Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ ոչ հայը. Հայը սովետական բանակում

Նոյեմբեր 20,2014 13:49

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են     ասում։

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:

Պարույր Սևակ

 

–      Ո՞րն է Ձեր […] և Շեքսպիրի տարբերությունը:

–      Դե, նախ և առաջ, Շեքսպիրը հայ չէր:

Վիլյամ Սարոյան

 

Երեք ազգ եմ ճանաչում՝ ղարաբաղցի, հայ և ոչ հայ:

Սովետական բանակի մի ղարաբաղցի գնդապետ

 

Արդյո՞ք մենք մեզ ուրիշներից չենք գերադասում: Սա հայրենասեր և հումանիստ բանաստեղծի՝ ցանկալին իրականություն համարելու զգացման մի արտահայտություն է: Այդպես կարող էր ասել սովետական մտավորական հայը՝ Պարույր Սևակը:

Սովետական դարաշրջանի հայկական անեկդոտները հաճախ սկսվում էին այսպես՝ հայը, ռուսը, թուրքը, վրացին… Անեկդոտներում այլ ժողովուրդներ սովորաբար չէին հիշվում: Մեր աշխարհը բաժանված էր մեր և մեր երեք հարևանների միջև, մոդելավորվում էր նրանցով: Անկախությունից հետո եկավ մի պահ, երբ այդ ազգային բաժանումը վերափոխվեց ենթաէթնիկ բաժանման՝ երևանցին, ապարանցին, քյավառցին ու գյումրեցին…

Ուրեմն, աշխարհը միշտ էլ մոդելավորել ենք արխայիկ «մերոնք և ոչ մերոնք» սկզբունքով: Սևակը Սովետական բանակում չէր ծառայել, իսկ ես ծառայել եմ: Մեր կայազորը պատկանում էր սովետական այն զորամասերի թվին, ուր հայերը առաջին ազգն էին: Իհարկե, ոչ թե կարգապահությամբ և լավ ծառայությամբ, այլ լրիվ ընդհակառակը: Զորամասը շինարարական էր, հայերը համեմատաբար շատ էին, ամեն մի վաշտում 4-8 հայ կար (մոտ 140-ից): Մնացածը՝ ռուսներ և ոչ ռուսներ: Չափազանց շատ էին միջինասիացիները՝ ուզբեկներ, կիրգիզներ և այլն:

Հայերը կայազորի այլազգիների ահ ու սարսափն էին: Կային նաև չեչեններ, մի ազգ, որի հետ կռվելու գործում դժվար է համեմատվել, բայց մեզանում, իսկապես, մերոնք առաջինն էին, չեչենները՝ երկրորդը: Ինչքան հասկանում եմ, չեչեններին մեծ քանակությամբ մեր կայազոր էին բերել, որպեսզի մեղմացնեն այնտեղ ավանդաբար հաստատված հայկական գերիշխանությունը: Տուժում էին հատկապես միջինասիացիները, քանի որ նրանք խեղճ էին և, ի հակադրություն, ասենք, մեզ և կովկասցիների, մյուսների դեմ միավորվելու ավանդույթ չունեին: «Մեր դեմ խաղ չկար»:

Պարզ է, որ Սովետական բանակի ոչ բոլոր զորամասերում էր վիճակն այդպիսին, բայց և այնպես, որոշ տեղերում այդպես էր: Մեր զորամասի չորս վաշտերից երեքում ծառայում էին երեք մարտունեցի, որոնցից երկուսի անունը Ռաֆիկ էր, երրորդինը չեմ հիշում, Ռաֆիկ էր թե ոչ: Այդ երկու Ռաֆիկները, ջոկի հրամանատար սերժանտների բացակայության ժամանակ, մյուսներից ավելի երկար ծառայած զինվորներ, փոխարինում էին նրանց: Եվ ահա, նրանց ջոկերում զինվորները սկսում են հիվանդանալ թոքաբորբով: Պարզվում է, որ մեր Ռաֆիկներն աշխատանքի ընդմիջման ժամանակ, ռուսական սառնամանիքին, ստիպել են իրենց զինվորներին շորերը մի քանի անգամ հանել ու հագնել (սովետական զինվորը պիտի կարողանար 45 վայրկյանում հանվել ու հագնվել): Դա սովետական բանակի՝ զինվորներին ստորացնելու հայտնի ձև էր, իբր՝ վարժություն, որը հաճախ կիրառում էին վաշտի կրտսեր հրամանատարները զորանոցներում: Իսկ երբ դա անում է ոչ թե հրամանատարը, այլ քո ծառայակից զինվորը, որն ընդամենը մեկ տարի քեզանից ավելի է ծառայության մեջ, դա սովետական բանակի այլանդակ «դեդովշչինայի» (ծառայությունը նոր սկսած զինվորներին ստորացնելու) գերագույն դրսևորման ձևն է: Բայց սառնամանիքին կարծեմ մինչ այդ կիրառողներ չէր ունեցել:

Այդ իրադարձությունները կատարվել էին ոչ միաժամանակ: Սկզբում մի Ռաֆիկը, իր վաշտում, հետո, մի ամիս հետո, մյուսը, իր վաշտում: Իսկ իմ վաշտի մարտունեցին, նա, որի անունը, հնարավոր է, որ Ռաֆիկ չէր (միայն ազգանունն եմ հիշում), իբր իմ պատիվը պաշտպանելու համար, մի անգամ այնպես էր ծեծել Ազիզով ազգանունով մի խեղճ ու կրակ ադրբեջանցու, որ նրա այլանդակված սփաթը թաքցնել չհաջողվեց, ու ես, ինձ վրա վերցնելով այդ խախտումը, պատժվեցի:

Սա մարտունեցիների հատուկ դաժանության վկայություն չէ, այդպիսի բան չկա: Ուղղակի պատահականություն է մեր հերոսների մարտունեցի լինելը, բայց և այնպես, հայկական իրողություն: Ամեն վաշտում հայերը, կամ նրանց մեծ մասը միավորված էին մի բջջում, որի գործը հայերի բարձր կարգավիճակը և մյուսների հետ հարաբերությունները պահպանելն էր, հիմնականում՝ ճնշելը: Ոչ հայերից հայկական մամլիչի ճնշումից համեմատաբար ազատ էին կովկասցիները և երկար ծառայած, հեղինակավոր, քրեական անցյալով կամ հակումներով զինվորները (շինարարական միավորումներում ծառայում էին նաև բանտային անցյալ ունեցող անձինք):

«Ի՞նչ ազգ եք դուք» հարցնում էին սպաները, որոնք, ճիշտն ասած, մեծ մասամբ գնահատում էին հայերին, որպես դժվար, հատկապես խախտումներ պահանջող հանձնարարություն կատարելու համար պատրաստ զինվորներ, և նույնիսկ սիրում մեզ: Մերոնք չէին սիրում ենթարկվել կարգ ու կանոնին, սպաներին և ընդհանրապես՝ բանակային իրականությանը, բայց որոշ առումներով, անփոխարինելի էին: Ես, օրինակ, նշանակվել էի ճաշարանի վարիչ, որպես հայ, որովհետև վարիչը պետք է կարողանար ավել սննդամթերք ստանալ ու ճաշարանին ավելի շատ կերակրաբաժին ապահովել, քան օրենքով հասնում էր: Մեր վաշտի հրամանատարի տեղակալ լեյտենանտ Շնայդերը (Խարկովի հրեա), իր հերթապահության ժամանակ մտնում էր զորամասեր և հայերին ազատելով հերթապահությունից, ուղարկում քնելու: Նա չափազանց հետաքրքիր, վճռական ու գործունյա մարդ էր և հայերին սիրում էր, թերևս, իրեն ու իր ժողովրդին մոտ ու հոգեհարազատ համարելով:

*           *           *

Ինչպե՞ս ենք ընդհանրապես վերաբերվում օտարներին: Այն, ինչպես կուզեր բանաստեղծը կամ այն, ինչ երևում է ստեղծագործ մտավորականության բարձր խավերում՝ հարգանք ուրիշի նկատմամբ և այլն, այնքան էլ չեն գործում սովորական մարդկանց շրջապատում: Փաստերի արձանագրությունը միարժեք պատասխան չի կարող տալ հարցին: Կան և լավ, և վատ վերաբերմունքի օրինակներ: Մեզ պետք է հասկանալ մտայնությունը, ընդհանրապես ոչ հայի վերաբերյալ վերաբերմունքի փիլիսոփայությունը: Այդ մասին կարելի է դատել մի քանի մոտեցումներով:

Ահա դրանցից մեկը՝ անվանումները: Ինչպես անվանում ենք, այդպես էլ վերաբերվում ենք: Ինչպես իրեն հարգող ամեն մի ժողովուրդ մենք էլ արհամարհական անուններ ենք հորինել շրջակա ժողովուրդների համար: Վրացիները տուտուց են, նրանց տղամարդիկ Գիվի են, կանայք՝ Կեկել, կամ նույնիսկ ռուսական ձևով՝ Կեկելկա (իսկ վրացիները հայերին ասում են՝ «Սաքոներ, դուրս Վրաստանից»): Թուրքերի մասին խոսք չկա, նրանք մշտական մակդիր ունեն՝ «շուն թուրք»: Ռուսներին, բոլոր մյուս ազգերի պես, կոչում ենք Իվան, հատկապես իրենց հեքիաթների հիմարավուն հերոսի անունով: Ավելի տպավորիչ ու ավելի արհամարհական մի անվանում էլ կա ռուսների համար՝ սոխ, չգիտեմ, այստեղ ռուսների մեծ սոխասիրությո՞ւնն է նկատի առնվել, նրանց եկեղեցիների սոխաձև գմբեթնե՞րը, շիկահերությո՞ւնը, այդ երեքը միասին թե մի այլ բան:

Երբ հայերը հայտնվում են այլ վայրերում, անուններ են հորինում նաև իրենց նոր հարևանների համար: Այսպես, ԱՄՆ-ի հայերը մեքսիկացիներին անվանում են մեքսիկ, նրանց լեզուն (իսպաներենը)՝ մեքսիկերեն: Միանգամայն պարզ է: Եթե հայը հայերեն է խոսում, չինացին՝ չինարեն, մեքսիկն էլ պիտի մեքսիկերեն խոսի: Բայց կա մեկ այլ հետաքրքիր տերմին՝ լոբի: Այդպես են մեքսիկացիներին կոչում, այն բանի համար, որ նրանց ազգային խոհանոցում լոբին ու մյուս լոբազգիները կարևոր տեղ են գրավում: Եվ իմ մի ընկերը ԱՄՆ-ում իսպանական առոգանությամբ անգլերեն ճառ էր արտասանում իբր մեքսիկացու անունից, որը հավատացել է, որ իր ժողովրդի պաշտոնական անվանումը հայերենում լոբի է: «Այ ըմ ը լոբի, բաթ այ լայք դի արմինիըն փիփլ վերի մաչ» (ես լոբի եմ, բայց շատ եմ սիրում հայ ժողովրդին):

Այս անվանումները, շատ հետաքրքիր են: Մյուս ազգերն էլ ունեն նման բաներ՝ օրինակ, անգլիացիները ֆրանսիացուն կարող են ասել «գորտ» (դե գորտ են ուտում), բոլոր հարևանները իտալացիներին՝ մակարոն և այլն: Ռուսների համար բոլոր կովկասցիները և միջինասիացիները «սևահետույք» են: Առաջ չուրկա «կոճղ» էին միայն միջինասիացիները, այժմ՝ նաև կովկասցիները, այդ թվում՝ հայերը: Բացի այդ, բոլոր կովկասցիները՝ ոչ միայն հայերը, Խաչիկ կամ նույնիսկ Խաչ են (սա հիմա ավելի վիրավորական է, քան սևահետույքը): Հայերը նաև արմյաշկա են: Այսինքն, հայերը ռուսներից ստացած արհամարհական անվանումների քանակով մյուսներին կարծես գերազանցում են: Ինչո՞ւ: Այդ մականունները ստեղծվում են ժողովրդի՝ հասարակության մեջ իր ունեցած նշանակալիությանը համեմատական: Ուրեմն, հայերը, չնայած իրենց փոքրաքանակությանը, նշանակալի դեր են կատարել Ռուսաստանում:

Վերջացնենք նրանով, որ հայերն արհամարհական անուններ ունեն նաև իրենց ենթաէթնիկ խմբերի՝ մարզերի բնակիչների համար: Քոռ ու քաչալ ախտեցի, էշ ապարանցի և ղարաբաղցի, ծիծակ ուտող երևանցի, ահա մի քանի նմուշ: Ժողովրդի հումորը, ուրեմն, չի պակասում իրեն իսկ ծաղրելու համար:

Բայց այս բոլորը պարզ, կենցաղային մակարդակի երևույթներ են: Հայերի մեջ չկան ուրիշներին ցածր համարելու փիլիսոփայական, ռասայական, ազգագրական «գիտական» հիմնավորումներով տեսություններ: Չեն հնչում այլազգիներին ոչնչացնելու կոչեր: Դրանով, իրոք, տարբերվում ենք հարևաններից:

 

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930