Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ»-ում բարձր աշխատավարձեր ստացել են արտադրության պետերը, տնօրենները

Նոյեմբեր 27,2014 18:35

էներգետիկայի  եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր «Նաիրիտ» գործարան կատարած այցի ժամանակ նշել է,  որ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչեւ 2 մլն 600 հազար դրամ, ինչը, նախարարի կարծիքով, բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում:

Aravot.am-ը «Նաիրիտ»-ի արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե «Նաիրիտ»-ում բարձր աշխատավարձեր ստացողները կոնկրետ ովքե՞ր են եղել:

«Թե ով որքան աշխատավարձ է ստանում, մեզ մոտ փակ տեղեկատվություն է, բայց դրանք փոխտնօրեններն են, արտադրամասի պետերը, գլխավոր մասնագետներն ու ավելի վերեւ պաշտոններ զբաղեցնող անձինք»,-ասաց Հրաչ Թադեւոսյանը:

Նշենք, որ մամուլում, բազմաթիվ հրապարակումներ եղան, համաձայն որոնց, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Աշոտ Սարգսյանը, որը զբաղեցնում էր «Նաիրիտ»-ի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը, նույնպես մի քանի միլիոն դրամ աշխատավարձ է ստացել:

Ի տարբերություն Երվանդ Զախարյանի, Հրաչ Թադեւոսյանը չի գտնում, որ «Նաիրիտ»-ի` պարտքերի մեջ թաթախվելու պատճառներից մեկը եղել են բարձր աշխատավարձերը: Մեր զրուցակցի համոզմամբ, գործարանն այդքան պարտքեր է կուտակել, քանի որ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն սեփականատերը ժամանակին եւ խոստացված չափով չի կատարել ներդրումային պարտավորությունները:

«Այդ պատճառով գործարանը չի կարողացել բանկերից վերցրած վարկերի տոկոսները վճարել, սպառած հոսանքի, գազի համար վճարել եւ ընկել է պարտքերի մեջ»:

Այսօր Երվանդ Զախարյանը «Նաիրիտ»-ի աշխատակիցներին խոստացել է երկու աշխատավարձ վճարել` մեկը մոտ օրերս, մյուսն էլ դեկտեմբերին, չնայած, որ, ինչպես Հրաչ Թադեւոսյանն է ասում, կոլեկտիվի անունից խնդրել է, որ խոստացվածից բացի դեկտեմբերի մեջ եւս մեկ աշխատավարձ էլ վճարեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930