Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ինձնից ի՞նչ եք պահանջում, սկի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հարթակում չունեն նույն դիրքորոշումը». Շարմազանով

Հոկտեմբեր 28,2014 18:08

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը հարցին՝ եթե Եռյակը նստացույց անի, ի՞նչ կանեք՝ պատասխանել էր, որ օրենքով սահմանված միջոցների կդիմեն: Նա ասել էր, որ «սառը ցնցուղ չկա» եւ Վլադիմիր Գասպարյանը նկատի է ունեցել օրենքով սահմանված միջոցները:

Aravot.am-ը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ եռյակի վերջին հանրահավաքից հետո ինչ-որ բա՞ն է փոխվել, որ էլ սառը ցնցուղ չի լինելու: Նա պատասխանեց. «Փոփոխությունը հետեւյալն է եղել. միշտ էլ եղել է նույն կարծիքը իշխանությունների եւ պետության, որ ցանկացած օրինական միջոցառում դրական ենք գնահատում, ցանկացած անօրինական երեւույթ՝ կլինի իշխանությունների կողմից, ընդդիմության կողմից՝ ընդունելի չի, հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ինձ համար ոչ մի բան չփոխվեց: Իշխանություններն ունեցել են իրենց օրակարգը եւ գնում են իրենց օրակարգով: Այդ օրակարգի մեջ ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել հասարակության առաջ ծառացած խնդիրների օր առաջ լուծման: Իշխանությունները չունեն գործիք, որի անունն է պոպուլիզմ եւ դեմոգոգիա: Պետք է շատ ավելի կոնկրետ գործեն եւ փաստաթղթային գործեն, եւ 2015-ի բյուջեն ներկայացված է դատին»:

Լրագրողների հարցին՝ բացառո՞ւմ եք Եռյակի հետ երկխոսությունը՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ հիմա էլ երկխոսություն կա. «Եթե երկխոսություն չլիներ, ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից դիտվել մեր ծրագրերին համահունչ եւ որը կբերի պետության եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծման, մենք պատրաստ ենք քննարկել: Պարզապես միգուցե պատկերացումներն են տարբեր: Այն, ինչը մեր գործընկերների մոտ համարվում է իրատեսական, միգուցե մեզ համար կարող է իրատեսական չլինել: Ես մինչեւ հոկտեմբերի 24-ը որեւէ կոնկրետ ծրագրային առաջարկ չեմ լսել եւ նույնիսկ այդ հանրահավաքներում չեմ լսել ծրագրային, գաղափարական կետեր»:

Հարցին, թե էլ ի՞նչ երկխոսության մասին է խոսքը՝ Շարմազանովը խորհրդարանական երկխոսության օրինակը բերեց, երբ ոչ իշխանականները համաձայնության են եկել իրենց հետ եւ քվեարկել նույն կերպ. «Երկխոսությունը դա է, եթե ձեզ թվում է, թե իշխանությունը պետք է իր ծրագիրը փոխի, ասի ընդդիմություն ջան, ինչ ուզում ես, ես անեմ, իմ ծրագիրը դնում եմ մի կողմ, դա ոչ դեմոկրատիա է, ոչ էլ երկխոսություն է: Դա այլ բան է»:
Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամկետ նշեց մինչեւ ապրիլի 24-ը, պատրա՞ստ եք գնալ փոխհամաձայնության՝ Էդուարդ Շարմազանովը հեգնեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ժամկետ նշեց, Րաֆֆի Հովհաննիսյանին նախորդած եւ հաջորդած հռետորները ժամկետ չնշեցին, ոչ էլ դրա մասին խոսեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է Եվրասիականը վատ է, նրանք ասում են՝ շատ լավ է: Հիմա դուք եկել եք ինձնից ի՞նչ եք պահանջում, սկի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հարթակում չունեն նույն դիրքորոշումը»:

Շարմազանովը վստահեցրեց, որ իշխանափոխություն մեր երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով՝ համապետական ընտրությունների միջոցով. «Ընտրություններն ու իշխանափոխությունը պատվերով համերգ չի: Կա ժողովրդավարական պետություն, օրենքներ, կա իշխանությունների տարանջատման սկզբունք: Պատվերով համերգ չի, որ ով երբ ուզի, ասի իշխանափոխություն եմ պահանջում, արտահերթ ընտրություններ: Դրա համար պետք է լինեն մեխանիզմներ: Ընդհանուր տեսլական, ընդհանուր ծրագիր առկա չէ: Ես դա չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, ուրեմն կեցցեք դուք»:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ տակտիկական քայլերը սկուտեղի վրա չեն մատուցելու Սերժ Սարգսյանին, Դուք ի՞նչ եք սպասում՝ նա պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը լավ անեկդոտներ պատմեց: Այլ բան չեմ հիշում իր ելույթից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031