Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Նազարյան. «Ես հո չե՞մ ասում` մեր Սահմանադրությանը ձեռք չտա՜ք…» «Իրատես de facto»

Նոյեմբեր 28,2014 12:42

Տասներեք տարվա մեջ ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվեց, ինչպես ասում են, հարմարեցվելով առաջին և երկրորդ նախագահների հեռագնա քաղաքական նկրտումներին: Այսօր օրակարգում է երրորդ անգամ երկրի հիմնական օրենքը նորովի «ձևել-կարելու» վիճահարույց թեման: Այս անգամ, ըստ ընդդիմախոսների, երրորդ նախագահի «հագով»: 1999-ին, երբ հանրապետության նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էր ստեղծվել, թեմայի շուրջ հարցազրույց խնդրեցի իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանից, ում դիտարկումներն այսօր էլ խիստ արդիական են:

Աշխարհում քանի՞ պետություն գիտեք, որոնց քաղաքացիական օրենսգիրքն էլ նույն մարդիկ գրած լինեն, քաղաքացիական դատավարության օրենսգիրքն էլ, Սահմանադրությունն էլ։ Ես մեկը գիտեմ։ Իհա՛րկե` Հայաստանը։ Իսկ հեղինակի անունը շատերը գիտեն` իրավագիտության դոկտոր, ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ։ ՀՀ Սահմանադրության «հարազատ հայրը»։

Երբ հարցրի, թե ինչու ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող նախկին` կիսասիրողական, ներկա` սուպերարհեստավարժ հանձնաժողովներում չընդգրկվեց, դառնությամբ ասաց. «Ոնց որ դանակը տան ձեռքդ, ասեն` հարազատ զավակիդ մորթիր։ Կմորթե՞ս։ Իհարկե, չես «մորթի»։ Նույնիսկ, եթե «հարազատ զավակդ» հեռու է կատարելության տիպար լինելուց»։

-Դուք շատ ցավագին ու կոշտ արձագանքեցիք նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Սահմանադրությունը բարեփոխելու նախաձեռնությանը։ Իրո՞ք համոզված եք, որ այն փոփոխելու անհրաժեշտություն չկա։

-Նախ եկեք պարզենք` ինչ բան է Սահմանադրությունը։ Զուտ գրական ստեղծագործությո՞ւն, թե՞ պետության հիմնական օրենք։ Եթե գրական ստեղծագործություն է, անշուշտ, անհրաժեշտ է ոչ թե 4-5 տարին մեկ, այլ ամիսը մեկ փոխել-բարելավել-կատարելագործել, ինչպես վարվում էր Լև Տոլստոյը «Աննա Կարենինա» վեպի հետ, երբ 28 անգամ ձևափոխված արտագրում էր այն։ Բայց եթե համարում ենք, որ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, պիտի ընդունենք նաև, որ այն ներքին հակասություն ունի։ Ներքին դիալեկտիկա։ Եվ սա միանգամայն օբյեկտիվ երևույթ է։

Օրենքը, առավել ևս` հիմնական օրենքը, միաժամանակ և՛ ստատիկ է, և՛ դինամիկ։ Հասարակական հարաբերությունների վրա ներազդելու համար այն պետք է լինի կարծր-կայուն-անփոփոխ։ Հասարակական կյանքում տեղի ունեցող սոցիալական, քաղաքական, տնտեսական տեղաշարժերն արտացոլելու, դրանք առավելագույնս արդյունավետ վերահսկելու համար էլ պետք է դինամիկ լինի, շարժուն։ Ես ինչո՞ւ վատ արձագանքեցի Սահմանադրությունը փոփոխելու նախագահի որոշմանը։ Որովհետև նախագահը պետության հիմնական օրենքի թիվ մեկ երաշխավորն է։ Եթե ինքը ձեռքը դրել է նույն այդ Սահմանադրության վրա, երդվել դրանով, նա այլևս իրավունք չունի իրեն առընթեր «քանդող բրիգադ» ստեղծելու։ Թող դա աներ, ասենք, Ազգային ժողովը, որը Սահմանադրության «պահապանը» չէ։ Թող աներ կառավարությունը, բայց ո՛չ հանրապետության նախագահը։ Հիմա Ազգային ժողովը պիտի սպասի, թե «սողոմոնիմաստունների» հանձնաժողովն ինչ սահմանադրական փոփոխություններ է «հրամցնելու» իրեն։

-Այսինքն, Դուք «հրամցնելու» անհրաժեշտությանը դեմ չեք։ Դուք «հրամցնողին» եք դեմ։

-Ես հո չե՞մ ասում` մեր Սահմանադրությանը ձեռք չտա՜ք… Ես ասում եմ` եկեք հասկանանք խնդրի պատասխանատվությունը։ Եթե մենք մնում ենք նախագահական կառավարման շրջանակներում, եկեք, ուրեմն, ճշգրտենք նախագահի լիազորությունները. մասնավորապես, նրա փոխհարաբերությունները Ազգային ժողովի, կառավարության և, ինչո՞ւ չէ, նաև դատական իշխանության հետ։ Ցավոք, մենք Սահմանադրության մեջ ամրագրել ենք միայն իշխանությունների տարանջատման մասին դրույթը, թեև ժամանակին ես պահանջում էի դրան զուգահեռ ամրագրել նաև իշխանությունների հավասարակշռությունն ու հակակշռությունը։ Փոփոխություննե՞ր եք ուզում, եկեք փոփոխություն կատարենք Սահմանադրության 4-րդ հոդվածում և ավելացնենք նոր դրույթ` նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը, բայց նորընտիր Ազգային ժողովն էլ, իր գործունեության առաջին վեց ամսում, իրավունք ունի նշանակելու հանրապետության նախագահի նոր ընտրություններ։ Դա կբացառի խորհրդարանը կամայականորեն լուծարելու վտանգը։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930