Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոյեմբեր 25,2014 19:11

Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2014 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

25-Best-teacher-1

«Լավագույն ուսուցիչ» մրցույթն իրականացվում է ՀՀ Կրթության ու գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով` հովանավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Տերունական աղոթքից հետո հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով: Ողջունելով մրցանակաբաշխության առիթով Հայաստանի տարբեր մարզերից Մայր Աթոռ ժամանած ուսուցիչներին` Վարդան եպիսկոպոսն անդրադարձավ Վեհափառ Հայրապետի կողմից մրցույթի հաստատման կարևորությանը և ուսուցչի մարդակերտման ծառայության խորհրդին: «Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի այս մրցանակը, ինչպես վկայում են այս մրցանակին արժանացած ուսուցիչները, Հայոց Հայրապետի ձեռքից նվեր ստանալը և վկայված լինելն իբրև այդ տարվա լավագույնը, հոգևոր մեծ խորհուրդ ունի: Մեզ համար այդ խորհրդի արմատը հինգերորդ դարն է` Թարգմանչաց շրջանը, որտեղից սկսվեց հայկական ազգային դպրոցը, տարածվեց, զարգացավ և այսօր դուք, սիրելի մանկավարժներ, հետնորդներն եք այդ հսկա հոգևոր ժառանգության: Եվ այսօր եկել ենք, հավաքվել ենք Հայոց Հայրապետի կողքին, որպեսզի նորոգենք մեր այն գիտակցությունը, որ ուղղված է դեպի մարդը, մարդուն դաստիարակելու և կրթելու այդ վեհ և մշտապես գնահատելի առաքելությունը», – նշեց ՔԴԿ տնօրենը:

Վարդան Սրբազանը սերունդների հոգևոր դաստիարակությանը, ճշմարիտ արժեքների սերմանմանը միտված ծրագրերի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգածության համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և նախարարության անձնակազմին` սերտ և բեղմնավոր գործակցության կապակցությամբ:

Հանրապետական մրցույթի արդյունքներն ամփոփեց ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Մրցանակաբաշխության առիթով ուսուցիչներին շնորհավորեց նաև ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը` կարևորելով Եկեղեցի-պետություն համագործակցությունը կրթական ոլորտում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաղթող ուսուցիչներին հանձնվեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն և դրամական պարգևներ:

Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Սիմոնյանը (ՀՀ Շիրակի մարզ, Գյումրու թիվ 3 ա/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Մորիկյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Ուջանի մ/դ) և «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Խաժակ Նավասարդյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանի թիվ 3 հ/դ):

Երկրորդ մրցանակ ստացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Նադյա Սիմոնյանը (ՀՀ Վայոց Ձորի, Վայքի ա/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Նիկողոսյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Լեռնանիստի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նարինե Գոգչյանը (ՀՀ Լոռու մարզ, Շահումյանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Սանամ Մարգարյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի ա/դ), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարիամ Դեմիրճյանը (Երևան, թիվ 56 հ/դ), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Վանուհի Նիկողոսյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ, Ջերմուկի ա/դ), դասվար Գայանե Դանիելյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի N 7 մ/դ) և դասվար Մանուշակ Մելքումյանը (ՀՀ Արարատի մարզ, Նորաբացի մ/դ):

Երրորդ մրցանակ տրվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Ղարիբյանին (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի թիվ 2 հ/դ), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Հռիփսիմե Մովսիսյանին (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 5 հ/դ), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Փառիկ Նաղդալյանին (ՀՀ Արարատի մարզ, Փ.Վեդու թիվ 1 մ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գևորգյանին (ՀՀ Շիրակի մարզ, Գյումրու թիվ 5 հ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Հեղինե Արշավիրյանին (ՀՀ Վայոց Ձորի, Զառիթափի մ/դ), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Լենա Շահվերդյանին (ՀՀ Լոռու մարզ, Թումանյանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Անժելա Սիմոնյանին (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 4 հ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Մուրադյանին (ՀՀ Տավուշի մարզ, Բերդավանի մ/դ), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանին (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի թիվ 2 ա/դ), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Նարինե Խաչատրյանին (ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյանի թիվ 1 հ/դ), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Զոյա Գրիգորյանին (ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, թիվ 5 ա/դ), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Ծովինար Մխիթարյանին (ՀՀ Տավուշի մարզ, Սևքարի մ/դ), դասվար Արև Բալայանին (Երևան, թիվ 162 հ/դ) և դասվար Լիլիթ Խառատյանին (ՀՀ Լոռու մարզ, Ազնվաձորի մ/դ):

Մրցանակաբաշխությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով և օրհնությամբ: Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց, որ մրցանակաբաշխությունն անց է կացվում Մայր Աթոռում, որտեղ հաստատվել և գործել է ազգային առաջին կրթական հաստատությունը, առաջին դպրոցը, ուր մանկավարժի, ուսուցչի պատվավոր աշխատանքն են իրականացրել Սահակ Պարթև Հայրապետը և Մեսրոպ Մաշտոց Վարդապետը: «Նրանք կրթել և հասցրել են լուսավորյալ մի սերունդ, ովքեր բեկում են մտցրել ազգային մեր կյանքում, կրթական գործի մեջ: Այդ սերունդը մենք կոչում ենք Թարգմանչաց սերունդ` լուսավոր, փառապանծ, հպարտություն ներշնչող անուններ մեր ժողովրդի զավակաց համար: Նրանք ներշնչվել են իրենց ծառայագործության մեջ իրենց մեծ վարդապետի, մեծ ուսուցչի կերպարով, անձով, որ է մեր Տեր Հիսուս Քրիստոս: Հիսուս Քրիստոս իր հետևորդների կողմից ընկալվել և բնորոշվել է որպես ուսուցիչ, որպես վարդապետ, ով ուսուցանել է իր վարդապետությունը, կրթել իր հետևորդներին` առակներով, օրինակներով: Եվ Ավետարանիչը, անդրադառնալով մեր Տիրոջ գործունեությանը, բնորոշում է Նրան հետևյալ կերպ. ամեն ոք զարմանում էր Տիրոջ խոսքի ուժից, որովհետև Նա հեղինակությամբ էր ուսուցանում: Կարևոր է այս պարագան, որ ցանկանում ենք բերել ձեր յուրաքանչյուրիդ ուշադրությանը. հեղինակությամբ ուսուցանել: Իսկ ՞որ պարագային է, որ մենք կարող ենք հեղինակությամբ ուսուցանել: Ոչ միայն մեր գիտելիքների առատությամբ, ոչ միայն մեր ունեցած ինքնավստահությամբ, այլ երբ մեր խոսքը նույնական է մեր գործի հետ, երբ տարբերություն չկա մեր խոսքի և գործի մեջ», – ասաց Նորին Սրբությունը` կարևորելով ուսուցչի օրինակելի կերպարը:

«Մենք բոլորս` այստեղ նստած, եղել ենք աշակերտներ: Ունեցել ենք մեր ուսուցիչները և ամենքս ինչ աստիճանի, ինչ դիրքի, ինչ հմտությունների, որ տեր ենք դարձել, բոլորս էլ երախտապարտ ենք մեր ուսուցիչներին, որոնք կրթել, դաստիարակել են մեզ: Սակայն բոլորս էլ մեր կյանքում ներշնչվել ենք այն ուսուցչով, ով իր խոսքը նույնականացրել է իր գործի հետ: Նրանով ներշնչվել ենք, նրան սիրել ենք, նրան ընդօրինակել ենք: Ես պիտի ցանկամ, որ դուք այդպիսի ուսուցիչներ լինեք ձեր աշակերտների համար` սիրված, մեծարված և օրինակելի: Օրինակելի` ձեր խոսքով, ձեր գործով: Ուսուցչի անձի մեջ, ուսուցչի շուրթերից Աստված պետք է խոսի, որպեսզի երեխաներ կրթվեն, դաստիարակվեն Աստծո պատվիրանների ու պատգամների համաձայն, բարոյական արժեքները հիմը դարձնեն իրենց կյանքի, որոնց վրա և խարսխեն մեր ազգային կյանքը: Այդպես է, որ մենք պիտի կարողանանք ունենալ զորեղ պետություն, զորեղ ընտանիք և հասարակություն: Եվ օրհնյալ պիտի լինի ազգային մեր կյանքը», – պատգամեց Վեհափառ Հայրապետը:

Շնորհավորելով մրցանակակիր ուսուցիչներին իրենց կատարած ազգանվեր, աստվածահաճո գործի համար` Հայոց Հայրապետն ընդգծեց, որ մանուկների կրթությունը տերունաշնորհ ծառայագործություն է, և մաղթեց Աստծո օրհնությամբ շարունակել ազգի, Եկեղեցու և հայրենիքի համար արժանավոր զավակներ կերտելու պատասխանատու առաքելությունը:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՔԴԿ տնօրեն Վարդան եպիսկոպոսին և կենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարությանը` հորդորելով ուրախության, հպարտության զգացումով իրականացնել իրենց կարևոր ծառայությունն ազգային կյանքում:

Հանդիսության ընթացքում կատարումներով ելույթ ունեցավ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը` խմբավարությամբ Վահե Բեգոյանի:

 

            Մայր Աթոռ Ս. Էջմիածին  Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930