Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղի կինը» համաժողովրդական շարժման կողքին է

Նոյեմբեր 28,2014 16:00

«Լայն համախմբման ֆոն» ապահովելու գործընթացը բարեհաջող է ընթանում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը քաղաքական եւ հասարակական այրերին առաջարկում է գնալ համեմատաբար արդար ճանապարհով, ինչպես ժամանակին արեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Այն հասարակական գործիչները, ովքեր ունեն սեփական համակրանքներ ու հակակրանքներ, գտնում են, որ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակն է, կարող են արդարացիորեն վերակազմակերպվել` լուծարել հասարակական կազմակերպությունները` ստեղծելով քաղաքական կազմակերպություններ: Հասարակական կազմակերպություններին քաղաքական պայքարի` իշխանափոխության համար պայքարի գործին ներգրավելը, կուսակցական խմբերին կամ դաշինքներին սատարելը մեր կյանքում նորություն չէ, այնինչ հասարակական կազմակերպությունների մասին օրենքը հստակ սահմանում է. «Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջեւ չբաշխող (ոչ առեւտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական, հոգեւոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց եւ այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Եթե միավորումը, սույն կետում նշված նպատակների հետ միասին, ունի նաեւ քաղաքական, կրոնական, արհեստակցական նպատակներ, ապա հասարակական կազմակերպություն չէ եւ կարող է պետական գրանցում ստանալ որպես հասարակական միավորման կազմակերպական-իրավական այլ տեսակի կազմակերպություն»:

1998-ի նախագահական ընտրություններում 54 հ/կ-ներ սատարում էին Ռոբերտ Քոչարյանին, հետո 2003-ին 10-ից ավելի կազմակերպություն ընդդիմությանն էր սատարում, 50-60-ը՝ իշխանությանը, եւ այդպես շարունակ: Օրեր առաջ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում որոշում ընդունվեց` «խորհրդակցել հ/կ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ այլ հանրային խմբերի հետ՝ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու եւ միասնական օրակարգ ձեւավորելու նպատակով»: «Ես մեկն եմ համաժողովրդական շարժումից» ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվում են այն կազմակերպությունների անունները, որոնք անսացել են ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի համագործակցության կոչին: Այսպիսով, համաժողովրդական շարժմանն աջակցում են «Էթնոս» էթնո-մշակութային հետազոտությունների կենտրոնը, «Կանանց դպրոցը», «Լույսի ուժը», «Պարերի եւ սպորտային պարերի», «Զարթոնք հայության» սահմանամերձ գյուղերի հասարակական կազմակերպությունը, «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ», «Ինտելեկտ», «Գոյապայքար», «Քաղաքացիական դիրքորոշում», անգամ «Գյուղի կին» կազմակերպությունը եւ այլք:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ սա չի կարելի արդարացնել նախկինի արատավոր պրակտիկայով` «նրան կարելի էր, մեզ չի՞ կարելի»:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ իրավապաշտպան հ/կ-ի ղեկավար Արման Դանիելյանն էլ չի արդարացնում հասարակական գործունեության տարրալուծումը քաղաքական գործընթացներում: Իրենց գործունեության փորձից օրինակ է բերում, որ երբեք չեն խառնվել քաղաքական գործընթացներին, փորձել են չեզոք դիրքերից գնահատել մարդու իրավունքների պաշտպանությունն այս կամ այն գործընթացում: Տարբեր քաղաքական գործընթացներին միացող հ/կ-ների ճնշող մեծամասնության անուններն ու նախաձեռնությունները (եթե, իհարկե, դրանք կան) ոչինչ չեն ասում հասարակությանը: Դրանք հիմնականում նաեւ մարդ-կազմակերպություններ են, որոնց մեծ մասի անունը երեւի թե առաջին անգամ է հնչում: Հասկանալի է, որ նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին ուղղակի «լայն համախմբման» ֆոն է ապահովում: Թե դա ում եւ ինչ է տալիս՝ հավանաբար, միայն կողմերին է հայտնի: Այս ամենում, ըստ Արման Դանիելյանի, մի բանն է մխիթարական` ի տարբերություն հարեւան Ադրբեջանի՝ մեր երկրում հասարակական կազմակերպություն գրանցելու գործընթացը բավական պարզ է, ու դա դրական գործընթաց է:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում չհամաձայնեց դիտարկմանը, որ հ/կ-ների ներգրավումը քաղաքական գործընթացներում զուտ ֆոն ապահովելու համար է: Նա պարզաբանեց, որ համաժողովրդական շարժումը որեւէ մեկին չի ներգրավում քաղաքական գործընթացներում, այդ կառույցներն իրենք են արձագանքել կոչին, որն ուղղված էր ՀՀ բոլոր քաղաքացիներին. «Իսկ կոչը ոչ թե քաղաքականությամբ զբաղվելն է, այլ համաժողովրդական շարժմանը միանալը: Իսկ շարժման օրակարգը բաղկացած է հենց տնտեսական, սոցիալական եւ համանման խնդիրներից, ինչը օրենքով եւ տվյալ կազմակերպությունների կանոնադրություններով իրենց պարտադրված գործունեություն է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Բա հո ԳՅՈՒՂԻ ՏՂԱՄԱՐԴԸ չի լինելու..Տղամարդը վաղուց արտագաղթել է…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930