Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում տեղի կունենա Ցեղասպանության թեմայով միջազգային ֆորում

Նոյեմբեր 27,2014 13:53

Նոյեմբերի 28–ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» տեղի կունենա «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային ֆորում: Այն համատեղ կազմակերպում են  «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ):

Ֆորումում քննարկվող հարցերն են. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավա-քաղաքական ճանաչման դիտանկյունները:

Ֆորումին մասնակցում են ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Է. Պամֆիլովան, ՌԴ Պետական Դումայի փոխխոսնակ Ն. Լևիչևը, ՌԴ Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար, «Արդար աշխարհ» ինստիտուտի տնօրեն Ս. Միրոնովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու. Նավոյանը, ակադեմիկոս Ա. Դավիդսոնը, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Վ. Սումսկին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ն. Վելիկայան, ՎՇԷ-ի պրոֆեսոր Ի. Կրիվուշինը, «Ազգային պաշտպանություն ամսագրի» խմբագիր Ի. Կորոտչենկոն, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ս. Բաղդասարովը, վերլուծական և ակադեմիական հաստատությունների ուրիշ ներկայացուցիչներ:

Պատկառելի ներկայություն ունեն ՌԴ ազգային համայնքները: Մոսկվայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի ֆորումին մասնակցելու են «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահներ Ա. Գերբերը և Ի. Ալտմանը, Ռուսաստանի հույների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ, Պետդումայի նախկին պատգամավոր Ի. Սավվիդին, Հունական կազմակերպությունների միջազգային ընկերակցության պատասխանատու քարտուղար Գ. Մելանիֆիդին, Ռուսաստանի ասորիների միության նախագահ Դ. Յակուբովը, Քրդական կազմակերպությունների միջազգային ընկերակցության նախագահ Մ. Շամոևը և ուրիշներ:

Ֆորումին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել միջազգային ճանաչված մասնագետներ, պրոֆեսորներ Յ. Օրոնը (Իսրայել), Կ. Ֆոտիադիսը (Հունաստան), Մ. Եվտիչը (Սերբիա): Հայաստանից հրավիրված գիտնականների թվում են ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Վ. Պողոսյանը:

Ֆորումի շրջանակներում «Պրեզիդենտ հոթելի» սրահում տեղի կունենա նաև վավերագրական նյութերի ցուցահանդես` նվիրված հայերի և ուրիշ ազգերի ցեղասպանություններին:

Ֆորումի արդյունքները կամփոփվեն հոդվածների ժողովածուի տեսքով:

Հայերի Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախօրյակին Մոսկվայում «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքական, գիտական շրջանակների և ազգային համայնքների ջանքերի համատեղում` ցեղասպանության փաստի դատապարտման և դրա  կանխարգելման միջոցները քննարկելու համար:

Հարկ է նշել, որ ներկա ֆորումը ցեղասպանության թեմայով «Ռուս-հայկական համագործակցության» և «Արդար աշխարհ» ինստիտուտի հերթական համատեղ միջոցառումն է: Դեռևս 2008 թ. դեկտեմբերի 17–ին Մոսկվայում կազմակերպվել է «Ցեղասպանության գործոնը. պատճառները և կանխարգելման միջոցները» միջազգային գիտաժողովը` նվիրված ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման 60-ամյակին:

 

 Ռուս-հայկական համագործակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930