Լրահոս
Օրվա լրահոսը

Իմպիչմենտի այս նախաձեռնությունը հուշում է, որ սա «քննական թեսթ» է գերազանցապես ԲՀԿ-ի համար. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 27,2014 11:10

Իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես գալով՝ Նիկոլ Փաշինյանը, առաջին հերթին, աշխատում է իր քաղաքական կապիտալի վրա: Չմոռանանք, որ չնայած նա անվանապես ՀԱԿ խմբակցության կազմում է, բայց փաստորեն արդեն այդ խմբակցության անդամ նրան չես համարի: Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն է գործում, բացի դրանից, նախաձեռնել ու ձեւավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպությունը, որը, որոշակի առումով, առանձին քաղաքական ուժ դառնալու ճանապարհին է: Այսինքն` հիշյալ իմպիչմենտի նախաձեռնությամբ նա, նախ, իր միավորներն է հավաքում: Սա՝ իր հերթին:

Իմպիչմենտի այս նախաձեռնության հիմնական շարժառիթը, սակայն, ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգության» հռչակած «անհապաղ իշխանափոխության» փաստացի վիճակը երեւակելն է, ինչպես դա թվում է շատերին, այդ թվում՝ մեզ: Այսպիսով` Փաշինյանը, նախ, «վերադարձնում է պարտքը»: Ավելի պարզ՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեկ ամիս առաջ, կհիշեք, հայտարարեց, որ եռյակին քննադատողները «ընդդիմության ընդդիմություն» են, եւ նրանց անվանեց «մարգինալ», մեղադրեց իշխանության, նախագահ Սերժ Սարգսյանի դաշնակիցը լինելու մեջ:

Հիմա այս քայլով Նիկոլ Փաշինյանը կարծես յուրովի հակադարձում է՝ «դե մարգինալը հիմի դու տես» տարբերակով: Այսինքն՝ եռյակը հայտարարել է, թե «անհապաղ ու ամբողջական իշխանափոխության» նպատակ ունի: Եվ նման հայտարարություններից հետո հանրությանն ու եռյակային ուժերի համակիրներին անհասկանալի կլինի, թե ինչո՞ւ չեն միանում նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը: Ու եթե չմիանան, իսկ բանը կարծես հենց դրան էլ գնում է, հարց կծագի, թե ո՞վ է ում դաշնակիցը:

Նախագահի հրաժարականի պահանջի առումով ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», գոնե արտաքուստ, խնդիր չունեն: Այս ուժերի տարբեր ներկայացուցիչներ նախքան այս էլ հանդես են եկել կոշտ հայտարարություններով, մեղադրանքներով ու նման պահանջներով: Ավելին՝ ներեռյակային հարաբերություններում այս հարցում «Ժառանգությունը» երկակի վիճակում է հայտնվում, քանզի նախաձեռնությանը միացել է նաեւ իրենց ներկայացուցիչը:
Մյուս կողմից՝ մեկամսյա վաղեմության վերջին հանրահավաքում ԲՀԿ-ն էլ վերջապես արտասանեց «իշխանափոխություն» մոգական նշանաբառը: Բայց դա, մեր մեջ ասած, դեռ շատ բան չի հուշում:

Իսկ այ, իմպիչմենտի այս նախաձեռնությունը հուշում է, որ սա «քննական թեսթ» է գերազանցապես ԲՀԿ-ի համար: «Բարգավաճի» ղեկավարն ու քաղաքական դեմքերը առանձնահատուկ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա նախորդ հայտարարություններն ու բնորոշումները, որոնց մասին հազիվ թե մոռացած լինեն:
Եվ մի կողմից խնդիր ունեն ցույց տալու, որ հենց ԲՀԿ-ն է ընդդիմադիր ճամբարի «միտքը, խիղճն ու պատիվը», մյուս կողմից էլ թերեւս կկանգնեն բացատրություններ տալու անհրաժեշտության առաջ, թե ինչու չեն միանում իմպիչմենտի նախաձեռնությանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930