Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերականգնվել է սովետական ամենավատ ավանդույթը»

Նոյեմբեր 19,2014 15:30

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ ուսանողության մի մասը
ուսանողական նստարանից սկսում է կուսակցական կարիերա անել

Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: Տոն, որի առիթով բազմաթիվ բարեմաղթանքներ հնչեցին բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ ԿԳ նախարարի կողմից, հայ ուսանողներին մաղթելով հաջողություններ: ԿԳ նախարարն իր շնորհավորական խոսքում նշել է, թե աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են ներքին եւ արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում: Ըստ նրա՝ «մրցունակ գիտելիքներով հարուստ ուսանողությունը կարող ուժ է յուրաքանչյուր պետության զարգացման գործընթացում՝ միաժամանակ լինելով պետության հզորության եւ առաջընթացի գրավականը: Հայ ուսանողությունը նույնպես քայլում է մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց, դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողն է…»:

«Առավոտի» հետ զրույցում որպես երիտասարդների, ուսանողների հետ շատ գործ ունեցող մարդ՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը պատասխանելով հարցին՝ արդյոք տոնը Հայաստանում «տեղավորվո՞ւմ» է միջազգային ստանդարտների մեջ, ասաց, որ մեր իրավունքն է այն նշելը, մեր կարգը եւ ցանկությունը: Եթե ուզում ենք համապատասխանել այն չափանիշներին, ձգտումներին, որ այսօր ունի ուսանողությունը, ապա, իհարկե, եւ կնշենք, եւ կուրախանանք, նաեւ կմտնենք ընդհանուր ուսանողական համակարգի մեջ: «Ի վերջո, այն բոլոր համաձայնագրերը, որ կնքված են, միգուցե եւ ոչ այնքան էլ գիտակցված, նկատի ունեմ Բոլոնյան համաձայնագիրը եւ այլն, սա բերում է նրան, որ մենք մի ընտանիք ենք դառնում:

Ամենակարեւորն այն է, որ մեր ուսանողները զբաղվեն իրենց իրավունքների պաշտպանությամբ՝ կրթություն ստանալու վերաբերյալ: Որովհետեւ, ցավոք, մեզ մոտ վերականգնվել է սովետական ամենավատ ավանդույթը, երբ ուսանողության մի մասը դեռ ուսանողական նստարանից է սկսում անել կուսակցական կարիերա եւ հասկանում, որ կյանքում առաջընթաց կունենա ոչ թե շնորհիվ իր գիտելիքների, աշխատասիրության, ուրախությունների, այլ կուսակցական տարբեր օղակներում ներգրավվելու միջոցով: Սա շատ վատ է, ամենաբացասականը, որը մենք բերել ենք մեզ հետ նախկինից ու ամրապնդել: Իսկ այն, որ իմ ամենալավ հուշերը կապված են երիտասարդության, ուսանողության հետ՝ դա միանշանակ է: Բայց մեր ինստիտուտում էլ, զգում եմ, օրեցօր փոխվում է իրավիճակը, այսինքն՝ ուսանողները մուծած գումարի փոխարեն պահանջում են գիտելիք, իսկ երկար տարիներ այդպես չէր: Շփվում էինք հետեւյալ ձեւի հետ, վճարում էին՝ չպահանջելով ապրանք, ինչպես որ պետք է լիներ առեւտրի մեջ, իսկ այժմ իրավիճակը փոխվել է, մարդիկ ճիշտ են հաշվարկում ու գումարի դիմաց պահանջում են գիտելիք, ինչն էլ ձգում է դասախոսական անձնակազմին: Եվ դա լավ է, դասախոսը պետք է հասկանա, որ անկախ նրանից՝ այդ գումարը վճարում է ուսանողը, թե պետությունը, նա պետք է տա գիտելիքներ: Գիտելիք տալը շատ կարեւոր է, դասախոսը պետք է հասկանա, որ իրավական հարաբերությունների մեջ է մտնում ուսանողի հետ: Գիտելիքն էլ առաջին հերթին պետք է ունենալ, որպեսզի կարողանալ մատուցել ուսանողին, որովհետեւ եթե չունես, չես կարող տալ, իսկ ուսանողը այդ օրը հետ կմնա կյանքից. չէ՞ որ ուսանողը առաջադեմ է դառնում շնորհիվ իր դասախոսական կազմի»:

Հաջորդ հարցին էլ՝ ձեր ժամանակվա ուսանո՞ղն էր ավելի անհոգ, թե՞ ներկայիս ուսանողները, Ռուբեն Բաբայանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մեր ժամանակ ավելի անհոգ էին ուսանողները, բայց ես դա դրական չեմ համարում: Ուսանողը չպետք է անհոգ լինի, նա պիտի զբաղվի, տառապի իր գիտելիքների, երկրին վերաբերող այլ հարցերով, պետք է հասարակական ակտիվություն ցուցաբերի, սակայն առանց կուսակցականացվելու: Պետք է հասկանալ, որ տարբեր երեւույթներ են կուսակցականացվելն ու հասարակական ակտիվություն ցուցաբերելը. կուսակցականացվելը բերում է մեծ սահմանափակումների, քանի որ այն, ինչ չի համապատասխանում տվյալ կուսակցության կամ նրա լիդերի շահերին, դա դուրս է մնում քո ուշադրության ոլորտից, իսկ հասարակական ակտիվության ժամանակ ոչ մի հարց դուրս չի մնա, քանի որ շղթայված չես կուսակցական պարտավորություններով: Ընդհանրապես՝ ուսանողությունը պետք է լինի հասարակական առումով շատ ակտիվ»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930