Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ես ուզում դառնալ հարցին՝ դպրոցականներից մեկը պատասխանել է՝ քիլեր»

Նոյեմբեր 24,2014 22:53

Aravot.am-ի հետ զրույցում լրագրող-հրապարակախոս  Համլետ Մոսինյանը, անդրադառնալով երկու օր շարունակ Գյումրու տարբեր թաղամասերում անպաշտպան կանանց վրա  դիմակավորված անձանց   կողմից  գիշերվա կեսին հարձակում գործելու, նրանց ալան-թալանի ենթարկելու փաստին ու նաև հանցագործների կիրառած մեթոդներին, ասաց. «Ես կարծում եմ, որ դիմակավորված անձիք   պրոֆեսիոնալ հանցագործներ չեն: Նրանք, երևի թե, բանկերին հազար ու մի պարտք ունեցող, վարկերի տակ ընկած մարդիկ են, որոնք հեշտ ու հանցագործ  ճանապարհով, ուրիշներին թալանելու միջոցով են ուզում իրենց պարտքերը մարել: Երկու օր առաջ Ալավերդիում, մարդաշատ վայրում դարձյալ դիմակավորված անձիք թալանել էին ոսկու փոքր խանութ: Փառք Աստծո,  այդ հանցագործությունը շուտ բացահայտվեց, չնայած սա այն դեպքն է, երբ չգիտես՝ ասե՞ս Փառք Աստծո, թե՞ ոչ, ամեն դեպքում  բացահայտումը  ցույց տվեց, որ դա պրոֆեսիոնալ ավազակի ձեռագիր չէ: Նման կարգի հանցագործությունները մեր երկրի ընդհանուր վիճակի ու նաև  անպատժելիության հետևանքն են:

Ինչքան ուզում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը հայտարարի, որ բարեփոխումներ են անում ոստիկանությունում, հանցագործների դեմ ակտիվորեն պայքարում են, ես կասեմ՝ ոստիկանությունը վատ է աշխատում: Շիրակի մարզի նոր ոստիկանապետը երբևէ մեզ՝ հասարակության անդամներիս,  տեղեկացնո՞ւմ է, թե այսքան ժամանակ ինչքան միավոր զենք են հայտնաբերել, առգրավվել մեր քաղաքից ու մարզից…: Եվ ի վերջո, ուզում եմ ասել, որ բենզինի շշով, դանակով մարդկանց տնակներ խուժելը, նրանց  կպչուն ժապավեններով կապելը ու թալանելը , կարծես, ընդօրինակած լինեն մեր հեռուստալիքներով ցուցադրվող սերիալներից: Երևի, նայելով ֆիլմերը, ոգևորվում ու փորձում են կիրառել կյանքում: Ասենք այդքան մտածողություն չունեն, որ հասկանան, թե ռեժիսորը հանցագործության դրվագը ներկայացնելիս  նպատակ է ունեցել  դաստիարակչական   աշխատանքներ տանելու, թեև ռեժիսորներն էլ  էդքան պրոֆեսիոնալիզմ չունեն իրենց ասելիքը նորմալ տեղ հասցնելու: Մարդիկ հենց ուղղակի իմաստով հասկանում են ու գործի են անցնում: Սա իրոք ցավ է:

Պատկերացրեք, նման ֆիլմերի ազդեցությունն այնքան շատ է, որ վերջերս պետպատվերով հարցում են կատարել Երևանի  դպրոցներում՝ բարձր դասարանի աշակերտներից հետաքրքրվելով, թե  ի՞նչ  են ուզում դառնալ: Նպատակը եղել է իմանալ, թե ո՞ր մասնագիտությունն է ավելի պահանջված, սիրված: Հարցումն անցկացնողը, զարմացած ինձ պատմեց, թե  աշակերտներից  մեկը հպարտ-հպարտ  պատասխանել է՝ քիլեր: Մի պահ մտածել են, թե տղան չի հասկանում քիլեր բառի իմաստը, երբ հարցրել են՝ գիտե՞ս ինչ է նշանակում քիլեր, ասել է՝ այո, իհարկե  ու բացատրել է: Հարցումն իրականացնողները ասել են՝ ենթադրենք պատվիրեն, որ քո հարազատ հորեղբորը  սպանես, կանե՞ս, տղան պատասխանել է՝ դա էլ արդեն իմ մասնագիտությունը կդառնա: Տղան  զարմացել  է, որ հարցումն իրականացնողները այդպես զարմացել են իր պատասխանից: Իհարկե, ես հիմա չեմ հրապարակի հարցումներն անցկացնող կառույցի, ինչպես նաև դպրոցի անվանումն ու  թիվը,  քանի որ նրանցից թույլտվություն չունեմ, սակայն ես փաստն եմ ասում:

Այնպես որ, եթե անգամ այդ հանցագործներին բռնեն, չպիտի բացառենք, որ նորից շարունակվեն ավազակային հարձակումները…Տարիներ է  տևում մինչև ոստիկանությունն ու դատարանները մի հանցագործի  են պատժում: էնքան երկար է այս պրոցեսը, էնքան ձգձգված, որ հասարակությունը նույնիսկ մոռանում է, որ էդ տիպի հանցագործություն է կատարվել»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930