Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Քաղաքականության մարդկային չափումը

Նոյեմբեր 21,2014 17:00

Ինչպես է, ըստ Վացլավ Հավելի,
մարդն առնչվում համակարգի հետ «հետտոտալիտար» համակարգում

Վերջերս մեր թերթում հրապարակում կար, որը նվիրված էր 25 տարի առաջ՝ 1989 թվականի հոկտեմբերի 4-ին բացված ՀՀՇ առաջին՝ հիմնադիր համագումարին: Իսկապես համազգային, համաժողովրդական շարժման այդ ժողովում ելույթ էին ունեցել շատ հետաքրքիր եւ տարբեր մարդիկ, այդ թվում՝ լրագրող, գրող Արամ Հովհաննիսյանը, որի արտահայտած մտքերն այսօր էլ են արդիական: Ցավոք սրտի: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ ելույթի մի պարբերության վրա. «Մենք ուժեղ ենք, որովհետեւ մեր կողմն է ամենագլխավորը՝ ճշմարտությունը: Մարդկությունը, այդ թվում եւ այս երկիրը գոյատեւելու մի ճանապարհ ունի՝ մարդկայնանալ: Նա, այո՛, կամ պիտի մարդկայնանա, կամ կկործանվի: Առաջին դեպքում մեր հարցերը կլուծվեն, երկրորդ դեպքում՝ կործանում է սպասում ողջ քաղաքակրթությանը»:

Նախ՝ չեմ կարող չնշել մտավոր, բարոյական մակարդակի ոչ թե անկումը, այլ ուղղակի գահավիժումը, որը քաղաքական շրջանակներում տեղի է ունեցել ընդամենը 25 տարում, բառիս բուն իմաստով՝ մեր աչքի առաջ: Հիմա շատ դժվար է պատկերացնել, որ որեւէ կուսակցության համագումարում որեւէ պատվիրակ խոսի այս շեշտադրումներով նման խնդիրների մասին՝ նշելով այն, կարծես թե, ակնհայտ հանգամանքը, որ մեր երկիրը մոլորակից դուրս չէ, Հայաստանում բոլոր հասարակական գործընթացները զուգահեռվում են աշխարհի զարգացումների հետ:

Քաղաքականությանը, քաղաքակրթությանը, մշակույթին մարդկային դեմք տալու գաղափարը չափից դուրս միամիտ եւ ռոմանտի՞կ է թվում: Բայց ինձ թվում է, որ դա այսօր Հայաստանի եւ աշխարհի առանցքային խնդիրն է, որը գիտակցվել եւ ձեւակերպվել է 20-րդ դարի եվրոպացի լավագույն մտավորականների կողմից: Մի կողմ թողնենք փիլիսոփաներին եւ անդրադառնանք մի մարդու մտքերին, որը պրակտիկորեն զբաղվում էր քաղաքականությամբ եւ նույնիսկ երկիր էր ղեկավարում:

Խոսքը Վացլավ Հավելի մասին է: Նախքան 93 թվականին Չեխիայի նախագահ դառնալը՝ նա, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության»՝ փողոցի ճնշման եւ կոմունիստական իշխանության բանակցությունների արդյունքում նույն 1989 թվականին (երբ տեղի էր ունեցել ՀՀՇ հիմնադիր համագումարը) ընտրվել էր Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության նախագահ: Ընդ որում, նրան ընտրած խորհրդարանը իր ճնշող մեծամասնությամբ կոմունիստական էր: Ինչի՞ շնորհիվ դա հնարավոր դարձավ: Նույն բանի՝ ճշմարտությունը նրա կողմն էր:

Իսկ դրանից առաջ Հավելը այլախոհ էր՝ կոմունիստական իշխանությունների կողմից հետապնդվող: Բայց նրա խոհերը ոչ այնքան «ռեժիմի» դեմ էին, որքան ավելի խորը, սկզբունքային, ավելի համամարդկային խնդիրների շուրջ: Օրինակ՝ 1984 թվականին գրված «Քաղաքականությունը եւ խիղճը» հոդվածում նա գրում է. «Խոսքը քաղաքականության մասին է՝ ոչ թե որպես իշխանության տեխնոլոգիայի եւ իշխանության մանիպուլյացիայի կամ մարդկանց ինչ-որ իմաստով «կոմպյուտերիզացված» ձեւով կառավարելու, ոչ էլ նպատակահարմարության արվեստի, գործնական մեթոդների եւ խարդավանքների մասին: Մենք խոսում ենք քաղաքականության՝ որպես կյանքի իմաստը փնտրելու միջոցի, մերձավորի մասին հոգ տանելու եւ մարդասիրական չափանիշներով ղեկավարելու մասին»: Այսօր ո՞ր գործիչը կասի, թե նա քաղաքականության միջոցով փնտրում է կյանքի իմաստը:

Իսկ ավելի վաղ՝ 1978 թվականին, Հավելը գրել էր ամենահայտնի էսսեն, որը կոչվում էր «Անզորների զորությունը»: Այստեղ նա անդրադառնում է մարդու եւ համակարգի հարաբերություններին այն հասարակարգում, որը նա անվանում է «հետտոտալիտար»:

Այդ համակարգում, ըստ Հավելի, սխալ է հասարակությունը բաժանել իշխողների ու կեղեքվողների՝ այս դեպքում կոնֆլիկտի սահմանը փաստացի անցնում է ամեն մարդու միջով, նա միաժամանակ համակարգի ե՛ւ հենարանն է, ե՛ւ զոհը: «Հետեւաբար,- գրում է Հավելը,- ոչ միայն համակարգն է օտարում մարդուն, այլեւ օտարված մարդը միաժամանակ սատարում է այդ համակարգին՝ որպես սեփական հրեշավոր արտադրանքի… Պոստտոտալիտար համակարգը արդյունք է բռնապետության եւ սպառողական հասարակարգի «պատմական» հանդիպման»: Եզրահանգումը, որին գալիս է մտավորականը, բավականին տխուր է. «Խոսքը վաղուց արդեն ոչ թե երկու էությունների կոնֆլիկտի մասին է: Խոսքը ավելի վատ երեւույթի՝ էության ճգնաժամի մասին է»:
Այս ամենը, հիշեցնեմ, Վացլավ Հավելը գրել էր 1978 թվականին՝ բանտից անմիջապես դուրս գալիս (դրանից հետո եւս երկու անգամ ազատազրկվել էր): Դրանից մոտ 10 տարի անց, ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը, նա իր ուժերի ներածի չափով փորձում էր իրագործել իր գաղափարները: Գուցե նաեւ ա՞յդ պատճառով է Չեխիան դարձել օրինակելի եվրոպական երկիր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930