Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հանիբալն ու Նապոլեոնը

Նոյեմբեր 22,2014 12:00

Ազատության հրապարակի հարթակի այսպիսի «մարգինալացումը» իսկապես ցավալի փաստ է

«Համաժողովրդական շարժումը» նորանոր բարձունքներ է գրավում: Մինչ հասարակությունը փորձում է հասկանալ, թե մի քանի շաբաթ առաջ ամպագոռգոռ ելույթներում «հուժկու» պայքարի` շարունակական հանրահավաքների, անժամկետ նստացույցերի ու երթերի խոստումներն ինչ պատճառով այդպես էլ իրականություն չդարձան, «ոչ իշխանությունը» ակտիվորեն մամլո հաղորդագրություններ է տարածում այն մասին, թե որ քաղաքական ուժը միացավ «համաժողովրդական շարժմանը»:

«Օրըստօրե ավելի մեծ թվով քաղաքական ուժեր են հայտարարում համաժողովրդական շարժմանը սատարելու մասին՝ պատրաստ իրենց լուման ներդնել սկսված պայքարին, ինչը տանում է դեպի նոր որակի իշխանություն: «Ազգային համաձայնություն» կուսակցությունը մեծ ոգեւորությամբ է հետեւում ներքաղաքական վերջին զարգացումներին՝ իրական փոփոխությունների ակնկալիքով: Փոփոխությունների մասին են վկայում ոչ իշխանական եռյակի հրավիրած հանրահավաքները, ԲՀԿ նախագահի վերջին հարցազրույցները ու այն ոգեւորությունը, որով այսօր համակված է մեր ժողովուրդը»,- տեղեկանում ենք ԲՀԿ մամլո հաղորդագրությունից: Խոսքը ՀՀ նախագահի համար բազմաթիվ անգամներ թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանի ղեկավարած կուսակցության մասին է:

Հայտնի է, որ ԲՀԿ նախագահը պատրաստ է արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր: ՀԱԿ-ից վստահեցնում են, թե նորմալ են վերաբերվում նրան, որ համաժողովրդական շարժումը համալրել են Տիգրան Կարապետյանի եւ Արամ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունները, բայց չեն մեկնաբանում, օրինակ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ ԲՀԿ նախագահն արդեն կարծես հասցրել է մի քանի անգամ հանդիպել:

Օրերս պարզվեց, որ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցությունը մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում եւ համագործակցության ձեռք է մեկնում «եռյակին»՝ համոզված լինելով, որ «համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին»: ԲՀԿ-ն էլ ընդունեց Տիգրան Կարապետյանի մեկնած ձեռքը: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսպես է արձագանքել. «Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը եւ կարեւորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում Ժողովրդական կուսակցության միանալու պատրաստակամությունը: ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ, որ նշել է երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար լայն համախմբման անհրաժեշտության մասին»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հրաժարվել է պատասխանել, թե համաժողովրդական շարժմանն ի վերջո ե՞րբ կհաջողվի իշխանափոխություն իրականացնել։ Նրա փոխանցմամբ՝ կոնկրետ ժամկետներ նշելը լուրջ չէ, կարեւորն այն է, որ իշխանափոխության համար բոլոր նախադրյալները ստեղծված են` «ժողովրդի համբերությունը սպառված է, եւ ներքին, եւ արտաքին բոլոր գործոնները հասունացած են»։ Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ի վերջո եռյակը հասնի հերթական ընտրություններին, թե՞, այնուամենայնիվ, կհասնեն արտահերթ լուծումների, Զուրաբյանը պատասխանել է. «Մեծ զորավարներն անգամ ճակատամարտից առաջ գուշակությամբ չեն զբաղվել։ Նրանք զբաղվել են այդ հաղթանակի կազմակերպման գործով։ Ոչ Հանիբալը, ոչ Նապոլեոնը նման բաներ չեն արել»։

Քաղաքական PR-ի տեսանկյունից, հավանաբար, արդարացված մարտավարություն է հնչեղություն տալ մի գործընթացի, որը ոչ թե արդյունք է խոստանում, այլ միայն շղարշն է՝ այդ գործունեության առկայությունը ապահովելու համար:

Կարելի է, իհարկե, ամեն օր հաղորդագրություններ ուղարկել, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ «կանյաչնիի» մուտքի մոտ հերթեր են գոյացել. կուսակցությունների «առաջնորդները» մեկը մյուսին հերթ չեն տալիս «համաժողովրդական շարժմանը» միանալու ճանապարհին:

Կարելի է այս ամենին առհասարակ չանդրադառնալ, քանի որ այս որակի քաղաքական «պայքարին» ու քաղաքական «խաղացողներին» անդրադառնալն առավելապես գովազդ է դառնում: Պարզապես ցավալին այն է, որ «ոչ իշխանականների» մի մասը դեռ այս վիճակում էլ «վերեւից» են նայում ու «սկզբունքայնության», «դավաճանության», «հետեւողականության», «չծախվելու» մասին դասեր տալիս այլոց:

Գուցե այս ամենն ավելի շատ զվարճալի է՝ մանավանդ լրագրողներիս համար, քանի որ մշտապես ապահովված ենք «ուրախ» թեմաներով, սակայն իրականում քսանամյա անկախ Հայաստանում այսօր այսպիսի «գունեղ» «քաղաքական» դաշտ ունենալն, իհարկե, ողբերգություն է: Մեր ծնողները 1988-ին վստահաբար այսպիսի Հայաստան ունենալու երազանքով չէին իրենց երեխաների ձեռքը բռնած Ազատության հրապարակում օրեր անցկացնում:

Ազատության հրապարակի հարթակի այսպիսի «մարգինալացումը» իսկապես ցավալի փաստ է, եթե չասենք` մեծ ողբերգություն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Այսքան գունեղ կյանքը մեր
    Տեսնես ովքե՞ր են տվել…

  2. Հայ մարդ says:

    Ուղղակի ձանձրալի ու տհաճ է լսել հայ օլիգարխների շահերի պաշտպան, բայց ժամանակ առ ժամանակ ընդդիմադիրի դիմակ հագնող այս կամ այն մանր-մունր կուսակցությունների պետերի “լուրջ” կարծիքներն ու “հայրենասիրական” կոչերը ժողովրդի շահերի մասին: Այս մարդիկ չեն հասկանում, որ նույն դիմակը մի անգամից ավել դնելն անիմաստ է: Ժողովուրդը հո այդքան կարճ հիշողություն չունի:
    Իրենց խնդրում ենք ավելորդ դերասանություն չանեն, նման սերիալներից վաղուց ենք հոգնել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930