Լրահոս
Օրվա լրահոսը

Շահենը դեռ կենդանության օրոք էր այդ կոչումը վաստակել

Հոկտեմբեր 29,2014 15:30

Շահեն Մեղրյանի կյանքի ու եղերական մահվան առեղծվածային հանգամանքների մասին նորից մտորելու առիթ տվեց նրան Արցախի հերոսի կոչում շնորհելու ԼՂ հանրապետության նախագահի հրամանը։ Գլուխս եկած առաջին հարցն էր. ինչո՞ւ այդքան ուշ, քսանմեկ տարի՞ էր պետք գնահատելու ՀԵՐՈՍԻ գործը, թե՞ ընդամենը պահն էր շահեկան. այլեւս հարթվել են Շահենի դեմ մոգոնված պիղծ արգելքները Երեւանից։ Վստահ եմ, նույն կասկածն ունեն մարդիկ, ում հետ Շահենը շփվում էր, կիսվում, ովքեր գիտեին նրա չարքաշ կյանքն ու ներքին տառապանքները՝ Հյուսիսային Արցախի դժբախտ վայրիվերումների շղթայում։ Ինչո՞ւ պիտի զոհվեր Շահենը։ Ովքե՞ր էին երազում նրա մահը։ Հոգիս վախենում է կեղծիքից, բայց միտքս էլ խաղաղ չէ այնքան։

Պատերազմի քաոսի միջից Մեծ հաղթանակի փառքը մթագնում են արյան խարազանով գրված պատմության մութ էջերը՝ հայրենյաց պաշտպան մեր քաջերի հանդեպ։ Շահենը մեկն էր նրանցից, ում միայնակ, պաղ թիկունքին Մարտակերտի շրջանի առաջնորդ Վահան Գաբրիելյանն էր, նա էր Շահումյանը ապահովում պաշարով, Մոսկվայում կռիվ տալիս շրջանի խնդիրների համար։ Անկախությունից հետո լեյտենանտ Շմիդտի որդիները իրար մեջ բաժանեցին երկիրը, եւ ՀՅԴ պարագլուխները Վահանին հեռացրին իշխանությունից։ Մարտակերտն ընկավ, ու կտրվեց Շահումյանը սնուցող մայր երակը։ Ռուս-թաթարական դարավոր դաշինքի ամուր շղթայի մեջ, Շահումյանի 50 կիլոմետրանոց ճակատային գիծը մնացել էր ՀՅԴ կամավորականների հույսին, մոտ 300 նվիրյալներ՝ առանց մատակարարման ու մարտական լուրջ միավորների։

«Շահումյանի շրջանի ղեկավարությունը ՀՅԴ նվիրյալներն էին, այդ իսկ պատճառով այն հայտնվել էր հարազատ հորը կորցրած ու խորթ մոր ձեռքին նայող զավակի վիճակում, որին կարելի էր մի կտոր չոր հացով ու մի բաժակ ջրով պահել, դրանով բարոյական պարտքը կատարած համարել ու սպասել մինչեւ ազերիները բարեհաճեն մեր առաջնորդին ու նրա սպարապետներին Շահումյանի շրջան կոչվող գլխացավանքից ու ավելորդ անհանգստությունից ազատելու»։ («Մեծն Տիգրան» գնդի հրամանատար Դնեպրիկ Բաղդասարյանի հուշերից)։ «Շահումյանից վերադառնալուց հետո մեր տղաներին կալանավորեցին, ուզում էին ստիպել, որ թուղթ ստորագրեն, թե իբր Շահումյան գնալու համար փողեր են ստացել, իբր վարձկաններ են եղել… Ուզում էին Իգորի ու Շահենի գլխին փող ուտելու գործ սարքեին….»։ (Շահումյանի կամավորական ջոկատի հրամանատար Հայրապետ Արիստակեսյանի ֆեյսբուքյան էջից)։ 1990թ. Գորբաչովի հրամանով սկսվել էր կամավորական ջոկատների զինաթափումը, եւ ՀՀՇ-ն բռնի ուժով կատարում էր Կենտրոնի հրամանները։ Օգոստոսին, երբ Լեւոն Խեչոյանի հետ Շահումյանում էինք, Շահենը դառնացած վերադարձել էր Երեւանից. «ՀՀՇ-ից ոչ մի ակնկալիք չունենք։ Օգնություն չեն խոստանում։ Մնում է պայքարել սեփական ուժերով։ Մեր կամավորական ջոկատները լարվածություն էին ստեղծում սահմանամերձ շրջաններում։ Ու Ադրբեջանի ուշադրությունը շեղվում էր մեզնից։

Հիմա ՀՀՇ-ն դարձել է իշխանություն ու ինքն է պայքարում կամավորական ջոկատների դեմ։ Դա թեւ է տվել թուրքերին, նրանց ռազմական միավորներն այժմ նետված են լեռնային շրջաններ ու մենք պետք է ուժեղացնենք մեր դիրքերը»։ Ինչպե՞ս, ինչո՞վ։ Այս ցավագին հարցն այդ օրը չուղղեցի նրան, գիտեի, որ ինքն էլ չունի դրա հստակ պատասխանը։ Զինավորի աղբյուրի մոտ սարերից իջել էին Շահումյանի «սեփական ուժերը»՝ մի բուռ նվիրյալներ՝ սպորտային կամ ձեռի հետ պատահած հագուստով, ու ես հազիվ էի զսպում լացս։ Վերադարձի ճանապարհն անցնում էր ամառային տաք, լայնատարած արոտների ու զանգակ աղբյուրների միջով ու ծաղկից ծաղիկ մեղուների ոսկի թռիչքները ծավալվում, եզերքից եզերք տարածվում էին մաքրամաքուր, զրնգուն օդի մեջ։ Թուրքի բաժին դրախտը…

«Ռուսներից ավելի քան 100 հրասայլեր ստացած ադրբեջանցիները, գաղտնիք չէ, որ դրանք պիտի օգտագործեին Ղարաբաղի դեմ։ Ռուսների հետ համաձայնություն կար, որ միաժամանակ պիտի ստանանք զենք, ռազմամթերք։ Բայց այդ պայմանը չի հարգվել»,- Փարիզի «Քրիոն» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 1994թ. պատասխանելով թղթակցի հարցին, Հայաստանի պաշտպանության նախարարի աթոռին կրկին վերադարձած Վազգեն Սարգսյանը կասի. «Շահումյանի կորուստը ռազմական անհաջողություն էր, որից չի ապահովագրված եւ ոչ մի պատերազմող կողմ։ Բայց արդեն մեղավորներ են փնտրում՝ ով դավաճանեց»։

Չեմ հավատում։ Շուշին հաջողությամբ մարսած մեր բանակին դժվար չէր վերցնել Շահումյանը, ուր ներսից, թշնամու որջը խրված, պարտիզանական կռիվներ էին մղում ՀՅԴ կամավորական ջոկատների առյուծ տղերքը։ Իրականում, Շահումյանը ոչ թե ռազմական անհաջողության, այլ ՀՀՇ-ՀՅԴ ազգակործան հակամարտության, դաշնակցության հանդեպ Հայաստանի նախագահի գենետիկ ատելության զոհն էր, ու Շահենը վկան էր այդ չարիքի։ Եթե կենդանի մնար, չէր ներելու դավաճանությունը, որն արդեն ակնհայտ պարզ էր Գետաշենը հանձնելիս։ 1991թ. մայիսի 22-ին, հայ եւ ադրբեջանցի կոմունիստների հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախի 24 գյուղերի անկմանը, ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը, նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի՝ Ֆրանսիա կատարած այցը, խիստ ու կոպիտ ասել է. «Նա ուզում է միջազգայնացնե՞լ ԼՂ հարցը։ Ինչ է, չգիտի՞, թե նման բաները ոնց են վերջանում»։ «Չլինեին «Եղնիկները», էսօր մեր սահմանը կլիներ Թարթառ գետը։ Եթե Շահենը կենդանի մնար, 1993-1994-ին հայերը կկարողանային վերցնել Շահումյանը։ Շահենն էն մարդն էր, որ շատ բան իմանալով, իր հետ տարել է էն աշխարհ»,- ասել է Շահենի եղբայրը՝ Պետրոս Մեղրյանը։ Ով էր պարզելու ճիշտն ու սխալը, լպիրշ հացկատակների աններելի գործարքները, երբ այլեւս չկար ՀՀՇ-ի նենգ ու անանցյալ խիղճը խայթահարող, իր գերված սարերի աննկուն ֆիդային, իր լեռների Միայնակ գայլը, Գյուլիստանի քաջ ու ազնվական մելիք Շահեն Մեղրյանը…

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

Հ.Գ. Իր եղերական մահից դեռ շատ առաջ, Շահեն Մեղրյանին, առանց թուղթ ու մելանի, իր սրտի առասպելների ու զրույցների մեջ արդեն հերոսացրել էր ժողովրդական օրենսգիրը…

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031