Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու շտապօգնության բժիշկներին սպանվելու վտանգից փրկել են ոստիկանները. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2014 20:54

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Շիրակ»կիսաքանդ հյուրանոցի հետնամասում` Շիրակշին բանավան 227/ 106 հասցեում երեկ սպանություն էր տեղի ունեցել: Խնջույքի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով սպանել էին 1988 թվականին ծնված Արտյոմ Ադանալյանին: Խնջույքի մասնակիցներից բոլորը` թե՛ սպանվողի հայրը, թե՛ եղբայրն ու ընկերը եղել են հարբած վիճակում: Արտյոմի սպանությունից հետո դիակին լողացրել են` արյան հետքերը ծածկելու նպատակով ու նոր միայն զանգահարել շտապօգնություն: Շտապօգնության տեղ հասնելուն պես էլ սկսել են ծեծել բուժանձնակազմին, վնասել նաև շտապօգնության ավտոմեքենան` պատճառաբանելով, իբրև թե նրանք ուշ են տեղ հասել:

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը պատմեց, որ շտապօգնությունը կանչ ստանալուն պես 1 րոպե մի քանի վայրկյան հետո մեծ արագությամբ հասել է դեպքի վայր:Նշենք, որ դեպքի վայրն ու շտապօգնության շենքը բավական մոտ են իրար: Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, բուժանձնակազմը տեղ հասնելուն պես ականատես է եղել, որ հատակին մարմնական վնասվածքներով պառկած մոտ 25 տարեկան երիտասարդը արդեն մահացած է:

«Էդ խուլիգանությունն ու մարդասպանությունը, այլանդակ ընտանիքի այլանդակ բարքեր կարելի է համարել: Էդ մարդուն խփել, սպանել են, մենք չգիտենք ինչի համար են սպանել, և նրանք շարունակում են իրենց այլանդակ բարքերը, առանց հիմքի հարձակվել են, հարվածներ են հասցրել բուժքրոջը, բժշկին, վարորդին, մեքենային վնասներ են հասցրել: Չէ՞ որ այդ մեքենան կոչված է ոչ միայն նման անբարետես ընտանիքի անդամներին օգնելու, այլ կոչված է շատ նորմալ քաղաքացիների, որոնցով, Փառք Աստծո, շատ են մեր հանրապետությունը ու մեր Գյումրին, նաև այդ մարդկանց օգնելու»:

Մարզպետարանի պաշտոնյան ասում է, որ շտապօգնության մեքենային մոտ 200-300 հազար դրամի վնաս են հասցրել: «Ինձ էսօր անընդհատ հարցրել են, թե ի՞նչ վնասվածքներ ունեն բուժաշխատողները: Առաջին ամենամեծ վնասվածքը, որ նրանք ստացել են այն ծանր հոգեկան տրավման է և ձեռքերի դողը, որ ստացել են նրանց խուլիգանական արարքի, գործողությունների հետևանքով: Մի ընտանիք, որտեղ հայրը հարբած է մինչև վերջ, մի ընտանիք, որտեղ էն մի որդին հարբած է, մյուսն էլ սպանված հատակին է ընկած, էլ ի՞նչ եք սպասում էդ ընտանիքից…Իհարկե, ամենամեծ հարվածը ստացել են բուժաշխատողները. այն ծանր սթրեսը այդ խուլիգան ընտանիքի արարքի պատճառով»:

Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ բուժաշխատողներին այդ ընտանիքի անդամները մեծ վնասներ կհասցնեին, միգուցե և սպանեին, եթե ոստիկանության աշխատակիցները վրա չհասնեին: Առողջապահության վարչության պետը դիմում է իրավապահներին` խնդրելով խստագույն գնահատական տալ բուժաշխատողի նկատմամբ նման քստմնելի արարք, գռեհիկ ու կոպիտ վերաբերմունք ցուցաբերողներին: «Այստեղ կարևոր չէ մարմնական վնասվածքի չափը, բա հոգու սթրե՞սը, չէ՞ որ նրանց մոտ առաջանում են անդառնալի, անփոխարկելի հիվանդություններ, դա կարող է շքարային դիաբետի նման լինել, հոգեկան սթրեսներ լինեն…»:

Մանրամասները` տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031