Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլայ Ռիժկովը փորձել է անհաջող փաստարկներ բերել»

Հոկտեմբեր 31,2014 18:44

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի ԱԺ եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի` Ղրիմ-ԼՂՀ համեմատությունները համարում է անհամաչափ:

Հիշեցնենք, որ Ռիժկովը չէր ցանկացել համեմատել ԼՂՀ-ն ու Ղրիմը` պնդելով, որ էական տարբերություն կա. «Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մե՞նք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմի մեջ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք ո՞չ, մի մտեք ձեր հայրենի տարածք»:

«Ակնհայտորեն անհամաչափ, բացարձակ հիմնազուրկ փաստարկ է բերել: Շատ ավելի երկար, եթե ոչ մի քանի հարյուր տարի, ինչպես Ղրիմի դեպքում է, ապա մի քանի հազար տարի առաջ Ղարաբաղը բնակեցված է եղել հայերով, կազմել է հայոց թագավորության մաս: Լավ կլինի` Ռիժկովը ծանոթանա հնագույն Հայաստանի քարտեզներին, տեսնելու համար, թե որտեղ են ավարտվում Հայաստանի սահմանները: Ընդհուպ այն ժամանակ, երբ չկար Ռուսաստան, ռուսական կայսրություն եւ նույնիսկ` Ղրիմ: Եթե խոսվում է Խրուշչովի կողմից անսթափ վիճակում Ղրիմը Ուկրաինային փոխանցելու մասին, ապա արժե խոսել, որ չափազանց սթափ վիճակում եւ չափազանց հեռահար հաշվարկներով, մահմեդական աշխարհի աջակցությունը համաշխարհային հեղափոխության գործում ստանալու եւ նաեւ Ադրբեջանին պարգեւատրելու համար իր խորհրդայնացման դիմաց, Ստալինը չափազանց սթափ հանձնել էր Ադրբեջանին , հետեւաբար պարոն Ռիժկովը կամ ակնհայտորեն չի տիրապետում պատմական իրադարձություններին կամ փորձել է անհաջող փաստարկներ բերել: Թերեւս, մի հարցում կարելի է համաձայնել Ռիժկովի հետ, որ Ղրիմն ու լեռնային Ղարաբաղը տարբեր են այն առումով, որ Ղարաբաղը ինքնորոշման առումով օրինակելի նախադեպ է սառը պատերազմից հետո, իսկ Ղրիմը դրա թատերականացված ներկայացումն էր, իսկապես ռուսական ներխուժում էր»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Նա Ռիժկովի նման տեսակետը եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստեղծված քաոսով է պայմանավորում.«Որովհետեւ եթե բարձրացվի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետեր տեղադրելու խնդիր, ապա նույն մոտեցումը պետք է կիրառվի Ռուսաստանի պարագայում` Ղրիմի սահմանին: Հետեւաբար, այդ դիրքորոշումը կապ ունի հասունացող այն մեծ բանավեճի հետ, որը չի դրվել Հայաստանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրից առաջ, բայց սպառնում է ժայթքել ապագայում, եթե որեւէ մեկը` ասենք Ղազախստանը, բարձրացնի նման խնդիր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031