Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը զարմացել է, որ Հովիկ Աբրահամյանը մեղքը գցել է նախարարի վրա

Հոկտեմբեր 31,2014 11:39

«Շատ հաշմանդամներ կան, որ կենդանուց վատ վիճակում են ապրում»,- նախարարին դժգոհեց պատգամավորը

Այսօր սոցիալական ոլորտում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց. «Երբ ձեւավորվեց այս կառավարությունը, ինձ համար մտահոգիչ էր, որ ծնելիության խթանման փիլիսոփայությունը ծրագրից հանվեց: Երեկ զարմացա, երբ կառավարության ղեկավարը գերատեսչության ղեկավարի վրա էր մեղքը գցում հղիների նախագծի հետ կապված, երբ ինքն էր հաստատել այն: Ինչո՞վ է ավարտվելու այդ նախագծի ճակատագիրը»:

Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ ծնելիության խթանման փիլիսոփայությունը կառավարության ծրագրի հիմնական բաղկացուցիչ մասն է. «Դրա ուղղությամբ առարկայական աշխատանքներ են տարվում»:

Հեղինե Բիշարյանը դժգոհեց. «Երկրորդ երեխայի հետ կապված մշտապես այդ 50 հազարը առաջարկում ենք բարձրացնել: Առաջինն էլ է 50, երկրորդն էլ, երրորդից նոր՝ միլիոն: Ես կառաջարկեի, որ 3-րդ եւ 4-րդ երեխայի դեպքում լիներ 950 հազար, բայց երկրորդ երեխայի դեպքում գոնե լիներ 100-150 հազար»:

Ըստ Արտեմ Ասատրյանի, ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործողությունները բազմաթիվ եւ բազմապիսի են, եւ մեկ քայլով չենք կարող կարճաժամկետ հատվածում ինչ-որ բան փոխել. «3-րդ երեխան է, որ ապահովում է արդեն վերարտադրությունը ընտանիքի: Դա նաեւ ժողովրդագրական նշանակություն ունեցող է: Իհարկե, հասկանալի է, որ պետք է առաջիննն ու երկրորդը ունենալ, որպեսզի նաեւ երրորդը ունենալ»:

Հեղինե Բիշարյանը նաեւ Խարբերդի մանկատան եւ սոցիալական հաստատությունների պայմաններից դժգոհեց. «Գիշերօթիկների վիճակը վատ է, չեն բավարարում միջոցները: Հաշմանդամ ունեցող գիշերօթիկներում ոչ միայն ապրում են անչափահասները, այլեւ չափահաս հաշմանդամները, Խարբերդում ունենք 30-40 տարեկան անձինք անգամ, մարդիկ են, որոնց ընտանիքները չեն տանում: Ես առաջարկություն ունեմ կառուցել սոցիալական տներ: Դպրոցներ կան, որոնք չունեն հաճախող երեխաներ, բազմաթիվ շենքեր կան մարզերում, որ չի օգտագործվում, չե՞նք կարող սոցիալական տներ կառուցել, ինչը աշխարհում ուշադրության կենտրոնում է: Ինչպե՞ս կարող են 10 տարեկան հաշմանդամների հետ 30-40 տարեկանները ապրել՝ նույն ֆինանսավորմամբ: Շատ հաշմանդամներ կան, որ կենդանուց վատ վիճակում են ապրում: Չեմ ուզում հուզումնալից բաներ ասել, ասում եմ ճշմարտությունը»:

Նախարարը չհամաձայնեց գիշերօթիկների պայմանների հետ կապված հնչած գնահատականներին. «Համաձայն չեմ, որ գումարները չեն բավարարում, այդպիսի խնդիր չկա: Գիշերօթիկում պետբյուջեով ապահովվում է բոլոր պայմանները, որ այնտեղ գտնվող երեխաները ստանան ամբողջական փաթեթով պետական աջակցություն: Գիշերօթիկներում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Մենք ուզում ենք ընտանիքների կարողությունը մեծացնելով՝ երեխային հետ վերադարձնենք ընտանիք: Ֆիզիկական արատ ունեցող անձանց մասով ունենք այդ խնդիրը, հատուկ հաստատություններում գերբեռնված վիճակ ունենք: Առաջիկայում երեխաների իրավունքների պաշպանության ոլորտի շրջանակներում նախատեսվում է, որ պետք է վերափոխվեն ու դառնան այդ կենտրոնները վերականգնողական կենտրոններ: Խարբերդի մանկատան խնդրի հնարավոր լուծումն է նախատեսվում նաեւ այս շրջանակներում»:

Ըստ Հեղինե Բիշարյանի, պետական քաղաքականություն պետք է լինի սոցիալական տուն ստեղծելը, համայնքները չեն կարող դա իրենց բյուջեի հաշվին անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031