Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ ռուսը կգժվի ու Պուտինին կասի՝ «դավայ», կամ եվրոպամետները նրան կքշեն

Նոյեմբեր 28,2014 16:30

Խաչատուր Քոքոբելյանն ու Զարուհի Փոստանջյանը՝
ՌԴ-ում հավանական հեղափոխության սցենարների ու ԵՏՄ-ի մասին

Օրերս ԱԺ-ում ԵՏՄ անդամակցության պայմանագրի թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել: Այդ լսումներն անցան բավական պասիվ, որովհետեւ պատգամավորներից միայն Խաչատուր Քոքոբելյանը եւ Զարուհի Փոստանջյանը արտահայտվեցին ԵՏՄ անդամակցության դեմ՝ հակադարձելով կառավարության անդամներին, թե ԵՏՄ-ն դրախտ է Հայաստանի համար:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Խորհրդարանական լսումները այսօր չէ, որ պետք է անեինք: Այսօր կա մի ակնհայտ իրողություն՝ գրեթե բոլոր զեկուցողները՝ բացի այդ պայմանագրի զուտ տեխնիկական կառուցվածքից, թե քանի գլուխ է, քանի էջ ունի եւ այլն, չփորձեցին անգամ մոտենալ բովանդակությանը: Ընդհանրապես չխոսվեց, թե որ ապրանքատեսակների թանկացում կարող է սպասվել, ինչպիսի վտանգներ կարող է ունենալ, թե ինչ վնաս կարող է կրել Հայաստանը՝ պատժամիջոցների հետ կապված, որը ՌԴ-ում կիրառվում է: Չխոսվեց ընդհանրապես ռուբլու գահավիժման մասին, երբ նույնիսկ ռուսական ադեկվատ վերլուծաբաններն են ասում, որ ՌԴ տնտեսությունը գնում է դեպի «կրախ», չխոսվեց, թե դա մեր տնտեսվարողների համար ինչքանով կարող է հետաքրքիր լինել՝ որպես շուկա: Ես ՀՀ-ում չեմ ճանաչում որեւիցե ռեալ տնտեսվարողի, որ հիմա այդ մտահոգությունը չունենա: Ռուսական շուկան գրավիչ չէ մեզ համար, որովհետեւ նույնիսկ գինեգործության համար ձեռնտու չէ: Ռուսական ռուբլու արդեն 33 տոկոս արժեզրկումից հետո պարզ է, որ ոչ թե շահույթ են հետապնդելու, այլ վնասով կմտնեն այդ շուկա: Մինչեւ այս պահը ՀՀ կառավարությունը չունի այս հարցերի պատասխանը: Եթե ունի էլ, չի հնչեցվելու»:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ բացի այն, որ այս պայմանագիրը հակասահմանադրական է, զուտ տնտեսական առումով էլ մենք գնում ենք մի միություն, որի հետ կապված հստակ վերլուծություն չունենք, թե ինչից կարող ենք զրկվել եւ ինչ կարող ենք շահել. «Ոչ մեկը չի ուզում բարձրաձայնել, թե այդ միության անդամակցության դեպքում օտարերկրյա ներդրումների ինչպիսի շեշտակի նվազեցում կլինի դեպի Հայաստան: Որեւիցե օտարերկրյա ներդրող չի ցանկանա ներդրում անել մի շուկայում, որը ոչ թե հասկանալի չէ, այլ խիստ հասկանալի դեպի վատ գնացող շուկա է: Մենք նաեւ տուժելու ենք այն պատժամիջոցներից, որը կիրառվում է ՌԴ-ի նկատմամբ»:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ ԵՏՄ պայմանագիրը շատ ուշադիր է կարդացել եւ նկատել է շատ վիճահարույց հարցեր. «Շատ մեծ եւ վիճահարույց հարց կա՝ շուկաների հետ կապված քվոտավորման առումով: Եթե դուք կամ որեւիցե մի քաղաքացի ցանկություն ունենա մեծ քանակությամբ, օրինակ, «Սամսունգ» տեսակի հեռախոս ներմուծել Հայաստան եւ փորձի իր բիզնեսով արտահանել ՌԴ, չի կարող, որովհետեւ քվոտավորված են բոլոր ճյուղերը: Հաշվի են առել ազգաբնակչության թվաքանակը, բայց դա նաեւ խոսում է այն մասին, որ դա մեզ համար ազատ տնտեսական միջավայր չէ, այլ խոչընդոտ է: Այսինքն՝ հայ բիզնեսմենը, որպեսզի կարողանա քվոտայից մեծ ծավալի ապրանք իրացնել ռուսական շուկայում, ինքը ստիպված է լինելու կտրուկ, շեշտակի բարձր գներով ներմուծում անել: Այսինքն՝ իրեն ստիպում են, որ ինքը այդ գործունեությամբ զբաղվի ռուսական շուկայում կամ ԵՏՄ անդամ այլ երկրում, քան Հայաստանում: Ես չեմ կարծում, որ կա մի ոլորտ, որի համար այս պայմանագիրը խնդիր է լուծում: Ամենավտանգավոր հարցը զենք-զինամթերքի հարցն է: Այն զինատեսակները, որոնք արտադրվում են ԵՏՄ պետությունների կողմից, այս դեպքում ՌԴ-ն եւ Բելառուսն են, մնացած բոլոր զենքերը ՀՀ ներմուծելու համար մաքսատուրքի խնդիր է առաջանալու: Իսկ այսօր մենք գիտենք, որ Հայաստանը նաեւ Չինաստանից է զենք ներմուծում»:

Խաչատուր Քոքոբելյանը վստահեցրեց, որ ԵՏՄ պայմանագիրը ոչ թե ՀՀ-ի համար շահավետ պայմանագիր է, այլ այն բացարձակ ՀՀ շահերից չի բխում. «Սա ուղղակի քաղաքական վճիռ էր, եթե ոչ՝ դատավճիռ»:

Խորհրդարանական լսումների ժամանակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, որ ցանկացած պահի Հայաստանը կարող է դիմում գրել եւ 1 տարի հետո դուրս գալ ԵՏՄ կազմից՝ վճարելով 2 մլն դոլար: Այսինքն՝ ԵՏՄ անդամակցությունն անշրջելի չէ: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դա միայն ձեւական ասվում է, ոչ մի պետության էլ չեն թողնի դուրս գա, ինչքան էլ ցանկություն ունենա. «ՌԴ-ում իսկապես 2 մլն-ից ավելի չեկիստներ են: Այդ միությունը չի կայանա, ես վստահ եմ, որովհետեւ ՌԴ-ի տնտեսական վիճակը բոլոր վերլուծություններով եւ բոլոր կանխատեսումներով ծանր է: Անդառնալի պրոցես է սկսել Պուտինը, որը չարիք է հենց Ռուսաստանի համար, հետո նոր մնացածի: Երբ մի միավորը կործանվում է, իր հետ նաեւ այլ միավորներ էլ կկործանի: Եվ այստեղ խնդիր է, թե մեզ ինչքան վնաս կպատճառի այս ամբողջ գործընթացը:

Միայն ծախսը չի խնդիրը: Եթե դու միջազգային պարտավորությունների տակ պետություն ես, հնարավոր չի այլ պետությունները, որոնք ցանկանում են այնտեղ ինտեգրվել, նրանց վրա ազդեցություն չունենան այդ պատժամիջոցները: Ոնց որ հիմա ՌԴ-ից ամբողջ կապիտալը փախչում է, նույնն էլ Հայաստանից է փախչելու: Մեր՝ այս դեռ չկայացած միության բռնակցումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում հսկայածավալ վնասներ է մեզ տալու, էլ չեմ ասում, որ մենք անվտանգության խնդիր ունենք, եւ մեզ մոտ, բացի ՌԴ-ից, այլ երկրներից զենք գնելու խնդիր կա: Եվ անտեսել երկրորդ համաշխարհային տնտեսությունը՝ Չինաստանը, մեծ սխալ է: Դու պետք է մոբիլ լինես: Ավանդական դաշնակիցդ վերջին մի քանի տարիներին արդեն քեզ դավաճանել է: Ես կարծում եմ՝ մեր միակ դաշնակիցը մեր զինված ուժերն են»:

Զարուհի Փոստանջյանը մի սցենար ասաց, որ հնարավոր է ՌԴ-ի եվրոպամետները ոտքի կանգնեն եւ առաջիկա 1-2 տարիների ընթացքում Ռուսաստանը կտրուկ շրջեն դեպի Եվրոպա: Մեր հարցին՝ սա ինչքանո՞վ եք հնարավոր համարում, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Հավանական չեմ համարում: Բայց հավանական եմ համարում այլ սցենար, որ ընդհանրապես այսօրվա ռուսական ռեժիմը, այսօրվա իշխանությունները Ռուսաստանի շահերին ադեկվատ չեն գործում, որը խոսում է այն մասին, որ դա անպատճառ կունենա իր վախճանը: Մոսկվայում ռուսը պիտի գժվի ասի՝ «դավայ»: Այնտեղ ոչ թե դրսից են հեղափոխություն անում, այլ իրենք՝ ներսից: Իրենք ունեն այդ հատկությունը: Իրենք ներքին ըմբոստություն ունեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930