսի հետ կատարվածին, որին Ֆրանսիայի նախագահ Օլանդը դրական պատասխան է տվել, իսկ Ալիեւը ժպտացել ու հեռացել է:

Պաշտոնական Փարիզն, անշուշտ, կցանկանար, որպեսզի Սարգսյան-Ալիեւ հանդիպումն արդյունավետ լիներ, կողմերը գոնե համատեղ հայտարարություն ընդունեին: Եռակողմ ամփոփիչ հանդիպումը` պաշտոնական ընթրիքով, հավանաբար, դա «նշելու» վերջին ակորդը կարող էր դառնալ: Սակայն դժվար չէ կռահել, թե որ կողմի պատճառով կարող էին ձախողվել Օլանդի ջանքերը: Պաշտոնական Բաքուն մշտապես խուսափում է որեւէ նշանակալի քայլից, եւ մեծ է հավանականությունը, որ Փարիզում եւս Ալիեւն իր ապակառուցողական դիրքերը չի զիջել:

Paris-27.10.2014

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցն ամփոփելիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս շեշտել էին, թե Փարիզում կայանալիք հանդիպմանն ակնկալում են խաղաղ համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկումներ: Միջնորդները նկատել էին, որ նախագահների հանդիպումները Սոչիում եւ Ուելսում կողմերի միջեւ «փոխգործողության ուղի» են հարթել. «Մենք նաեւ հուսով ենք, որ նախագահները կպայմանավորվեն փոխադարձ վստահության եւ թափանցիկության հասնելուն ուղղված միջոցների վերաբերյալ»: Համանախագահները նաեւ շեշտել էին, որ իրենց կարծիքով՝ «Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որին կողմերը վստահում են ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով»:

Ուշագրավ է, որ միջնորդներն իրենց հայտարարությունում հարկ էին համարել նաեւ անդրադառնալ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը ու ընդգծել էին, որ այդ անդամակցությունը չի ազդի ԼՂ հակամարտության լուծման գործընթացի վրա. «ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ պայմանագրի կամ դաշինքի միանալուց»,- նշել էին նրանք:

Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրեր առաջ նույնպես նշել էր, թե ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից, ոչ թե որեւէ համաձայնագրից կամ միությունից: Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Ուորլիքը հավելել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել է որոշում, եւ ինքը հարգում է այն. «Հույս ունենք՝ նախագահները, նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած հանդիպումները, հակամարտության կարգավորման ուղղությամբ պարտավորություններ կստանձնեն»:

Փարիզի բանակցություններից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը New York Times թերթի ներդիրում տպագրված հարցազրույցում ծավալուն անդրադարձ էր արել ԼՂ հակամարտությանը` նկատելով, որ 20 տարի շարունակ հայատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ սահմանին զինված սադրանքները դարձել են մեր առօրյայի մի մասը. «Մենք ձգտում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափի շրջանակներում արձանագրված պայմանավորվածությունների վրա: Այս նպատակով մենք շարունակում ենք մեր ակտիվ համագործակցությունը համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ: Ես ցավով պետք է ասեմ, որ մինչ այժմ մենք շոշափելի արդյունքների չենք հասել, որովհետեւ Ադրբեջանի մաքսիմալիստական եւ հաճախ սադրիչ կեցվածքը հակասում է ինչպես ողջ գործընթացի ոգուն, այնպես էլ միջազգային հանրության հետ մեր համատեղ ջանքերին: … Ես բազմիցս հայտարարել եմ, որ հակամարտության լուծման բանակցային ուղին այլընտրանք չունի: Դրա ապացույցը Հայաստանի մշտական պատրաստակամությունն է՝ ի տարբերություն Ադրբեջանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած ձեւաչափերի շրջանակներում շարունակել երկխոսությունը»: Ս. Սարգսյանը նաեւ կարեւորել էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը. «Չնայած որ յուրաքանչյուր հակամարտություն ինքնատիպ է՝ իր պատմական, իրավական ու քաղաքական կոնտեքստում, միջազգային հակամարտությունների լուծման ընթացիկ դինամիկան ապացուցում է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշումն ու ազատ կամարտահայտությունը առաջնահերթ են: ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքով՝ «Ազգային ձգտումները պետք է հարգվեն, այժմ պետք է ժողովուրդները գերիշխեն եւ ենթարկվեն միայն իրենց սեփական համաձայնությամբ: «Ինքնորոշումը» պարզապես բառ չէ, այն գործելու պարտադիր սկզբունք է»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    -Ապե, դու էլ ե՞ս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային խմբի անդամ:
    -Հա՛:
    -Կայֆ ա, չէ՞:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031