Անգամ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ պայմանագրերին պետք է Մոսկվայի «դաբրոն»

Անգամ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ պայմանագրերին պետք է Մոսկվայի «դաբրոն»

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն այլեւս ինքնիշխան պետություն չէ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց ԵՏՄ պայմանագրով ստանձնվելիք պարտավորությունները: Մինչդեռ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը hղում անելով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին նշում է, որ միայն մի քանի պարզ օրինակով կարելի է ապացուցել, որ ԵՏՄ պայմանագիրը հակասահմանադրական է:

Այսօր «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների համար կազմակերպված՝ «Ի՞նչ արժե իմանալ ԵՏՄ-ի մասին» թեմայով դասընթացի ժամանակ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ նշվում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ, իսկ դրա 83.5 հոդվածն էլ սահմանում է, որ «Բացառապես ՀՀ օրենքով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»:

Սակայն ԵՏՄ պայմանագրի 42-րդ հոդվածն ասում է, որ «Միության տարածքում կիրառվում է ԵՏՄ Արտաքին տնտեսական գործունեության միասնական Ապրանքային անվանացուցակ եւ ԵՏՄ մաքսային սակագին, որոնք հաստատվում են Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի կողմից»: Այսինքն՝ ըստ Դանիել Իոաննիսյանի բոլոր որոշումները «Մոսկվայում» են կայացվելու. «ԵՏՄ հանձնաժողովը որոշումներ է կայացնելու, որը մեզ համար պարտադիր է լինելու, այսինքն՝ դու այլեւս ինքնիշխան պետություն չես: Սա հաստատեց նաեւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անգամ Հայաստանի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ պայմանները պետք է փոխվեն, եւ մինչեւ ԱԺ-ում այդ պայմանները քննարկվելը, «դաբրո» պետք է ստանան Մոսկվայում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք