Լրահոս
Օրվա լրահոսը

Երեսի զոռով

Նոյեմբեր 28,2014 10:13

Հայերենում կան արտահայտություններ, որոնք կապված են մարդու դեմքի (երեսի) հետ` պարզ է, թե ինչու. դեմքը homo sapiens-ի կարեւորագույն մասն է, որն արտահայտում է նրա էմոցիաներն ու ինտելեկտը: Համենայնդեպս, պետք է արտահայտի: Եվ եթե դեմքի հետ խնդիրներ կան, դա այդ մարդուն բացասաբար է բնութագրում` մենք ասում ենք, որ այդ մարդը երես չունի:

Օրինակ, մենք, կարծես թե, պատրաստվում ենք Համաշխարհային բանկից վարկ խնդրել «Նաիրիտի» համար: Իմ երեսը, անկեղծ ասեմ, չէր բռնի նման բան անել: Ինչո՞ւ: Որովհետեւ ես արդեն բյուջեից եւ ոչ բյուջեից ծախսել եմ «Նաիրիտի» վրա միլիարդավոր դոլարներ: Արդյունքները հայտնի են: Հիշո՞ւմ եք, դեռեւս 1990 թվականի աշնանը վարչապետ Վազգեն Մանուկյանը Գերագույն խորհրդին դիմել էր նման հարցով: 24 տարին փոքր ժամկետ չէ: «Նոր» փող ուզելու համար, հավանաբար, ճիշտ կլինի պարզել, թե ինչ եղան «հին» փողերը: Պետք չէ ոչ մեկին կախել կամ գնդակահարել, պարզապես մեզ համար պարզենք ու անցնենք առաջ:

Կամ` ավելի թարմ օրինակ. «Հյուսիս-Հարավ» ճանապարհը: Ի՞նչ գումար է ծախսվել, որքա՞ն է կառուցվել: Ի՞նչ երեսով պիտի էլի փող ուզենք: Եթե շինարարությունը շարունակվի այս տեմպերով, ապա այն կավարտվի մոտավորապես 300 տարուց: Գուցե այդ ժամանակ մարդկանց եւ մյուս «շնչավոր առարկաների» տեղափոխման ա՞յլ եղանակներ գտնվեն:

Բայց աներեսության բոլոր ռեկորդները խփում են, իհարկե, իրավապահները: Օրինակ, հատուկ քննչական ծառայությունը: Այնտեղ, հավանաբար, հատուկ տաղանդներով օժտված մարդիկ են հավաքվել, որոնք նույնիսկ տեսագրության պարագայում պնդում են, որ ոչինչ չեն տեսնում: Հիրավի՝ «լայնորեն փակած աչքերով»: Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակվում է իրադարձությունը լուսաբանող «Ա1+»-ի լրագրողի վրա, հարվածով վայր է գցում նրա տեսանկարահանող սարքը: Բայց հատուկ քննիչները գտնում են, որ «հանցակազմ չկա»: Պարզ է՝ «ուժայինները» «ուժայինին» պետք է սատար կանգնեն՝ էլ ո՞ր օրվա «ախպերությունն» է:

Կամ՝ առաջին երկու ատյանների դատարանները երեսի զարմանալի պնդությամբ պահանջում են ilur.am կայքից եւ «Հրապարակ» թերթից բացահայտել տեղեկատվության աղբյուրները` դրա համար չունենալով ոչ մի հիմք եւ խախտելով բոլոր ընթացակարգերը: Այս դեպքում էլ դատավորներն իրենց «ոստիկան ախպոր» դեմքն են փրկում:
Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե այս երկու գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հայաստանի պարտությունն այնտեղ երաշխավորված է: Բայց դե մարդկանց երեսը պետք է սարքած լինի ներբանից ավելի զգայուն նյութից, որպեսզի ՄԻԵԴ-ում պարտվելու հանգամանքն անհանգստության պատճառ դառնա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. david says:

    Պարզել, բայց չկախե*լ:Դա դեղատոմս չէ:Գոնե մի անմեղ գտնեն, համակարգի ու բթաորձ բոշայի փոխարեն զնդանեն, որ հայեցի լինի:Չէ ,,Ոսկի մոլորակ,,ծրագիրն ավելի լավն է, ,,Դրախտի քարտեզ-2,,-ն ավելի արդար:Գենետիկ անարդար ու դավաճան տեսակից ազատվելն է մարդակության բարոյական կոդեքսի հիմքը:Սիրում եմ տիեզերքդ Հայաստան, շատ, շատ…

  2. Շնորհակալ ենք այս թերությունները մատնանշելու համար: Ինչպես գիտեք, օր ու գիշեր քրտինք ենք թափում իրավազուրկների ու անպաշտպանների վրա, ջանք ու եռանդ չենք խնայում մեր կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար, քարը քարի վրա չենք թողնում մեր երկրում: Հավաստիացնըմ եմ, որ ձեր նշած բացթողումները անպայման լուծում կստանան մոտ կամ էլ հեռավոր ապագայում:

  3. Narek says:

    Ես համոզված եմ, որ այդպիսի մեկ-երկու դեպք ապօրինություններ այլևս չեն կատարվի, եթե դու դրանց նայես ոչ թե «ախպերության» շրջանակում, այլ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի:

    Հոդվածներիդ 90 տոկոսի մեջ հայաստանցիներին էսպիսի (վերևում գրածս) խորհուրդներ ես միշտ տալիս, հիմա մի քիչ էլ դու քե՛զ լսիր, էլի:

  4. арман says:

    Պարզել թե ովքեր մսխեցին նաիրիտին նախկինում հատկացված հսկայական գումարները և բոլորին բարի վաելք ցանկանալ, իսկ օրենքի ամբողջ խստությամբ պատժել այն մարդկանց ովքեր երբեմն երեխաներին սովից փրկելու համար 5 կիլոգրամ պղձալար են գողանում .
    .Գուցե խմբագրական սխալ է տեղի ունեցել պարոն Աբրահամյան ? Կամ էլ դոք ձեզ սպառել եք.Այլապես ինչպես մեկնաբանել ձեր միտքը …պարզել բայց չկախել

  5. david says:

    Չպարզել և չկախելու, կախել, բայց չկախվելու համար համբուրում են գեստապոյի դռները և հրաժեշտ տալով գնում քննչական վարչություն, որ չկախվածների վտառները դուրս բերեն երազների ծով:Չէ, ծովերը կխուսափեն համաշխարհային աղետից և բորենիների մոխիրն անգամ չեն թողնի խառնվի ծովերի ջրերին:Հիմա ժամանակն է, որ ջրում ջրային կենդանիները լինեն,մարդկային, ազգային դիմակները պահածոյի տուփերում:Մոխրի մեջ հաստ աղիքով չեն չափի վամպիրիզմի ուղեղի ծալքերը և ախորժակի հավերժական շարժիչի գալարները:Չկայացած, չմարդացած երևույթները համակարգիչների հետ ու մեջ կննջեն, որպես հուշ և հուշատախտակ:Մոլորակին առաջադիմություն է պետք, Նոր Մարդու որակ, չառաջադիմող գոյը միշտ է պղծելու կյանքը:Ոչ, գոյին` մարդադեմ կենդանուն, հանուն մարդու:Ցիվիլը գոյին չի կարող փոխել, անհնար է:Ոչ թափառական մարդանման գազաններին, ի փառս Մարդու:Ոչ խաչող , կախող խաչելիք կախելիքներին, ոչ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930