Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու հանդիսատեսը ֆենոմենալ հատկություն ունի»

Նոյեմբեր 26,2014 12:30

Երիտասարդ դերասանի տեսակետը՝ գյումրեցի հանդիսականի մասին

«Գյումրեցիները, անկախ տարիքային շերտից, միշտ էլ կապված են եղել թատրոնի հետ ու սիրել են թատրոնը: Չնայած եղավ մի ժամանակահատված, երբ անջրպետ ձեւավորվեց թատրոնի եւ հանդիսատեսի միջեւ:

Դա այն շրջանն էր, երբ ակտիվացան սերիալները, չակերտավոր աստղերի համերգները եւ թեթեւ ժանրի միջոցառումիկները: Բայց, փառք Աստծո, հանդիսատեսը շատ շուտ հիասթափվեց այդ ամենից եւ վերադարձավ իր արմատներին: Նորից սկսեց գնահատել ու կարեւորել մնայուն արժեքները: Վերջին մի քանի տարիներին, հուրախություն մեզ, պիտի ասեմ` թատրոնը չունի հանդիսատեսի պակաս, որի գերակշռող մասը երիտասարդներ են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Թեեւ այսօր Գյումրու դրամատիկական թատրոնը հանդիսատեսի պակաս չունի, այնուամենայնիվ, մեր հարցախույզին մասնակցած երիտասարդներից շատերը թատրոնի մասին այսպես արտահայտվեցին:

«Չեմ սիրե, կձանձրանամ, դրա փոխարեն կարելի է ֆուտբոլ խաղալ կամ նայել: Ոչ մի հետաքրքրություն չեմ գտնում թատրոնների մեջ»,- ասաց ապագա ֆուտբոլիստ, 17 -ամյա Էրիկը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Ռուբիկ Հովհաննիսյանն էլ համոզված է, որ մեր օրերում երիտասարդները թատրոնի մասին չեն էլ մտածում: Թատրոն գնացողների թիվն էլ, իր կարծիքով, նվազագույնն է: Ըստ նրա՝ պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական անկայուն վիճակն է, քանի որ ոչ բոլորին է հաջողվում գումար տրամադրել ժամանցն անցկացնելու համար:

Իր՝ թատրոն չգնալու պատճառն ապագա սոցիոլոգ Լիլիթը այսպես մեկնաբանեց. «Ընդհանրապես թատրոն գնալ շատ եմ սիրում, բայց միշտ չէ, որ ստացվում է: Չգնալու պատճառները շատ են: Օրինակ, մի քանի օր առաջ ներկայացում կար՝ ժամը 18:00-ին, չգնացի, որովհետեւ հետո մենակ պետք է տուն գայի»: Շատ ավելի տխուր պատասխան լսեցինք 20-ամյա Հայկից: Նա ասաց, որ վերջին անգամ 7-րդ դասարանում է թատրոն հաճախել, չի գնում, որովհետեւ հավես չունի:

Թատրոնի հանդեպ սեր չունեցող երիտասարդների մասին Դրամատիկական թատրոնի պրոդյուսերն այս կարծիքին է. «Թատրոնը մտածելու, խորհելու, կրթվելու, հույզերի տաճար է: Ես չգիտեմ մի բանիմաց մարդ, որը խրախուսի այն երիտասարդին, որը չի հաճախում թատրոն ու չի կարդում: Չնայած դա ժամանակի, կրթվածության ու ճաշակի հարց է: Հիմա մենք փորձարկում ենք երեկոյան անդամատոմս տարբերակը: Գնում են մեկ տոմս եւ դրանով կարող են ներկա լինել երեք տարբեր ներկայացումների: Վստահ եմ՝ թատրոնն այս նախաձեռնությունը հաջորդ տարի եւս կշարունակի»:

Հուրախություն մեզ, գտնվեցին նաեւ երիտասարդներ, որոնք նշեցին, թե սիրում են թատրոնը եւ գնահատում են թատերական գործիչների աշխատանքը: Նրանցից շատերն անգամ քննարկում են ներկայացումները, դերասանների խաղը, ունեն իրենց սիրելի դերասանները:

«Իմ կարծիքով՝ նոր սերունդն այս առումով շատ ակտիվ է: Շատ հաճախ եմ գնում ներկայացումներ դիտելու եւ նկատել եմ, որ Դրամատիկականի դահլիճը դատարկ չի մնում, դա վկայում է այն մասին, որ երիտասարդները սեր ունեն արվեստի, հատկապես թատրոնի նկատմամբ: Առհասարակ չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին, մեր Գյումրին իրենով տաղանդների հավաքածու է: Վերջին ներկայացումը, որ դիտել եմ, «Առնետներն» է եղել: Առավել տպավորված եմ երիտասարդ դերասան Կարապետ Եղոյանի խաղից: Նա թատերական խաղը ոչ թե համարում է մասնագիտություն, այլ ապրելակերպ. դա իմ կարծիքն է՝ որպես հանդիսատես»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ հագուստի մոդելավորող, դիզայներ Աիդան:

«Առհասարակ ավելի շատ եմ սիրում թատրոն գնալ, քան կինո, քանի որ դերասանների պրոֆեսիոնալ խաղը հիացնում է, այնտեղ չկա մոնտաժ, կան փոքր սխալներ, բացթողումներ, բայց դա բնական է: Իմ դիտած վերջին ներկայացումից շատ եմ տպավորված: «Առնետները» ներկայացումն էր, գլխավոր դերակատարներից Կարապետ Եղոյանի խաղն է տպավորվել մեջս: Նա երիտասարդ ու տաղանդավոր դերասան է»,- ասաց 20-ամյա Աննան:

19-ամյա Լուսինեն էլ շատ հաճախակի է գնում թատրոն: Վերջին ներկայացումը, որը դիտել է, «Սեր, Ջազ, Սատանան» է: Լուսինեն թատրոնի հանդեպ սեր ունի, դերասաններց էլ չի առանձնացնում ոչ մեկին, նա անվերապահորեն սիրում է թատերական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին: Ինչպես հարցվածներից շատերը, այնպես էլ 18-ամյա Գոհարն ասաց, որ թատրոն է գնում իր սիրելի դերասանին տեսնելու համար: Նա առանձնացրեց Կարապետ Եղոյանին: «Առավոտը» զրուցեց երիտասարդ դերասանի հետ: «Գյումրեցի երիտասարդն այսօր ոչ միայն թատրոնի, այլ նաեւ արվեստի մյուս ճյուղերով է հետաքրքրված: Իսկ թատրոնով հետաքրքրվում են, հաճախում են թատրոն, որովհետեւ այսօր ունենք ավագ եւ երիտասարդ սերնդի այնպիսի ռեժիսորներ, որոնք հստակ գիտեն, թե ինչպիսի խնդիրներ են հուզում երիտասարդներին, որն էլ հետեւաբար նրանց ուղղորդում է թատրոն: Եվ ամենակարեւորն այն է, որ նրանք ոչ միայն նայում են, այլ հաջորդիվ սկսում են քննարկել ու կարծիքներ փոխանակել միմյանց ու դերասանների հետ:

Կարծում եմ՝ հանդիսականին գրավելու միակ նախապայմանը լավ խաղն է, պրոֆեսիոնալիզմն ու քո բռնած գործի հանդեպ ունեցած ակնածանքը: Թող չթվա, թե հանդիսատեսը վատ խաղը չի հասկանում, այն էլ՝ գյումրեցի պահանջկոտ հանդիսատեսը: Իսկ թե ինչու է ինձ սիրում հանդիսատեսը, չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ դա փոխադարձ սիրո արդյունք է, ես մինչեւ բեմելը զգում եմ նրանց էներգիան: Դա աննկարագրելի զգացում է, բառերով բարդ է մեկնել ասելիքս»,-հայտնեց Կարապետ Եղոյանը: Չտարանջատելով մայրաքաղաքի եւ գյումրեցի հանդիսականին՝ դերասանը նկատեց. «Սիրում եմ բոլորին, առանց տարածաշրջանային խտրականության: Բայց մի բան կարող եմ, այնուամենայնիվ, ասել՝ Գյումրու հանդիսատեսը ֆենոմենալ հատկություն ունի, որը չեմ նկատել ոչ մի տեղ: Ռեժիսորական նուրբ կտորներ են լինում, անգամ համր տեսարաններ, որոնք շատ բարդ է ընկալել, դա սոսկ մասնագիտական նրբություն է, բայց գյումրեցի հանդիսատեսը դրանք նկատում է ու ծափահարում: Այ, սա իրոք երեւույթ է»:

ՍՏԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ. Լևոնյան says:

    Կարապետը դեռ շատ պետք է իր վրա աշխատի, դեռ մակերես է նրա մոտ:

    • Ստելլա says:

      Մ.Լևոնյան ,կարծում եմ , եթե դերասանը կարողանում է տպավորություն թողնել հանդիսատեսի մոտ ,ուրեմն նրա խաղը տպավորիչ է ,իսկ կատարած աշխատանքը մակերեսային լինել չի կարող :

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930