Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ աշունն ամփոփելու համար մեզ մնում է մի քիչ էլ սպասել

Նոյեմբեր 13,2014 17:30

Սերժ Սարգսյանը օրերս այցելեց «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ եւ շնորհավորեց աշխատակիցներին «Արեալ» արագացուցչի գործարկման առթիվ: Ինչ խոսք, ուրախալի է, որ մոտ 13 տարի առաջ մեկնարկած այս ծրագիրը մտավ գործնական փուլ: Չնայած նախագծի արդիականության եւ երկրի համար կիրառական նշանակության վերաբերյալ մինչ այս կարդացածս հակասական կարծիքներին՝ ուզում եմ հուսալ, որ երկրի գոնե գիտական ոլորտում դրական տեղաշարժեր կլինեն:
Այցի ավարտին պարոն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրեսին»: Պատասխանների ծավալից դատելով՝ ակնհայտ է, որ ամենեւին «ոտքի վրա» արված հարցուպատասխան չէ, այլ հատուկ պատրաստված նյութ, որտեղ «Քենդլ»-ին անդրադարձը ամենակարեւոր մասը չէ: Առիթն օգտագործելով՝ պարոն Սարգսյանը շոշափել է նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու (այո, այո, մի՛ զարմացեք, հարցը հենց այդպես է ձեւակերպված, ինչին պատասխանողը չի առարկում, չի ասում, որ Մաքսային միությանը չէ, որ անդամակցելու ենք) եւ, որն ամենակարեւորն է, ներքին քաղաքական զարգացումներին:

Չնայած հարցազրույցի ընդհանուր ցածր որակին՝ այնուամենայնիվ, նույն հերթականությունը պահպանելով՝ անդրադառնանք պարոն Սարգսյանի պատասխաններին:

«Քենդլ»-ի «Արեալի» վերաբերյալ պարոն Սարգսյանի գնահատականը հետեւյալն է՝ «…սա Հայաստանի գիտական հանրության ե՛ւ հաջողությունն է, եւ նոր հնարավորությունը»: Եվ ընդհանրապես, պարոն Սարգսյանը, ի հակադրություն Հայաստանի գիտության աղետալի վիճակի մասին մեր պատկերացումների, կարծում է, որ վերջին տարիներին հայ գիտնականների հրապարակումներն ու դրանց վրա այլազգի գիտնականների հղումների քանակը խոսում են այն մասին, որ «Հայաստանի գիտական ներուժը մեծ է, եւ այս ներուժը պետք է զարգացնել»: Ուրախալի է, որ պարոն Սարգսյանը վերջին տարիների հրապարակումների հիման վրա բարձր է գնահատում Հայաստանի գիտական ներուժը, բայց տարակուսելի է, որ խոսում է ոչ թե այդ ներուժի օգտագործման, այլ, չգիտես ի՞նչ նպատակով, հետագա զարգացման մասին: Ընդհանրապես լավ կլիներ ինստիտուտ այցելած երկրի փաստացի ղեկավարից իմանայինք, թե գործնականում ի՞նչ է տալու երկրին այդ նախագծերի իրագործումը, քանի՞ նոր աշխատատեղ կունենանք, դրսից ու ներսից որքա՞ն պատվերներ կլինեն, ի՞նչ գումարների ներհոսք կարելի է սպասել այդ պատվերների կատարումից:

Մնում է միայն կռահել՝ այցի ընթացքում հետաքրքրվե՞լ է արդյոք պարոն Սարգսյանը այդ հարցերով եւ, եթե այո, ապա ինչո՞ւ չի խոսում այդ մասին:

Իմիջիայլոց, մի հարց էլ տամ: Պարոն Սարգսյանը կամ իր այցը նախապատրաստած օգնականները ուշադրություն դարձրե՞լ են մեր հարգելի հայ գիտնականների, ես կասեի՝ բոշայական մոտեցմանը նախագծերի անվանումներին: Ե՛վ «Քենդլ»-ը (անգլերեն նշանակում է մոմ, CANDLE – Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission), ե՛ւ «Արեալ»-ը (Advanced Research Electron Accelerator Laboratory) նախագծերի անգլերեն դզած-փչած անվանումների հապավումներ են: Իսկ «Քենդլ»-ի կայքէջում (https://candle.am/) հայերեն տառ անգամ չեք գտնի: Ակամա հիշեցի, որ խորհրդային տարիներին Ալիխանյանների կառուցած արագացուցչի անունն էլ ռուսերեն անվան հապավում էր, բայց գոնե ԱրՈւս բարեհունչ անունն էր ստացել:
Անցնենք հաջորդ հարցին: «Արմենպրեսը» հարցնում է՝ ի՞նչ փուլում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը:

Այս օրերին հայաստանյան ողջ մամուլը ողողված է պարոն Սարգսյանի միանձնյա որոշման հետեւանքով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու անխուսափելի վատ հետեւանքների մասին հրապարակումներով, աշխարհի հզոր պետությունների սանկցիաների տակ կքած Ռուսաստանում գահավիժում է ռուբլին, տենդի մեջ է տնտեսությունը, նվազում են այնտեղից Հայաստան եկող տրանսֆերները, իսկ երկրի փաստացի ղեկավարը պիոների ոգեւորությամբ զեկուցում է, որ «հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհային քարտեզի կետերն իրականացնելու» ուղղությամբ, որ «այս անգամ եւս Հայաստանը հանդես եկավ որպես պատասխանատու գործընկեր»: Հեյ, հեյ, հեյ, ինչպես կգոչեր Ֆրունզիկ Մկրտչյանի հայտնի հերոսը: Հարգելիս, քո կառավարության անդամներն են արդեն խոսում վտանգների, պրոբլեմների ու անդրկուլիսային հակասությունների մասին: Նազարբաեւի ակնարկը Ղարաբաղի եւ մեր սահմանների վերաբերյալ ինչ-որ փոխզիջման մասին այդպես էլ առեղծված մնաց հասարակության համար: Իսկ երկրի փաստացի ղեկավարը հասարակությանը բացատրություններ տալու, անհանգստություններն ու կասկածները փարատելու փոխարեն՝ ներկայացնում է մեզ պրոցեսի անշրջելիության վերաբերյալ իր ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը: Դե արի ու մի ասա՝ սպանեցիք թողեցիք էլի ձեր անշրջելիությամբ:

Անցնենք երրորդ ու վերջին հարցին, տեսնենք, թե ի՞նչ է ասում պարոն Սարգսյանը «ներքին քաղաքական գործընթացների, ոչ իշխանական եռյակի պահանջների, հանրահավաքների եւ հայտարարությունների վերաբերյալ»:

Նախ, պատասխանում ոչ մի անդրադարձ չի անում երեւանյան բազմամարդ երկու ցույցերին, շարժման շտաբների բացման սկսված գործընթացին կամ հարթակից հնչած (թե՞ այդպես էլ չհնչած) իր հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների պահանջներին:
Փոխարենը պարոն Սարգսյանը վերակենդանացնում է արդեն հոգին ավետած խորհրդարանական քառյակին եւ նրանց մշակած 12 կետանոց պահանջները: Այն պահանջները, որոնք եռյակն արդեն իսկ ամփոփել ու դեն է նետել՝ գնահատելով չկատարված ու ժամկետանց, իսկ կառավարության պատասխանները որակելով որպես ծաղր:

Հիմա պարզ չէ՝ եռյակի շարժման լիդերի հետ համաձայնեցնելով, թե ոչ, պարոն Սարգսյանը առաջարկում է նորից անդրադառնալ այդ չարչրկված պահանջներին: Պարզվում է՝ նա արդեն իսկ առաջարկել է իր կառավարությանը վերանայել այդ 12 կետերը: Առաջարկում է եռյակի հետ միասին կետ առ կետ, հերթականությամբ նորից քննարկումներ ծավալել ամեն կետի վերաբերյալ: Ամեն կետի համար առանձին «փոքրիկ ճանապարհային քարտեզներ» ստեղծել, ժամկետներ գրել ու իրագործել: Մի խոսքով՝ պարոն Սարգսյանը եռյակին հրավիրում է վերադառնալ 12 կետերին ու նոր, անշտապ նեյնիմներ անել այդ կետերի շուրջ:

Այս նեյնիմների մեջ ներքաշվելու վտանգի մասին արդեն իսկ բարձրաձայնել է ՀԱԿ-ն իր վերջին հայտարարությամբ: Թեժ աշունն ամփոփելու համար մեզ մնում է մի քիչ էլ սպասել եւ տեսնել՝ կներքաշվի՞ արդյոք «Բարգավաճի» առաջնորդը դրանց մեջ:

ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930