Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպանատների ներկայացուցիչները Առաջին համաշխարհայինի 100-ամյա տարելիցի կապակցությամբ ֆուտբոլ են խաղալու

Հոկտեմբեր 29,2014 14:20

«100 տարի առաջ օգոստոսին եվրոպական պետությունները պատերազմ հայտարարեցին միմյանց՝ հուսալով, որ այն կավարտվի մինչեւ Սուրբ ծննդյան տոները, սակայն նա 16 միլիոն հոգու կյանք խլեց»,- այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

Նա նշեց, որ այդ 16 միլիոն զոհերից 9 միլիոնը զինվորներ էին, 7 միլիոնը՝ հասարակ քաղաքացիներ: Նա հավելեց, որ այդ զոհերի շարքում են նաեւ Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված մեկ միլիոն հայերը:

Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի խոսքերով, պատմական այդ իրադարձությունները իրենց մտածելու տեղիք են տալիս: Նա նշեց, որ նոյեմբեր ամիսը իրենց համար հիշատակման ամիս է. «Նոյեմբերի 16-ին հիշատակում ենք ոչ միայն երկու աշխարհամարտերի ընթացքում զոհված, այլ նաեւ նացիոնալ սոցիալիստների կողմից սպանված մարդկանց հիշատակը»:

Նրա խոսքերով՝ եվրոպական ժողովուրդները աշխարհամարտերից դասեր են քաղել եւ կազմակերպվող միջոցառումների նպատակն է ցույց տալ, որ այդ ուղղությամբ քայլերն արվել են. «Մեր ձեռքբերումը ներկայիս Եվրամիությունն է, միություն, որը ծնվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, եւ հիմա իրենից ներկայացնում է խաղաղության գոտի»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի Դաշնության դեսպանատների համատեղ կազմակերպած միջոցառումների ընթացքում դեսպանները հոկտեմբերի 31-ին պատրաստվում են այցելել Գյումրու Բայրոնի դպրոց, որտեղ աշակերտների հետ միասին կտնկեն պատերազմի զոհերի հիշատակը հանդիսացող կակաչները:

Նոյեմբերի 10 –ին եւ 11-ին Երեւանի սուրբ Զորավոր եկեղեցում կիրականացվի ժամերգություն ի հիշատակ Առաջին համաշխարհայինի զոհերին, նոյեմբերի 16-ին Գերմանիայի Դաշնության եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների աշխատակիցները կայցելեն Երեւանում գտնվող գերմանական գերեզմանատուն: Նոյեմբերի 21-ին կիրականացվի համերգ՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին, որի ընթացքում ելույթ կունենան Գերմանիայից ժամանած դաշնակահարներ Փոլ Գիբիսը եւ Անդրեսա Քերնը: Միջոցառումները կեզրափակվեն դեկտեմբերի 5-ին՝ դեսպանատան աշխատակիցների ֆուտբոլային խաղով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031