Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհից հետ չենք մնում

Նոյեմբեր 19,2014 14:00

Երեւանում կանցկացվի Կատարողական
արվեստների աշխարհի գավաթի առաջին առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ 2000թ. մասնակցեց Հոլիվուդում անցկացվող Կատարողական արվեստների աշխարհի ամենամյա առաջնությանը: Առաջին հայ մասնակից մոդել Արտակ Բաղդասարյանն այդ առաջնությանը շահեց բոլոր մրցանակները՝ 2 ոսկի, 12 արծաթ եւ 1 բրոնզ, ուղի բացելով արվեստի այլ ոլորտներում ստեղծագործող հայաստանցի գործընկերների համար:

Մեզանում վերջերս նույնպես հիմնվել է Կատարողական արվեստների աշխարհի ամենամյա առաջնություն: Համաշխարհային այս ասոցիացիայի նախագահն է մեզ քաջածանոթ, ժամանակին ֆոլկ պարերի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ժամանակակից եւ մոդեռն պարերի միջազգային մրցույթների բազմակի հաղթող Արման Ղուկասյանը: Մինչ այս համաշխարհային ասոցիացիայի հիմնելը, նա մեկ տարի առաջ հեղինակն էր ու անցկացնողը միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիայի: Վերջինիս շնորհիվ Հայաստանում առաջին անգամ այս ամռանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվեց Կատարողական արվեստների փառատոների կովկասյան առաջնությունը՝ մասնակցությամբ 18 ազգերի արվեստագետների: Երեւան էին ժամանել ավելի քան 600 մասնակից եւ ժյուրիի 12 անդամ: Կարճ ժամանակաընթացքում կովկասյան առաջնության շնորհիվ հայ վոկալիստները Բուլղարիայում, Հունաստանում, Իտալիայում, Մակեդոնիայում, Ռուսաստանում եւ այլն, շահել են 8 գլխավոր մրցանակ:

Անդրադառնալով Կատարողական արվեստների աշխարհի գավաթի առաջին առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 20-23-ը՝ Երեւանում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը, «Առավոտի» հետ զրույցում Արման Ղուկասյանն ասաց, որ կմասնակցեն 10 ազգերի ներկայացուցիչներ Իտալիայից, Ռուսաստանից, Մոլդովայից, Բուլղարիայից, Իրանից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ մեզանում ստեղծագործող ազգային փոքրամասնության արվեստագետներ՝ ասորիներ, հրեաներ, հույներ, վրացիներ, եզդիներ: «Մասնակիցները՝ 650 արտիստ, կմրցեն հետեւյալ նոմինացիաներում՝ դասական ու ժողովրդական երգեցողություն, էստրադային-ջազային վոկալ եւ պարարվեստի 12 ճյուղերում, այդ թվում՝ հայ ազգային եւ ժողովրդական, մոդեռն, ջազ, լատինամերիկյան, հիփ-հոփ: Հանձնախմբի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել ենք ճանաչված անուններ. Երեւանի կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյան, «Գոլդ սթարս» պարային ստուդիայի ղեկավար Ռուդիկ Ղուկասյան, բրազիլացի կոմպոզիտոր Մարկոս Վինիցիուս, խորեոգրաֆ եւ Ուկրաինայում ամենամյա միջազգային փառատոների կազմակերպիչ Սվետլանա Կուզմենկո, վրաց երաժշտագետ Սվետլանա Նանչեվաձե եւ այլք»,- հայտնեց պարոն Ղուկասյանը: Հավելեց, որ նորաբաց այս ասոցիացիան մասնաճյուղեր ունի 20 երկրում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Չինաստանում, Հունաստանում եւ այլն: «Սկսած գալիք տարվանից, մասնաճյուղերն իրենց երկրում կանցկացնեն տեղական մրցույթներ եւ արդեն Հայաստանում կայանալիք 2-րդ առաջնությանը կմասնակցեն դրանց հաղթողները: Այլ մտահղացումներ էլ ունենք, օրինակ՝ դարձյալ հաջորդ տարվանից անցկացնել միջազգային մրցույթներ՝ Եվրոպայի, Ասիայի եւ Բալթյան երկրների գավաթի առաջնություններ»,- նշեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրությանը՝ մինչ հայաստանյան կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիա հիմնելը շփվե՞լ է, արդյոք, ԱՄՆ-ում անցյալ դարի վերջերից անցկացվող նույնանուն կազմակերպության հետ, մանավանդ որ ամերիկյան մրցույթում ունենք հայրենակից՝ հանձին ֆոտոմոդել Արտակ Բաղդասարյանի: «Արդեն Արտակի հետ առաջիկայում համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել, հետագայում մեզ մոտ կգումարվեն նաեւ ֆոտոմոդելի, ասմունքի, նկարիչների եւ այլ անվանակարգեր: Ամերիկայում անցկացվող առաջնության մյուս ղեկավարների հետ առաջիկայում կհամագործակցենք: Իսկ ընդհանրապես քաջատեղյակ եմ արտերկրյա շոու-բիզնեսում կատարվող իրադարձություններից, ինքս երկու տարի է՝ հանդիսանում եմ կատարողական արվեստների միջազգային մրցավար: Այդ առաքելությամբ եղել եմ արդեն Ուկրաինայում, Բուլղարիայում, Հունաստանում, Մակեդոնիայում»,- հայտնեց պարոն Ղուկասյանը: Հարցին, թե այս մեծ առաջնության համար գտնվե՞լ են հովանավորներ, արվեստագետը ժպիտով հակիրճ պատասխանեց. «Արդյոք էականը դա՞ է… Գուցե հովանավորները չե՞ն ցանկանում, որ իրենց անունները բարձրաձայնվեն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արման Ղուկասյանը (ձախից), Իտալիայում միջազգային փառատոների կազմակերպիչ Դավիդե Ռեկիան եւ իտալացի ճանաչված կոմպոզիտոր Ֆաբիո Գորացիոն:

«Առավոտ» օրաթերթ
18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930