Լրահոս
Օրվա լրահոսը

Մտացածին եւ ուռճացված աղմուկ՝ դասագրքի շուրջ

Հոկտեմբեր 30,2014 14:00

Մեկնաբանում են Կրթության
ազգային ինստիտուտի աշխատակիցն ու հրատարակիչը

Վերջին շրջանում մամուլում եւ սոցցանցերում քննարկվում է մի բանաստեղծություն, որը զետեղված է 2009 թ. «Անտարես» հրատարակչության հրատարակած ագլերենի դասագրքի 14-րդ էջում: Դասագրքի հեղինակը Լուսինե Գրիգորյանն է: «Խնդրում եմ՝ մի թողեք ես գնամ դպրոց, /Ես ուզում եմ հեռու փախչել, /Ես ուզում եմ կյանքս վերջանա, /Ես տխուր ու զզվելի կյանք եմ ապրում, /Ես զգում եմ, որ մայրիկիս այս մասին չեմ կարող պատմել…»,- սա էլ հատված է այդ բանաստեղծությունից: Քննարկումներում հնչում է այն միտքը, թե իբր բանաստեղծությունը ինքնասպանություն է քարոզում:

«Առավոտը» դասագրքի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Դաստիարակության եւ լրացուցիչ կրթության բաժնի աշխատակից Նունե Թորոսյանից: Տիկին Թորոսյանը նշեց, որ բացի ԿԱԻ-ի համապատասխան մասնագետ լինելուց, ինքը նաեւ անգլերենի մասնագետ է, ինչն իրեն թույլ է տալիս կարծիք հայտնել դասագրքի մասին, որին քաջ ծանոթ է: «Բանն այն է, որ երբ համատեքստից ինչ-որ բան հանվում է, ու այդպես է մեկնաբանվում, հակառակ տպավորություն է ստեղծվում: Տվյալ պարագայում ամբողջ թեման նվիրված է փոխօգնությանը, ընկերությանը: Գրքում կան քննարկման հարցեր, խոսում են երեխաների հետ այն մասին, թե ինչ եք զգում, երբ ձեզ վիրավորում են, նեղացնում են: Հենց այդ համատեքստում են անցնում բանաստեղծությունը: Ընդ որում՝ նման բովանդակությամբ այլ բանաստեղծություններ էլի կան անգլերենում. երեխային դպրոցում նեղացնում են, ասում է՝ այնքան են նեղացնում, որ չեմ ուզում դպրոց գնալ, քիչ է մնում չուզենամ անգամ ապրել: Ընդամենը այսքանը: Այդ տարիքի երեխաների մեջ այդ պրոբլեմը կա, իսկ եթե պրոբլեմը կա, դրա մասին պետք է խոսել, վերլուծել, հարցնել, թե ինչ կզգայիք, եթե ձեր հանդեպ նման վերաբերմունք լիներ, ինչ պետք է անել, որ դուք եւ ձեր ընկերները լավ զգաք: Սրանք դաստիարակչական առումով շատ կարեւոր բաներ են, եւ թեման հենց դրան էլ նվիրված է, ու որեւէ ինքնասպանության կոչ, անվստահության ակնարկ՝ ծնողների հանդեպ, առհասարակ չկա, ընկերասիրություն է թեման քարոզում: Ես չեմ ուզում անդրադառնալ դասագրքին՝ որպես անգլերենի մասնագետ, դա այլ թեմա է, բայց այն, ինչի շուրջ այս աղմուկը բարձրացվել է, մի քիչ մտացածին է, ուռճացված եւ մարդկանց նպատակը չեմ հասկանում»,- ասաց ԿԱԻ մասնագետը: Նա հավելեց, որ քննարկողները պետք է մասնագետ լինեն, ինչ վերաբերում է դասագրքին, Նունե Թորոսյանի խոսքով. «Ուսուցիչը միայն տեքստ չի կարդում, նա նաեւ քննարկում է, ի՞նչ ուղով է տանում քննարկումը, այս ամենը նախ պետք է պարզել, հետո մեղադրել: Իմիջիայլոց, մենք դասեր ենք մտածել այն մասին, թե ինչպես են դպրոցում ուժեղները թույլերին ծաղրում, չէ՞ որ այդ թեման առկա է դպրոցում, եւ դրա մասին պետք է անպայման խոսվի, երեխաներին պետք է բացատրել, թե դա ինչով է վատ, իրենք իրենց փորձեն դնել այդ երեխաների տեղը, սա հստակ դաստիարակչական նպատակ է հետապնդում»:

«Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ եւս կապվեցինք, նա հաստատեց, որ իսկապես իրենց հրատարակչությունն է լույս ընծայել 6-րդ դասարանի՝ քննարկվող դասագիրքը: Պարոն Մարտիրոսյանը հայտնեց, որ ներկայումս «Անտարեսն» այդ հեղինակի հետ չի աշխատում, բայց նաեւ ասաց, որ գիրքը իրենք են տպագրել, հետեւաբար իրենք են պատասխանատու: Մյուս կողմից էլ, «Անտարեսի» նախագահը գտնում է, որ անհրաժեշտ են մասնագիտական վերլուծություններ՝ ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ, ոչ թե զոդողի կամ փականագործի տեսանկյունից՝ քննարկումներ. «Ցավոք, մեր առօրյայում ընդունված է՝ կրթական հարցերի վերաբերյալ հաճախ խորհուրդ են տալիս մարդիկ, որոնք ոլորտի հետ կապ չունեն, կամ մարդիկ, որոնք նույնիսկ իրենց ընտանիքը չեն կարողանում ղեկավարել, խորհուրդ են տալիս, թե ոնց պետք է երկիրը կառավարել»:

Պարոն Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց դասագրքի հեղինակին անդրադառնալուց, ասաց, որ նրա հետ այլեւս չեն համագործակցում, նա այլ հրատարակչության հետ է աշխատում, իսկ մրցակիցների մասին, նրա ասելով, կամ պետք է լավն ասել, կամ ոչինչ: Հրատարակիչը միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ չպետք է երեխաներին հեռու պահել ամեն ինչից. «Ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխան ինֆանտիլ մեծանա, բոլորն ուզում են, որ կյանք մտնելիս երեխաները պատրաստ մտնեն, այլապես, եթե երեխային հեռու ես պահում կյանքից, ու երբ գալիս է պահը, որ ինքը մենակ է մնում կյանքի հետ, սկսում են խնդիրները, եւ ծնողները ստիպված են լինում միջամտել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Հա դե հազիվ էլ նման բաները անտարեսը տպի: նաև ող մտածեն, թե դասագրքերում ինչ ախմախ բանաստեղծություններ են դնում նոր բանաստեղծներից, որոնցից շատերի գրականությունն ուղղակի նողկալի է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031