Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն քառյակը լքելու ևս մեկ պատճառ էլ է ունեցել

Հոկտեմբեր 30,2014 19:33

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հարցազրույցով: Նա, մասնավորապես անդրադարձել է երկրում գոյություն ունեցող տնտեսական խնդիրներին, հավաստիացրել, որ պետք է վերջ դնել «փայ մտնելու ավանդույթին» ու շեշտել, թե «ինքը ետդարձի ճանապարհ չունի»:

Aravot.am-ը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց՝ որո՞նք էին այն հիմնական ուղերձները, որոնք պարունակում էր պարոն Ծառուկյանի հարցազրույցը և արդյոք մի քանի օր առաջ հարթակից հնչեցրած տեսակետերը պարզաբանման կարիք ունեի՞ն, որ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքից մեկ շաբաթ էլ չանցած հարցազրույց է տալիս: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը նշեց, թե չի ցանկանում մտնել եռյակի ռազմավարական խնդիրների մեջ ու ասաց. «Գագիկ Ծառուկյանը ծանր քաշային քաղաքական գործիչ է: Նա պատահական մարդ չէ, որ ես կռահեմ, թե ինքն ինչ է ուզում: Դա նրա մարտավարությունն է»:

Սակայն Գագիկ Ծառուկյանի նկարագրած «փակուղային»« իրավիճակի հետ ՀՀԿ-ական պատգամավորը համամիտ չէ. «Այսօր այդ մասին խոսելը վաղաժամ է, քանի որ գործադիր իշխանությունը, որը տվյալ պահին ամենակարևոր օղակներից մեկն է, բոլորովին նոր է ձևավորվել, և տեղաշարժեր նկատում եմ, ցանկություններ տեսնում եմ, որ ուզում են ամեն գնով աշխուժացնել տնտեսական ու քաղաքական կյանքը:  ԱԺ-ում բավականին աշխույժ քննարկումներ են գնում, փակուղին սովորաբար այն դեպքում է, լինում, երբ գործադիրն ու օրենսդիրը լճացում են ապրում»: Ողջունելով այն, որ եռյակի գործունեությունը օրենքի սահմաններում է, պարոն Հարությունյանը նշեց, թե «եռյակի գաղափարական ընդհանրությունը այնքան խախուտ է» ու մանրամասնեց. «Դա  ամենակարևորն է: Իմ  կարծիքով՝ համարյա քաղաքական ընդհանրություն չկա և ամեն բան սպասելի է: Գուցե ցանկությունների ընդհանրություն կա, բայց գաղափարական ընդհանրություն գոյություն չունի: Այդ դեպքում նման դաշինքները երկար կյանք չեն ունենում»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգված է, որ եռյակի այս պայքարից կարող է օգուտներ քաղել իշխանությունը: Մեր հարցին՝ փաստորեն, իշխանությանը օգտվելու տեղ եռյակը թողե՞լ է, դաշնակցական պատգամավորը պատասխանեց. «Երևի թե այո, քանի որ այս ձևով, այս պահվածքը կարող է նաև օգնել իշխանություններին, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտը ջլատելու, մասնատելու հարցում: Ինձ՝ որպես պատգամավորի, այդպես էլ պարզ չէ պահանջների այն  ամբողջությունը, որ այդ հանրահավաքին պիտի հնչեր: Ես չեմ ուզենա, որ ոչ միայն հասարակությունը հուսահատվի, այլ դրանից օգտվի իշխանությունը»:

Արծվիկ Մինասյանի համար ակնհայտ է, որ եռյակում տարակարծություններ կան. «Ընդհանրապես աշխատաոճը, որ ցուցաբերվում է, մենք գնահատում ենք ոչ ընդունելի: Պայմանավորվածություն խախտելը մեզ համար ընդունելի տարբերակ չէ»: Այնուհետև պարոն Մինասյանը հիշեցրեց, թե իրենք ունեին պայմանավորվածություն, որ 12 կետերի վերաբերյալ գնահատականը լինելու է  համաձայնեցված, ինչը չեղավ:Մեր հարցին, փաստորեն ՀՅԴ-ի՝ քառյակը լքելու միակ պատճառը սահմանադրական բարեփոխումների սկզբունքային հա՞րցը չէր, այլ ուրիշ պայմանավորվածություննե՞ր էլ էին խախտվել, պարոն Մինասյանը պատասխանեց. «Քառյակը ձևավորվել էր, որ եթե  կոնկրետ հարցերի շուրջ լինեն համաձայնություններ, այդ հարցերի շուրջ առաջ կգնան: Բայց երբ  այդ համաձայնությունը չի պահպանվում,  բնականաբար մեզ համար ընդունելի տարբերակ չէ: Խոսքը տասներկու կետերի գնահատման մասին է: Ինչ վերաբերում է հանրահավաքին չմասնակցելը, ապա այն հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ պետք է խոսեին սահմանադրական փոփոխությունները մերժելու մասին, ինչը մեզ համար ընդունելի տարբերակ չէր: բայց պայմանավորվածություն կար տասներկու կետերի վերաբերյալ համատեղ գնահատական տալու մասին, ինչը իրենք խախտեցին: Մենք այդ  ձևով չենք կարող աշխատել: Եթե դա նույն կերպ կշարունակվի արդեն իրենց շրջանակներում,  արդեն եռյակի ուժերը պիտի որոշեն իրենք այդ ձևով պատրա՞ստ են համագործակցել, թե՝ ոչ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031