Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի ֆենոմենը

Նոյեմբեր 24,2014 11:30

Թեժ աշունը թույլից չափավոր ստացվեց, բայց ժողովրդի ընդդիմադիր հատվածի մեջ առանձնապես հուսախաբություն չառաջացրեց: Հեղափոխական տրամադրություններով տոգորվածները ոչ թե իրենց հույսերը հօդս ցնդեցրին, այլ ընդամենը հետաձգեցին: Ինչքան էլ անսովոր է, արմատական տրամադրությունների կրողներն իրենց հույսերը կապում են առաջին հերթին ԲՀԿ-ի եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ:

Հայաստանում երբեւէ իշխանափոխության մասին այսքան շատ չեն խոսել, բայց, մյուս կողմից էլ, Հայաստանում երբեւէ իշխանության համար այսքան ապահով ու անվտանգ ժամանակներ չեն եղել:

Ընդդիմություն կա, եւ եղած ընդդիմությունը թույլ չի կարելի համարել, բայց գործող ընդդիմությունը, եթե չասենք՝ չափազանց զգույշ, վստահորեն կարող ենք ասել՝ չափազանց դանդաղ է գործում, եւ, մեր կարծիքով, դանդաղկոտության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այս պահին գործող ընդդիմությունը ոչ պակաս ռուսամետ ու Մաքսային միության կողմնակից է, քան նույնիսկ գործող իշխանությունը, եւ, փաստորեն, ընդդիմության ու իշխանության միջեւ արմատական ու գաղափարական լուրջ տարբերություններ ու տարաձայնություններ չկան, եւ տարաձայնություններն ավազակապետության ու բարոյականության կոնտեքստում են, եւ ընդդիմադիր ու հեղափոխական տրամադրություններով տոգորված մասսային այդքանն էլ է բավական, որպեսզի վերածվի կրիտիկական մասսայի, բայց քանի որ ոչ իշխանականներն առայժմ տրամադրված են զուտ սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնել, կրիտիկական մասսան եւս ստիպված է ինքնազսպվածություն հանդես բերել, եւ հեղափոխության իմաստով այս պահին կարծես թե շտապողականություն չկա, մանավանդ որ՝ դիմացը նոր տարի է, եւ ամենահեղափոխականներն անգամ ստիպված են լինելու տոնական հոգսերն ու ծախսերը հաղթահարել, եւ նույնիսկ ամենաչքավոր հեղափոխականներն են ստիպված լինելու տոնական ծախսերի տակ մտնել, եւ եթե էդ ծախսերին գումարենք նաեւ թանկուկրակ գազն ու այլեւայլ բաները, պարզ կդառնա, որ նոր տարուց ու ձմեռվանից անմիջապես հետո հեղափոխական տրամադրություններն ավելի ու ավելի են ծավալվելու ու խորանալու, եւ վերստին հանրահավաքների պահանջն ահագնանալու է, ու վերստին Ազատության հրապարակը բերնեբերան լցնելու հույսը կապվելու է ամենազոր Գագիկ Ծառուկյանի, ոչ իշխանական մյուսների, ինչպես նաեւ ոչ իշխանականների ինտելեկտուալ հարվածային ուժի՝ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց, այնուամենայնիվ, գլխավորը վերստին Ծառուկյանի անմիջական մասնակցությունն է լինելու, որովհետեւ Ծառուկյանին հավատացողները՝ մանավանդ կարիքավոր խավերի մեջ, լուրջ քանակություն են, եւ, ինչքան էլ շատերի համար զարմանալի է, կարիքավորներից շատերը հույս ունեն, որ Ծառուկյանն ու «Բարգավաճն» իշխանության գալով՝ իրենց կյանքը «կբարգավաճեցնեն»:

Այսուհանդերձ, ո՞րն է «Բարգավաճ Հայաստանի» եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի քաղաքական առաջընթացի եւ հաջողությունների գաղտնիքը: Տարիներ առաջ եղավ մի շրջան, երբ ժողովրդականություն սկսեց վայելել Տիգրան Կարապետիչը, եւ չնայած Տիգրան Կարապետիչի ժողովրդականությունն առանձնապես կարճ չտեւեց, այդուհանդերձ, ԺԿ առաջնորդն իր ժողովրդականությունը չկարողացավ վերածել մանդատների եւ քաղաքական լուրջ կապիտալի եւ, փաստորեն, իր կուսակցությամբ հանդերձ, ի վերջո դուրս մնաց քաղաքական դաշտից ու քաղաքական մրցակցությունից: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու Ծառուկյանին, նրանք այս պահի դրությամբ մրցակցությունից դուրս են, եւ հիմնական ուժը, ում հետ ժողովուրդը հույսեր է կապում, ԲՀԿ-ն ու Ծառուկյանն են: ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի շնորհիվ եւ ի հաշիվ Ծառուկյանի: Գումարած՝ ՀԱԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանի շնորհիվ եւ ի հաշիվ Տեր-Պետրոսյանի: «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ձեզ նվեր: «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ եւ ի հաշիվ Րաֆֆի Հովհաննիսյանի:

Ինչպես մի ավելորդ անգամ համոզվում ենք, Հայաստանում ոչ թե կուսակցություններն են զորեղացնում իրենց առաջնորդներին, այլ՝ ճիշտ հակառակը: Եվ ոչ իշխանական եռյակն էլ է իր առաջնորդների շնորհիվ ուժ ու իմաստ ստանում: Եվ, իհարկե, առաջին հերթին հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, եւ այս փաստը գալիս է ապացուցելու, որ, ուզենք թե չուզենք, այս պահի դրությամբ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտում միանգամայն խարիզմատիկ գոյություն է:

Այդ մասին՝ հաջորդ դասին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930