Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյան. «Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից»

Հոկտեմբեր 30,2014 19:05

Ռիչարդ Գիրագոսյանի կարծիքով՝ իսկական մարտահրավերն Ուկրաինայի խորհրդարանական ընտրություները չեն, այլ նրան հաջորդող ժամանակահատվածը:

«Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը ավելի շատ Ուկրաինայի համար էր, քան Հայաստանի»,-այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա Ուկրաինան համարում է  մրցակցության տարածք, որը հավասարապես մարտահրավեր է թե՛ Արեւմուտքի եւ թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Ռիչարդ Գիրագոսյանը կարեւորում է Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքը նրա համար այդքան էլ անակնկալ չէ. «Մենք տեսնում ենք նոր Ռադա, որն այսօրվա Ուկրաինայում կառաջացնի նոր քաղաքական իրականություն: Այս ընտրությունների եւ նոր խորհրդարանի կարեւորությունն այն է, որ առկա են եվրոպամետ ուժեր: Մենք տեսնում ենք նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, որոնք արդեն դառել են օրենսդիրներ: Կարեւոր է նաեւ, որ այսպիսով ավարտվեց մեկ կուսակցության իշխանությունը, մենք տեսնում ենք կոալիցիոն կառավարության կազմավորում»:

Նրա խոսքերով՝ իսկական մարտահրավերն Ուկրաինայի խորհրդարանական ընտրություները չեն, այլ նրան հաջորդող ժամանակահատվածը: Պարոն Գիրագոսյանը համարում է, որ ինչքան էլ Ուկրաինայի իշխանությունը դեմ լինի Պուտինի վարած քաղաքականությանը եւ որդեգրի եվրոպամետ քաղաքականություն, դա բավական չէ, որ նա ժողովրդավար լինի. «Ուկրաինայի ապագան կախված է արեւմտյան ֆինանսական աջակցությունից: Հաջորդ տարին ավելի  կրիտիկական կլինի՝ ռազմական ուժի հաստատական աճի առումով»:

Ռիչարդ Գիրագոսյանը համարում է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից եւ հասկանա Պուտինի հետ դաշնակցության սպառնալիքները, այն է՝ Հայաստանը զոհաբերելու է անկախությունը Եվրասիական միությանը, եւ նրա վրա ազդելու են Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները. «Հայաստանը պետք է նաեւ իմանա, որ Պուտինի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ վտանգավոր միտում ունի՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման առումով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031