Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՆԵՐ

Հոկտեմբեր 31,2014 10:19

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսաներկուերորդ

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՆԵՐ

Եվ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես կյանքիս մեջ փողի համար բանաստեղծություն չեմ գրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով Խորենին հարցրի՝ «բայց որ բանաստեղծություն գրելու համար քեզ հոնորար տային, կարող ա՞ հրաժարվեիր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մտքովս էլ չի անցել, որ բանաստեղծություն գրելու համար կարող ա ինչ-որ մեկն ինձ փող տա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ առաջ ա մտքովս անցել, ոչ էլ՝ հիմա», եւ ես հարցրի՝ «հիմա բանաստեղծություն գրո՞ւմ ես», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «հիվանդ ու պարապ մարդն ուրիշ ի՞նչ կարա անի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ դրանք ոչ թե բանաստեղծություններ են, այլ՝ մտորումներ ու զգացողություններ» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «կյանքի ու մահվան մասին» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «հիվանդ ու պարապ մարդն ուրիշ ի՞նչ կարա գրի», եւ չնայած Խորենն իսկապես շատ էր նիհարել ու հյուծվել, ես իրեն ասացի՝ «տեսքդ հեչ հիվանդի տեսք չի», եւ Խորենը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ուրիշին դուխ տալը շատ հեշտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «էդ հասարակ բանը վերջերս եմ հասկացել» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «վերջերս ուրիշ բան էլ եմ հասկացել», եւ ես հարցրի՝ «ուրիշ ի՞նչ ես հասկացել», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հասկացել եմ, որ մահից վախենում եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մահից բոլորն էլ վախենում են», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ես առաջ չէի վախենում» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ առաջ առողջ էի» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «համ հոգով, համ էլ՝ մարմնով», եւ ես մի քիչ մտածեցի ու Խորենին ասացի՝ «քեզ հեչ չի սազում», եւ Խորենը թախծոտ ժպտալով ասաց՝ «հիվանդությունը ոչ մեկին էլ չի սազում», եւ ես ասացի՝ «խեղճանալը քեզ հեչ չի սազում», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ կարծում թե՝ խեղճանալը որեւէ մեկին սազում ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քեզ հատկապես չի սազում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «առաջ դու էիր ուրիշներին հույս տալիս», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «պարզվում ա՝ ուրիշներին հույս տալը շատ ավելի հեշտ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով հարցրեց՝ «բայց ըտենց զգացվում ա՞», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Խորենը թախծոտ ժպտալով հարցրեց՝ «խեղճանալս ըտենց զգացվում ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ չի զգացվում», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «բա դու ո՞նց ես զգում», եւ ես զարմացած հարցրի՝ «ես ի՞նչ եմ զգում», եւ Խորենը պատասխանեց ու ասաց՝ «խեղճանալս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նոր դու էիր ասում», եւ Խորենը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ էի ասում», եւ ես ասացի՝ «ասում էիր, որ մահից վախենում ես», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մահից բոլորն էլ վախենում են», եւ ես ասացի՝ «բայց մի ժամանակ դու չէիր վախենում», եւ Հավատացյալը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ չէի վախենում», եւ ես ասացի՝ «նոր դու էիր ասում», եւ Խորենը զարմացած հարցրեց՝ «ըտենց բան ե՞մ ասել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «վերջերս ավելորդ բաներ շատ եմ խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վերջերս շատ եմ խոսում, դրա համար էլ ավելորդ բաներ շատ եմ ասում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ հետ ես շատ խոսում», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ինքս իմ հետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հես ա՝ քո հետ էլ եմ շատ խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «հազարից մեկ ենք իրար տեսնում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշների հետ էսքան շատ չեմ խոսում, դրա համար էլ էսքան ավելորդ բաներ չեմ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի ավելորդ բան չես ասել, Խորեն ջան», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ամեն մարդ ինքն ա զգում՝ իրա ասածներից որն է ավելորդ, որը՝ չէ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդհանրապես շատ խոսելը վտանգավոր բան ա», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա վտանգավոր», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան շատ ես խոսում, էնքան շատ ես ավելորդ բաներ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատախոսությունը թուլության նշան էլ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ուժեղ մարդիկ առանձնապես շատ չեն խոսում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուժեղն ու թույլը հարաբերական բաներ են» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «քո կարծիքով ո՞վ ա ուժեղ մարդ համարվում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ով որ քիչ ա խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խելոք մարդիկ էլ են սովորաբար քիչ խոսում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «քո կարծիքով՝ ո՞վ ա խելոք մարդ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ով որ քիչ ա խոսում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատախոսության ու քչախոսության մասին էս փիլիսոփայությունդ լրիվ նորություն ա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «նոր եմ հասկացել, որ կարեւորը ոչ թե մարդու խոսքն ա, այլ՝ գործը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «խոսքը քամու պես բան ա՝ հնչում ա ու անհետանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց գործը մնում ա՝ չի անհետանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ բոլոր խոսքերն են անհետանում. մնայուն խոսքեր էլ կան», եւ Հավատացյալը երանությամբ ժպտալով ասաց՝ «մենակ Աստծո խոսքն ա մնայուն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց պատահում ա՝ մարդիկ էլ են մնայուն խոսքեր ասում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞ր մարդիկ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «թեկուզ բանաստեղծները» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «որոշ բանաստեղծների որոշ բանաստեղծություններ մնայուն արժեք են դարձել ու միշտ հիշվում են», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «օրինակներով խոսենք»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031