Լրահոս
Օրվա լրահոսը

«Դհոլային» հարթակն ու «չանձնավորված պայքարը»

Հոկտեմբեր 30,2014 14:15

Որքան էլ խորհրդարանի «ոչ իշխանական» ուժերը ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, թե Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն առաջնայինը, այլ ներքինը` Ազատության հրապարակում հոկտեմբերի 24-ին կայացած հանրահավաքն ունեցավ ազդանշաններ հենց «արտաքին» ճակատից:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը վերջապես գնահատեց Գագիկ Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի «պրոռուսական» ջանքերը: Դեսպանը, որը մի քանի ամիս առաջ խորհուրդ էր տալիս «չեզոքացնել» Հայաստանում ռուս-հայկական հարաբերություններում «սեպ խրող» ՀԿ-ներին, նկատեց Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի դրական վերաբերմունքը ԵՏՄ-ին ՀՀ-ի «անշրջելի» անդամակցության առիթով: Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ամենայն հավանականությամբ, չեն կարող էական ազդեցություն ունենալ երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նշել է Իվան Վոլինկինը հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հաջորդ օրը՝ ընդգծելով, որ ըստ հնչած ելույթների՝ գործնականում ոչ ոք դեմ չէ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը` բացառությամբ մեկ ուժի։

Պաշտոնական Մոսկվայի «համակրանքը» վայելելու ու նրա «ուշադրությանն» արժանանալու գործում ԲՀԿ նախագահն անվերջ «մայդանի» բացառման մասին հիշատակելով (կարծես օրուգիշեր Հայաստանում մայդանի կոչեր են հնչում), իսկ Տեր-Պետրոսյանը` ընդդեմ ԵՏՄ-ի հանդես եկողների իր հետեւողական պայքարով` նրանց մի քանի ելույթ նվիրելով, արժանին են մատուցում հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչին: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ մեր երկրի ինքնիշխանության կորուստը Տեր-Պետրոսյանն, օրինակ, համեմատում է ԵՄ անդամ բոլոր պետությունների «կորցրած ինքնիշխանության» հետ՝ այն դեպքում, երբ երկրները անդամակցում են ԵՄ-ին հանրաքվեներ անցկացնելով: «Մի խոսքով՝ գլխովին լծվելով Համաժողովրդական շարժման դեմ ծավալված պայքարին՝ մարգինալները դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները, որովհետեւ եթե ճիշտ է քաղաքական այբուբենի կարեւոր տարրերից մեկը հանդիսացող «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» բանաձեւը, ապա նույնքան ճիշտ է «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» բանաձեւը: Այլ կերպ մեկնաբանելու պարագայում դավաճանված կլինեն տրամաբանության կանոնները»,- ընդդեմ ԵՏՄ-ի հանդես եկողների իր խոսքն այսպես ամփոփեց Տեր-Պետրոսյանը։

Հիմք ընդունելով իրեն քննադատող «20-30 ջղաձգվողներին»` «մարգինալներ», «լուսանցքային ուժեր» ու «դհոլային ընդդիմություն» անվանելու «ոչ իշխանական» հարթակային բառապաշարը, «տրամաբանության կանոնները» չդավաճանելու մղումով, կարելի է ուրեմն եզրակացնել, որ «իշխանության բարեկամը» հենց այսպիսի «ոչ իշխանությունն» է, որը Հայաստանի ինքնիշխանության կորուստը համարում է «անշրջելի» ու Հայաստանի եվրասիական ուղին՝ գրեթե «դրախտ» մեր երկրի ապագայի համար: Իսկ ի՞նչ բառապաշար կարելի է օգտագործել այս ուժերին որակելիս: Իրենց իսկ բառապաշարն օգտագործելով` գուցե՞ Կրեմլի ինքնահռչակ «դհոլներ»…
Բայց քաղաքական պայքարի այս ցածր նշաձողը չէ այսօր կարեւորը՝ իրենց խնդիրն է: Առավել կարեւոր է, որ «ոչ իշխանական» ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն նկատի այնպիսի մանր-մունր «անշրջելի» գործընթացներ, որոնք առնչվելու են Հայաստանին` ԵՏՄ-ի անդամակցության ճանապարհին: «Մոտ ժամանակներս չենք պլանավորում»,- նշեց օրերս Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը՝ պատասխանելով «Ռեգնում»-ի հարցին՝ լուծվե՞լ է արդյոք Հայաստանի եւ ԼՂ-ի նոմինալ սահմանին մաքսավորների ներկայության հետ կապված հարցը: «Ես վերջերս նշանակել եմ ներկայացուցիչ Հայաստանում: Նա շուտով կժամանի Հայաստան: Ամենայն հավանականությամբ՝ նա կայցելի սահման, սակայն միջամտել հայ մաքսավորների աշխատանքին՝ մենք չենք ծրագրում: Այսօրվա դրությամբ գլխավոր հարցը աշխատանքային լեզվի հարցն է: ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի ՄՄ-ում մենք որպես աշխատանքային լեզու օգտագործում ենք ռուսերենը, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, օգտագործվում է հայերենը», – նշել էր Բելյանինովը:

Հաջորդ ուշագրավ նորությունը: Նոյեմբերի 17-ից Սիմֆերոպոլ-Երեւան ուղիղ ավիաչվերթ է իրականացվելու: Այս մասին առաջինը սեպտեմբերի 30-ին հայտնել էր ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին: Նոյեմբերից մեկնարկող այդ չվերթերի մասին տեղեկությունը հաստատել է «Գռոզնի Ավիա»-ի փոխադրումների ծառայության ղեկավար Տիմուր Շիմաեւը: Այսինքն` դեպի Երեւան կանոնավոր ուղիղ չվերթով ՌԴ-ից հետո Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որտեղից կանոնավոր թռիչքներ կիրականացվեն դեպի Ղրիմ: Մինչդեռ միջազգային բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Ղրիմ` ՌԴ-ի կողմից հայտնի գործողություններից հետո: Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը` ICAO-ն, եւ Եվրոպայում քաղաքացիական թռիչքները կարգավորող Eurocontrol-ը պահանջել են դադարեցնել դեպի Ղրիմ թռիչքները՝ թերակղզու օդային տարածքը ապահով չհամարելով: Ի՞նչ է սպասվելու Հայաստանին, եթե մենք այդ սահմանափակումները խախտենք, գուցե մեր երկիրը հայտնվի «սեւ ցուցակո՞ւմ»։ Գումարած` Հայաստանի հեղինակությունը, Արեւմուտքի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցը:

Բայց այսպիսի աննշան հարցերը «ոչ իշխանությանն», իհարկե, չեն հետաքրքրում, նրանք ավելի կարեւոր գործով են զբաղված: Օրերս պարզվեց, որ «եռյակի» քաղաքական օրակարգի «անկյունաքարը» արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բացատրում է, թե ինչու` «դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից եւ մայդաններից»: Եվ դեռ ավելին` բաց է իշխանության հետ երկխոսելու, բանակցելու դուռը, «ոչ իշխանությունը» կարող է պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց 12 պահանջները:

Իսկ ինչո՞ւ է ԲՀԿ-ն խուսափում «անձնավորված պայքարից», այսինքն` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Դրա պատասխանն էլ ունի ԲՀԿ-ական պատգամավորը. «Տեսեք, որտե՞ղ է, որ հարցերը չեն լուծվում։ Խորհրդարանում։ Մենք ասում ենք՝ փոխենք էդ խորհրդարանի ֆորմատը»։

Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են հասնելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Կարելի է, իհարկե, հուշել նրանց. «Ոչ իշխանությունը» պատրա՞ստ է վայր դնել մանդատները, դուրս գալ փողոց եւ հարթակից Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում «պարտադրել»: Սա կլինի «ամենահուժկու» տարբերակը:

Բայց արդյոք դա իրականանալի՞ է: Հարցն, իհարկե, հռետորական էր:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Narek says:

    Ծիտ հոդված էր, վերջն ավելի լավ էլ կարելի էր ավարտել

  2. Ettentc CHi says:

    Այտպես էլ չհասկացանք հոդվածագիրը հիմա համարում է, որ Ղրմը իրավունք ուներ ինքնորոշվելու և միանալու Ռուսաստանին թե ոչ, թե չի համարձակվում այդ մասին ասել: Ի՞սկ գուծե միջազգային կառույցներց վախենանք և նույնիսկ ավտոճանապարհներով չգնանք Արցախ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031