Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային կառույցները պետք է խոսքից անցնեն գործի եւ Ադրբեջանին պատժեն միջազգային բոլոր օրենքներով»

Նոյեմբեր 22,2014 17:30

Համոզված է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը

Օրերս ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ տարիներ անց ԵԽԽՎ-ն Ադրբեջանին դատապարտող բանաձեւ է ընդունել` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին, որ, օգտագործելով ԵԽ կոնվենցիաներից մեկը, դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայից անմիջապես հետո ազատ է արձակել: Միացյալ Թագավորության պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման վրա կազմված եւ Բրյուսելում անցկացված քննարկումներից հետո ընդունված բանաձեւում նշվում է, որ «Դատապարտված անձանց արտահանձնման մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումն ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում բարեխիղճ սկզբունքների եւ օրենքի գերակայության խախտում է»:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը համոզված է, որ այս դատապարտումը ուշացած, բայց եւ կարեւոր փաստ է, որը գուցե սթափության կոչ կարող է լինել տարբեր միջազգային կառույցների համար. «Եթե այս հայտարարությունը, այս դատապարտումը լիներ ժամանակին, գուցե Ադրբեջանը վերջապես սկսեր իրեն հաշիվ տալ իր քաղաքականության համար: Ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռի կործանումը ակնհայտորեն հակասում է միջազգային բոլոր նորմերին, եւ, բնականաբար, միջազգային կառույցները պարտավոր են գնահատական տալ: Առաջին հերթին՝ իրենց վարկն ու հեղինակությունը պաշտպանելու համար: Արձագանքները, դատապարտումները եւ մտահոգություններ հայտնելը չուշացան, բայց հար եւ նման են մինչ այժմ հնչած ոչինչ չասող հայտարարություններին: Մեր եվրոպացի բարեկամները մշտապես սահմանափակվում են միայն մտահոգություններ հայտնելով: Ու հենց դա է Ադրբեջանին հնարավորություն տալիս առաջնորդվել բացարձակ անպատժելիության, համամարդկային եւ միջազգային նորմերի ոտնահարման սկզբունքով: Ադրբեջանը ոչ մի կերպ չի տեղավորվում համամարդկային արժեհամակարգի մեջ, այդպես ավելի հարմար է մի երկրի համար, որտեղ ոչ մարդու իրավունքները, ոչ ազգի ինքնորոշման իրավունքը ոչ մի արժեք չունեն: Իսկ երբ մեկը իրեն դնում է համընդհանուր ընդունված նորմերից դուրս, նրա հետ այլեւս անիմաստ է խոսել քաղաքակիրթ բառապաշարով, դիվանագիտական նրբություններով: Վաղուց ժամանակն է, որ միջազգային կառույցները դատապարտեն ոչ թե խոսքով, այլ գործով, այլեւս խնդրո առարկան ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններն են, այլեւ նույն ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, Պետդեպարտամենտի, Մինսկի խմբի մանդատն ու ազդեցության ուժը: Ադրբեջանը հակամարդկային իր վարքագծով, դիակների առեւտրով մարտահրավեր է նետում բոլորին ու ի պատասխան ստանում պարիտետային, ոչինչ չասող կոչեր ու հորդորներ, ուստի՝ նաեւ պատերազմ սկսելու հնարավորություն: Ու միջազգային կառույցների փորձառու, հեռատես ու գործիմաց պաշտոնյաները դա չհասկանալ չեն կարող»:

«Առավոտ»-ի հարցին՝ ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի նկատմամբ ադրբեջանական կողմի պահվածքը կարո՞ղ է առիթ դառնալ, որ միջազգային կառույցներն ավելի սթափ գնահատեն իրավիճակը, քանզի դա ապտակ էր նաեւ ԵԱՀԿ-ին եւ Մինսկի խմբին, Մարգարիտ Եսայանն ասաց. «Ակնհայտորեն, կատարվածը վատ տոնի արդյունք է, մեր հարեւանները հերթական անգամ չթաքցրին իրենց իրական դեմքը, եւ, այո, համամիտ եմ, որ այս քայլը ապտակ էր նույն միջազգային հանրությանը, ուստի կրկնում եմ իմ համոզմունքը՝ սրան համարժեք պատասխան պիտի տրվի նույն այդ հանրությունը ներկայացնող կառույցների կողմից»: Հիշեցնենք. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ադրբեջանական կողմը չէր թույլատրել այցելել Ադրբեջանի կողմից խոցված Ղարաբաղի ուղղաթիռի անկման վայր:

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմի պահվածքը լիովին տեղավորվում է միջազգային նորմերի շրջանակներում, նաեւ դա գնահատելով՝ ԵԽԽՎ-ն եւ ԵԱՀԿ-ն ու այլ կառույցներ Ադրբեջանին պիտի համարժեք հակազդեցություն ցույց տան, եւ առաջին հերթին դա պետք է աներ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը (մինչդեռ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը նույնքան չեզոք էր, որքան ԱՄՆ Պետդեպարտամենտի), պետք է աներ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի արտգործնախարարությունը: Որքա՞ն կարելի է ԿՈՂՄԵՐԻՆ խաղաղության կոչ անել՝ համառորեն չնկատելով, որ միայն մեկ ԿՈՂՄՆ է խաղաղության վրա խաչ քաշած՝ պատերազմ որոնում, որոնում անթաքույց ու օրեցօր զինվելով, ու բոլորը գիտեն ու տեսնում են, որ այդ կողմը Ադրբեջանն է: Ահաբեկչական բոլոր միավորումների պատմությունը ցույց է տալիս, որ այսօր զինում ես, վաղը զենքը ուղղում են քո դեմ: Բումերանգի օրենքը մոռանալն ամենավտանգավորն է քաղաքական ու պետական գործիչների համար: Պատմությունը դասեր է տալիս եւ չարժե մոռանալ այդ դասերը: Մարգարիտ Եսայանը չկիսեց մեր այն դիտարկումը, որ խնդիրը նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության թերացման արդյունք է: Պատգամավորը կարծում է. «ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները անում են ամեն հնարավորը՝ առանց պատերազմի վերսկսման եւ առանց նոր զոհերի իրավիճակը կարգավորելու համար: Արցախի հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով պիտի լուծվի: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն այս տարիներին ամեն ինչ արել են, այսուհետ էլ անելու են, որպեսզի խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով ու միայն խաղաղ ճանապարհով: Բոլոր նրանք, ովքեր աքլորանում են պատերազմական կոչերով եւ ադրբեջանցիների այս կամ այն քայլին համարժեք պատասխաններ տալու հայտարարություններով, պետք է ի վերջո գիտակցեն, որ արտաքին քաղաքականության մեջ հաջողության հասնելու եւ ԼՂ խնդրի հայանպաստ լուծման համար հոխորտանքն ու աքլորանալն անհիմն են»: Նույն դրվատանքով խոսել ոչ իշխանական ուժերի մասին Մարգարիտ Եսայանը չի կարող. «Նրանցից ոչ մեկն այս օրերին հանդես չեկավ ոչ մի հայտարարությամբ, հանդես չեկավ կոչով՝ ուղղված նույն միջազգային կառույցներին եւ Ադրբեջանին: Սա եւս խոսում է այդ ուժերի ոչ համարժեք պահվածքի մասին, նրանք չեն գիտակցում, որ հայրենիքը մեկն է ու միակը, եւ բոլորովին կապ չունի՝ դու ինքդ իշխանություն ես, թե ոչ իշխանություն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ինչ լավ կոչեր են, խրոխտ: Բայց դե զարթնեցինք ու տեսանք, որ երազ էր:

  2. Իշխան says:

    Ի՞սկ քեզ, քեզ ով պետք է պատժ, որ քո հայատյաց կուսակցությամբ դեպորտացիայի էս մատնում Հայ Ժողովրդին:

  3. Անահիտ (ԵՊՀ) says:

    Իսկ հայ ժողովուրդը երկիրը պետք է մաքրի հհկ գարշահոտ ախոռից` բարոյական ու նաև իրենց վարքագծին հարիր բոլոր օրենքներով…

  4. Narek says:

    Էդ խելոքին հարցրեք, թե հարևան երկրի տարածքում զորքեր մտցնելն ու զինավարժություններ անցկացնելը ընդհանրապես խելքին մոտ է, թե չէ: Թե չէ կամ էջ լրացրելու համար հոդված եք գրում` ինչպես բոլորը, կամ թեմային ծանոթ չեք: ՀՀ արտաքին քաղաքականությունը ՀՀԿ արտաքին քաղաքականությունն է, ո՞նց կարա դա ճիշտ լինի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930