Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով պաշտպանն առաջարկում է ներգրավել Վերսալի պատվավոր փորձագետին

Նոյեմբեր 26,2014 19:06

Կոտայքի մարզի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով մերժեց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին:

Միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի անցկացվի կրկնակի հանձնաժողովային եւ համալիր ավտոտեխնիկական,  դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն:

Տասնվեց էջից բաղկացած իր միջնորդությունը հիմնավորելու համար, պաշտպանական կողմը ներկայացրեց փորձաքննությունն անցկացնելու համար անհրաժեշտ փաստերը, փորձաքննություն կատարելու իրավական հիմքերը:

Ըստ այդ իրավական հիմքերի էլ, կողմերին ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը երաշխավորում է, որպեսզի «իրենց կողմից փորձագետի» մասնակցությամբ այն անցկացվի:

Ըստ այդմ, Ն.Բաղդասարյանը միջնորդեց, որպեսզի որպես փորձագետ ներգրավվեն Ռոբեն Հազանին, որը վթարների գործով խորհրդատու է, Վերսալի վերաքննիչ դատարանի արտոնագրված պատվավոր փորձագետ, ու նաեւ՝տեխնիկական փորձաքննության ինստիտուտի նախագահ:Փորձագետներին պաշտպանական կողմը առաջարկում էր հետեւյալ հարցերը.երեւան-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ.հատվածը, մասնավորապես, վթարի վայրը Անցյալ տարվա նոյեմբերի 20-ի  դրությամբ, ճիշտ է կարգավորված եղել, թե ոչ, եթե ոչ, ապա ինչպիսի ճանապարհային նշաններ կամ այլ անհրաժեշտ ինժեներական կառույցներ  պետք է տեղադրված լինեին, որոնք չեն եղել:

Տուժող Արթուր Հակոբյանի մեքենայի փոխանցման տուփը վթարի պահին ինչ դիրքում է գտնված եղել, եւ ելնելով Արթուր Հակոբյանի եւ Վարդան Պետրոսյանի ավտոմեքենաների վրա առկա վնասվածքներից, պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե հնարավոր է պարզել, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով, թե վթարին նախորդող  պահին «Նիվա» եղե՞լ է ստատիկ վիճակում, թե՝ ոչ:

Փորձագետները պետք է պատասխանեին նաեւ այն հարցին, թե «Նիվայի», որ դետալի հարվածի արդյունքում է, որ տուժողները  ստացել են մարմնական վնասվածքներ, եւ որ դետալի հարվածի հետեւանքով է մահը վրա հասել:

Ի դեպ, հնչեց նաեւ բազմաթիվ անգամ հարցադրված, բայց այդպես էլ չպատասխանված հետեւյալ հարցը եւս. ելնելով երկու մեքենաների վրա առկա վնասվածքների տեղակայումից, բնույթից, հնարավո՞ր է պարզել , թե «վթարի պահից սկսած մինչեւ միմյանցից բաժանվելը Նիվայի ետեւի անիվները կտրված են եղել գետնից, թե ոչ, եթե այո, ապա կողնակում բախումը տեղի ունենալու դեպքում, վթարի նման մեխանիզմին բնորոշ հետքեր կմնային, թե ոչ, եթե այո, ապա նման դեպքեր առկա են, եթե ոչ»:

Խոսելով Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի թույլատրելի արագության հարցի մասին, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ  Վարդան Պետրոսյանին նման արարք մեղսագրելու համար, նախաքննական մարմինը պարտավոր էր ապացուցել, որ նա վթարի պահին խոսել է հեռախոսից կամ առնվազն այն եղել է նրա ձեռքում:

Ղ-Տելեկոմի կողմից տրված տեղեկատվության համաձայն. «Վարդան Պետրոսյանի հեռախոսի խոսակցությունը բռնել է Եղվարդ քաղաքի  Կոմիտաս 23  հասցեում տեղադրված ալեհավաքը, որը գտնվում է դեպքի վայրից  4,4 կմ.հեռավորության վրա, սակայն մինչեւ վթարի վայրը տեղադրված են եղել եւս երեք ալեհավաքներ:

«Վարդան Պետրոսյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ չի խոսել հեռախոսով, վթարի պահին, այլ իր խոսակցությունն ընդհատվել է մինչեւ վթարը»,-ասաց պաշտպանը:

Ըստ պաշտպանի էլ. «Մեղադրող  կողմը վթարի պահը  ստույգ արձանագրող  որեւէ ապացույց ձեռք չի բերել, հետեւաբար նախաքննության մարմինը Վարդան Պետրոսյանին, ՃԵԿ-ի նշված կետի խախտումը  մեղսագրել է առանց որեւէ ապացույց ունենալու»:

Նախաքննական մարմինը առնվազն պետք է ունենար վկա, ականատես, որը կհաստատեր, թե Վարդան Պետրոսյանի ձեռքին եղել է հեռախոս կամ, որ խոսել է հեռախոսով:

Մինչեւ օրս նման վկա չկա:

Նշվեց նաեւ, որ փորձագետ Խորեն Զաքարյանը ցուցմունք էր տվել, որ փորձաքննություն անցկացնելիս, փորձագետները չեն պարզել ոչ վթարի վայր, այսինք, վթարը եղել է ճանապարհի երթեւեկելի մասու՞մ, թե կողնակում, չի նշվել վթարի վայրը, քանի որ փորձագետին նման հարցեր չեն տվել:

Ըստ պաշտպանի, վթարի մասնակից երկու կողմերն էլ տվել են հակասական ցուցմունքներ  վթարի վայր մասին:

Հետեւաբար. «Քրեական գործի ելքով չշահագրգռված այլ ականատես վկաներ չունենք»:

Այս գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտվելու համար  ըստ Ն.Բաղդասարյանի, անթույլատրելի է մեկ կողմի ցուցմունքը ընդունելը, հակառակ կողմի՝ պաշտպանական կողմի ցուցմունքները համարել անարժանահավատ:

Դրա համար էլ անհրաժեշտ է փորձաքննություն, որպեսզի պատասխանեն, թե ի վերջո որտեղ է իրականում տեղի ունեցել վթարը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930