Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պարոնյան թատրոնին պատվել են Ամերիկայում

Հոկտեմբեր 30,2014 13:30

«Ամեն տարի նույն օրը»
ռոմանտիկ կատակերգությունը ջերմ ընդունելության է արժանացել

Սփյուռքը պետք է սնվի հայրենիքի մշակույթով, այլ ոչ թե հակառակը: Նման կարծիք «Առավոտը» վերջին շրջանում շատ է լսում տարբեր առիթներով Հայաստան այցելած մեր հայրենակիցներից: Նրանք միաբերան դժգոհում են վերջին 25, եթե ոչ ավելի, տարիների ընթացքում հայաստանյան պետական կոլեկտիվների, այս դեպքում՝ թատրոնների՝ գաղթօջախներում սակավաթիվ հյուրախաղեր ունենալու կամ ընդհանրապես չունենալու առիթով: Թատրոնների դեպքում բացատրությունը մեկն է. մեր պետությունը հյուրախաղերի «մասով» հնարավորություն չունի մասշտաբային ներկայացումներ ֆինանսավորելու: Սակայն արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մշակույթի նախարարությունը հաճախ ինչ-որ ձեւով աջակցություն ցուցաբերում է հայկական գաղթօջախներում հյուրախաղերին:

Paronyan_tatron_2

Օրերս ԱՄՆ կատարած հյուրախաղերից վերադարձավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Լոս Անջելեսի «Stars» թատրոնում ներկայացվել է խաղացանկային Բերնար Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» ռոմանտիկ կատակերգությունը (բեմադրիչ՝ Աշոտ Ադամյան): Դերերում հանդես են եկել դերասաններ Սաթիկ Հախնազարյանն ու Արթուր Կարապետյանը: Վերջին անգամ Կոմեդիայի թատրոնը ԱՄՆ հյուրախաղերի էր մեկնել 2003թ.՝ ներկայացնելով Կոտոյան-Խուգաեւի «Իմ զոքանչը» (բեմադրիչ՝ Կարպ Խաչվանքյան), որտեղ զբաղված են եղել Սվետլանա Գրիգորյանը, Նորայր Գեւորգյանը, ինչպես նաեւ Սաթիկ Հախնազարյանն ու Արթուր Կարապետյանը:

«Առավոտի» հետ զրույցում կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ հյուրախաղերը կազմակերպել էին Լոս Անջելեսի Armenian Entertainment Production-ը (հիմնադիր՝ Լիլի Ավագյան) եւ Հայ-ամերիկյան թատերահամերգային միությունը (նախագահ՝ Վիկտոր Մարտիրոսյան): Ինչո՞ւ հատկապես հիշյալ ներկայացումը հարցին՝ պարոն Շահբազյանը պատասխանեց, որ հրավիրող կողմը Հայաստանում դիտել էր ներկայացումներ եւ ընտրել դա:

Ռեպլիկին, թե ընտրությանը հավանաբար նպաստել է ներկայացման կամերային լինելը, մեր զրուցակիցը չհերքեց, ապա ասաց. «Ինչ խոսք, մասշտաբային ներկայացումները մասշտաբային ծախսեր են պահանջում: Գուցե դեր է խաղացել նաեւ հեղինակի ամերիկացի լինելը… Եվ երեւանյան, եւ լոսանջելեսյան բեմելների ժամանակ նկատեցի, թե ինչ խանդավառությամբ է հանդիսատեսն ընդունում այս ներկայացումը: Բնականաբար, դերակատարների ու ռեժիսուրայի բարձրարվեստ լինելու փաստն էլ կա: Մյուս կողմից՝ սա ռոմանտիկ պատմություն է. արդեն ընտանիք կազմած Դորիսն ու Ջորջը հանդիպում են ամերիկյան պանդոկներից մեկում: Համակրում են մեկմեկու, ավելին՝ առանձնանում հյուրանոցի համարներից մեկում եւ որոշում ամեն տարի նույն օրը հանդիպել նույն տեղում: 25 տարի հանդիպելուց հետո, իհարկե, բեմադրության մեջ դեպքերը ներկայացվում են 5 տարին մեկ, Ջորջը, որ արդեն կորցրել էր կնոջը, ամուսնության առաջարկ է անում Դորիսին, որը մերժում է, ասելով, թե ինքն ունի սիրող ամուսին եւ երեխաներ… բայց դա չի խանգարում հետագա հանդիպումներին»:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ 500 հանդիսատեսի համար նախատեսված «Stars» թատրոնը երկու օրերի ընթացքում լեփ-լեցուն էր, հանդիսատեսի կարգավիճակում էին ամերիկաբնակ մեր արվեստագետ հայրենակիցները եւս. «Դերասան Լեւոն Շարաֆյանն ասաց, որ նման բարձրարվեստ բեմադրություն վերջին անգամ դիտել է 2004թ., Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի ժամանակ. դա եղել է Վահե Շահվերդյանի ռեժիսուրայով Շանթի «Հին աստվածները»: Պարոն Շահբազյանը նշեց, որ բեմադրություններից հետո հյուրընկալվել են հայկական TV-ներում եւ ներկայացմանն անդրադարձել է տեղի մամուլը: «Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը ողջունելով կոմեդիայի թատրոնի հյուրախաղերը՝ շնորհակալագրեր է շնորհել դերասաններին եւ թատրոնին, Հայ-ամերիկյան թատերահամերգային միության նախագահ Վիկտոր Մարտիրոսյանն էլ մրցանակներ է շնորհել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Կարո Շահբազյանը հայտնեց նաեւ, թե թատրոնը հրավեր է ստացել 2015թ. Լոս Անջելեսում ներկայացնելու Երվանդ Ղազանչյանի ռեժիսուրայով Շիրվանզադե-Սաթյանի «Մորգանի խնամին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Կարո Շահբազյանը (ձախից), Սաթիկ Հախնազարյանը եւ Արթուր Կարապետյանը՝ Լոս Անջելեսի հայկական TV-ներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ
29.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031