Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ աշուն, ջան աշուն

Նոյեմբեր 03,2014 11:09

Ոչ իշխանական եռյակն ու էլի ուրիշներ շարունակում են պնդել թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ – ն որոշել են փոփոխության ենթարկել գործող Սահմանադրությունը, որպեսզի այդ կերպ երկարաձգեն և նույնիսկ հավերժացնեն իրենց իշխանությունը: Ոչ ոք ավելի մանրամասն ու մանրակրկիտ ոչինչ չգիտի: Միայն այն գիտենք, որ ոչ իշխանական եռյակն ու ոչ իշխանական մյուսները սահմանադրական փոփոխությունների դեմն առնելու միանգամայն վճռական գործընթաց են սկսել և վճռականորեն հայտարարում են, որ եթե ՀՀԿ – ն ու Սերժ Սարգսյանը ձեռ չքաշեն սահմանադրական փոփոխությունների մտքից, իրենք արդեն իշխանափոխության գործընթաց կսկսեն:

Փաստորեն, իշխանափոխության գործընթացի նախնական փուլն իրենք արդեն սկսել են. խոսքը վերաբերում է քառյակից եռյակի վերածված ոչ իշխանական ուժերի մարզային հանրահավաքներին, որոնց գագաթնակետը հանդիսացավ մայրաքաղաքի առաջին բազմամարդ հանրահավաքը, որի ընթացքում մարդկանց հետաքրքրող որոշ պարզաբանումներ մատուցվեցին: Ընդ որում, պարզաբանումներ մատուցողը, ինչպես միշտ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր – Պետրոսյանն էր: Ասածս պարզաբանումները կարող ենք նաև անակնկալներ անվանել և կարող ենք ասել, որ այդ երկու անակնկալներն էին մայրաքաղաքային առաջին հանրահավաքի հիմնական մեխերը:
Առաջին նախագահի մատուցած առաջին անակնկալն այն էր, որ նա ի լուր հանրահավաքի մասնակիցների հայտարարեց, որ եռյակի վերածված ոչ իշխանական քառյակը վերստին վերածվել է հրաշալի քառյակի՝ շնորհիվ ՀԺԿ-ի ներգրավման: Կարծում ենք՝ նման անակնկալներ առաջիկայում ևս կմատուցվեն դիտորդներիս, և մենք կունենանք ոչ իշխանական ուժերից բաղկացած հրաշալի յոթնյակ, ութնյակ և այլն:

Մայրաքաղաքային հանրահավաքում առաջին նախագահի կողմից մատուցված երկրորդ անակնկալն այն էր, որ իրենց հրաշալի քառյակի դռները փակ են հատկապես Ռոբերտ Քոչարյանի ու Արթուր Բաղդասարյանի առաջ:

Սա այնքանով կարելի է անակնկալ համարել, որ չերեզ ԲՀԿ և անձամբ Գագիկ Ծառուկյան՝ երկրորդ նախագահը, հնարավոր է, անմիջական առնչություն ունենա ոչ իշխանական «հրաշալիների» հետ: Առաջին նախագահի կողմից երկրորդի բացառման հանգամանքն ինչ – որ առումով պատասխանն էր նաև այն հարցի՝ ինչու դաշնակցությունն ի սկզբանե լքեց քառյակը: Հնարավոր է նաև, որ դաշնակցականները որոշակի հարցերում ընդհանուր լեզու գտած լինեն գործող նախագահի հետ:

Իսկ միգուցե դաշնակցականներն իսկապե՞ս ուզում են Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնել: Հնարավոր է, որ իսկապես ուզում են, բայց չեմ կարծում, թե դա էր դաշնակցականների՝ քառյակը լքելու հիմնական պատճառը:

Նաև չեմ կարծում թե՝ քառյակը չլքած մյուսների ուշքն ու միտքը նախագահական հանրապետությունն է, մանավանդ որ՝ նախագահական հանրապետությունն իր սահմանադրությամբ մեզ առայժմ ոչ մի լավ բան չի խոստանում:

Այսինքն, խնդիրը ոչ թե նախագահական կամ ոչ նախագահական հանրապետությանն է վերաբերում, այլ՝ այն ղեկավարողներին, և որևէ սահմանադրություն չի կարող կատարյալ լինել, եթե այն չի կիրառվում:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930