Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջակ, անտաղանդ մարդկանց բարկացնում է, որ իրենց ոհմակում չես»

Նոյեմբեր 07,2014 14:00

Հարցազրույց դերասան, ռեժիսոր-պրոդյուսեր Արթուր Էլբակյանի հետ

-Դուք առաջին անգա՞մ էիք մասնակցում UNITED SOLO ամերիկյան փառատոնին, Ձեր տպավորությունները:

– Այս փառատոնին, այո, մասնակցում էի առաջին անգամ: Եվ թող անհամեստ չթվա, որքանով ես տեղեկացված եմ, մինչ այժմ ոչ մի հայ դերասան Նյու Յորքի բեմում որեւէ փառատոնի շրջանակում չի խաղացել ամերիկյան հանդիսատեսի համար: Ես նկատի ունեմ հենց ամերիկյան հանդիսատեսի համար եւ ոչ հայկական համայնքի: Դրանք տարբեր բաներ են:

Ինչ վերաբերում է UNITED SOLO-ին, այս փառատոնը համարվում է մոնո կամ սոլո ներկայացումների աշխարհի ամենամեծ փառատոնը:

Հարյուր երեսուն մասնակից կար աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ, Անգլիա, Զելանդիա, Լեհաստան, Գերմանիա, Թուրքիա: Բայց գերիշխողը ամերիկյան մասնակիցներն էին: Հատկապես շատ մեծ էր Նյու Յորքի մասնակիցների ցանկը: Տպավորություններս շատ ջերմ են: Փայլուն կազմակերպված փառատոն է՝ ժամանակակից թատերական արվեստի, զանազան հոսանքներ ներկայացնող դերասաններ եւ բեմադրողներ, 130 նոր անուն թատերական գործ-պիես:

Ինչո՞ւ նոր: Որովհետեւ փառատոնին մասնակցելու կարեւոր եւ գլխավոր նախապայմաններից մեկը հենց նա է, որ մինչ փառատոնում ընդգրկվելը կազմակերպիչների քննությանը հարկավոր է ներկայացնել ոչ մի տեղ չխաղացված ու չբեմադրված թատերական գործ: Եվ կազմակերպիչների հավանությունը ստանալուց հետո միայն կարող ես անցնել հաջորդ փուլ… Իմիջիայլոց, Նյու Յորքի 42-րդ թատերական փողոցում գտնվող THEATRE ROW թատրոնի շենքում ամեն օր տարբեր ժամերի խաղացվում էր երկու կամ երեք փառատոնային ներկայացում: Ամեն մի մասնակից հնարավորություն ուներ խաղալ մի քանի անգամ: Դա կախված էր նրանից՝ վաճառվե՞լ են, արդյոք, քո առաջին կամ երկրորդ ներկայացման տոմսերը: Ես իմ ներկայացումը խաղացի երկու անգամ: Նման հաջողության արժանացավ եւս մի քանի մասնակից: Բացառությամբ այն տասը տոմսերի, որ մենք գնել էինք մեր կողմից հրավիրված հյուրերի համար, մնացածը սպառել էին օտարազգի ներկայացուցիչներ: Շատ ուրախ էի ներկայացումից հետո հանդիպել ինձ շատ սիրելի երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանին, դերասանուհի Նորա Արմանիին, իմ համակուրսեցի Մարինե Թունյանին, Դավիթ Չախմախչյանին: Շնորհակալ եմ բոլորին ջերմ ընդունելության եւ իրենց գնահատականների համար: Հատկապես ռուսալեզու մամուլի եւ հեռուստաալիքների ուշադրությունն էր մեծ իմ ներկայացման հանդեպ: Մեծ հարցազրույց տվեցի НТВ-АМЕРИКА ալիքին եւ «Комсомольская правда» շաբաթաթերթին:

Ներկայացմանը քանիցս անդրադարձավ Broadway World կայքը:
Եվ կարծում եմ՝ փառատոնի ավարտից հետո կկարդանք նաեւ վերլուծական հոդվածներ ամերիկյան թերթերում: «Իմ խելագար Շեքսպիրը» այլ երկրներում խաղալու մի շարք հրավերներ ունեմ…

– Ո՞րն էր Ձեր՝ «Իմ խելագար Շեքսպիրը» մոնոներկայացման ուղերձը:

– Այս պիեսը մտորում է, ընտրություն է… Ընկերների ջանքերով հոգեբուժարանում հայտնված հերոսը զուգահեռներ տանելով այսօրվա եւ շեքսպիրյան ժամանակների միջեւ՝ մտորում է եւ հասկանում, որ ոչինչ չի փոխվել կյանքում: Թե այն ժամանակ, թե այսօր սերը՝ սեր է, ատելությունը՝ ատելություն, դավաճանությունը՝ դավաճանություն: Եվ, ցավոք, գերիշխողը միշտ միջակությունն է: Միջակ, անտաղանդ մարդկանց միշտ բարկացնում է այն, որ դու իրենց նման չես, իրենց ոհմակում չես:

Այդ գորշ, անտաղանդ միջակությունները հավաքվում են ոհմակում, երկար քննարկում են քեզ ու բամբասում: Նրանց նպատակն է ծաղրել քո արած ամեն բան, որպեսզի իրենք մի կերպ երեւան: Հեշտ է անվանել մեկին խելագար, քան խոստովանել ինքդ քեզ, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում:

Մնալ հոգեբուժարանո՞ւմ, որտեղ քեզ պես նորմալ մարդիկ են փակված, թե՞ վերադառնալ մի միջավայր, որտեղ չկամություն է, հանդուրժողականություն, դավաճանություն, ստորություն ու ոգու սով: Թերեւս սա է պիեսի գլխավոր մտորումը:
Իսկ ընտրությունը ըստ Շեքսպիրի՝ «Լինել, թե չլինել»:

– Այսօր ի՞նչ է պակասում թատրոնին՝ թարմ գաղափարնե՞ր, ճի՞շտ լսարան, ներկայացումներից հետո համապատասխան վերլուծությո՞ւն, թատերական քննադատնե՞ր:

-Թատրոնին ոչինչ էլ չի պակասում եւ ոչինչ երբեք չի պակասել: Թատրոնը կամ լինում է հետաքրքիր, կամ էլ չի լինում: Մնացած ամեն բան, պարապ խոսքեր եւ խոսակցություններ են՝ ինչ-որ մի կերպ արդարացնելու իրենց հետաքրքիր չլինելը: Ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը, ունի իր լսարանը:

– Դուք հիմնադրել եք «Թատրոն-13»-ը, որի բացմանը ներկա է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այսօր որեւէ նոր նախագծի հիմնադրման առիթով կուզենայի՞ք նրան կամ այլ նախագահի տեսնել հրավիրյալների թվում:

– Ինչո՞ւ ոչ: Ինձ համար, թե նախագահ, թե նախարար առաջին հերթին հանդիսատես է: Դա լավ առիթ է՝ քո խոսքը ասելու: Դա լավ առիթ է՝ շփվելու թեկուզ եւ բեմից: Դա հիանալի հնարավորություն է ասել եւ ցույց տալ բաներ, որոնց մասին երեւի նախագահներն էլ չգիտեն կամ տեղյակ չեն: Կարծում եմ՝ նախագահների այցը ցանկացած թատրոն ողջունելի է: Դա նաեւ դիտվում է որպես կարեւոր ուղերձ իշխանավորներին, որ թատրոնների նկատմամբ լինեն ուշադիր:

– Ի՞նչ էքսպերիմենտի երբեւէ չեք դիմի կյանքում եւ արվեստում:

– Առանց այն էլ մեր կյանքը մի մեծ էքսպերիմենտ է, ուստի այն ինչո՞ւ էլ ավելի խճճել ու բարդացնել: Եվ հետո, արվեստում էլ կարծես ինձնից առաջ արդեն բոլոր էքսպերիմենտներն արվել են:

Ուստի նախընտրում եմ առանց ցնցումների ապրել եւ ստեղծագործել:

– Հնարավո՞ր է որեւէ նախագիծ Հայաստանում իրականացնեք:

– Իհարկե, հնարավոր է, եւ համոզված եմ, որ մի օր դա կլինի: Ասեմ, որ իմ լավ ընկեր Արթուր Սահակյանից, որը ինձ երկար ժամանակ համոզում է բեմ վերադառնալ՝ ստացել եմ շատ հետաքրքիր մի առաջարկ: Ուղղակի մենք երկուսս էլ հասկանում ենք, որ ցանկացած նախագիծ չպետք է լինի ինքնանպատակ:

– Չե՞ք կարոտում Ձեր դիպլոմային աշխատանքի Զիմզիմովին, չէ՞ որ կրկին վերադարձել են նրանց ժամանակները:

– Մեր կուրսի ղեկավար Խորեն Աբրահամյանը շատ հետաքրքիր ավարտական ներկայացում բեմադրեց այն ժամանակ: Մինչ բեմադրելը մոտ երկու ամիս ինձ տրամադրում էր, որ հենց ե՛ս պետք է խաղամ Զիմզիմով: Երկար զրույցներ ենք ունեցել: Ես ավելի շատ դա եմ հիշում՝ ավելի շատ փորձերն ու զրույցներն եմ հիշում, քան թե իմ խաղացած Զիմզիմովին: Ինչ վերաբերում է զիմզիմովներին, ապա ասեմ, որ միշտ էլ նրանց ժամանակներն են եղել: Թե երեկ, թե այսօր եւ թե վաղը: Նրանք ոչ մի տեղ չեն հեռացել, որ վերադառնան՝ նրանք միշտ կան:

– Հետաքրքիր է, ըստ Ձեզ՝ հայի արարած արվեստում հայկական հետքը երեւո՞ւմ է, օրինակ, Ձեր ներկայացումից օտարը կզգա՞, որ հայ եք…

– Լսեք Արամ Խաչատրյանի գործերը: Նրա բոլոր գործերում զգում ես հային:
Իսկ Վիլյամ Սարոյանը գրել է. «Հայերեն չեմ գրում, բայց նայում եմ աշխարհին հայերեն»: Ես էլ աշխարհին նայում եմ հայերեն ու հայի աչքերով:

«Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացումից հետո ինձ մոտեցավ մի հայտնի ամերիկացի թատերագետ: Նա շնորհակալություն հայտնեց ներկայացման համար եւ ասաց հետեւյալը. «Հայերենը բացառիկ գեղեցիկ եւ երաժշտական լեզու է»…

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ www.broadwayworld.com

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սեդա says:

    Ափսոս, որ Ձեզ հետ որոշ ռեժիսորների պես պալատական թատերագետ չեք տանում, որ Ձեզ գովերգի:

  2. Հայկ Սողոմոնյան says:

    Վերջապես նորմալ զրույց կարդացի: Շնորհակալություն Գոհարին և Արթուրին:Ես Ձեզ հիշում եմ: Հիշում եմ Ձեր թստրոն 13-ը: Ավելի շատ հիշում եմ Ձեր Ուրբաթ գիշերները Ար հեռուստատեսությունում: Հաջողություն եմ մաղթում Ձեր ներկայացմանը: Բերեք Երևան:

Պատասխանել Սեդա

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930