Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանի «ճենճոտ» օրինագիծը, «պրծած քառյակն» ու Արփինե Հովհաննիսյանի կաշկանդող հայացքը

Նոյեմբեր 28,2014 13:49

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած ԴԱՀԿ-ի մասին փաթեթի քննարկումն անցավ հումորային մթնոլորտում:

Հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նախ հայտարարեց, որ որպես իրավաբան, այդ նախագծին դեմ է քվեարկելու, որովհետեւ այն պատշաճ տեսք չունի, փնթի է ներկայացված. «Ես պատրաստ եմ նստել, աշխատել եւ ներկայացնել այս մասով նախագիծ, որը պատշաճ տեսք կունենա»:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նրան հակադարձեց. «Ընդունելով իրավական եւ քաղաքական պրոբլեմները, ձեր պարտքը չհամարեցի՞ք պատշաճ տեսքի բերել այս նախագիծը՝ հաշվի առնելով քաղաքացիների շահը: Այն թոշակառու պապիկը, որը նստում եւ սպասում է իր թոշակին եւ առանց դատարանի վճռի հանկարծ ստանում է ԴԱՀԿ-ի որոշման մասին ծանուցում, որ արգելանք է դրվել ամբողջ գույքի վրա ի՞նչ անի»:

Արփինե Հովհաննիսյանը մնաց անդրդվելի. «Անգամ լավագույն ցանկության դեպքում հնարավոր չէ այս նախագիծը պատշաճ տեսքի բերել, քրիստոնեական տեսքի բերել, որ հասցնենք այս քառօրյայում քննարկել: Այս նախագիծը լավագույն լուծում չէ՝ մեղմ ասած»:

Երբ Արփինե Հովհաննիսյանը խոսում էր, ակամայից նայում էր իր դիմաց նստած Տիգրան Ուրիխանյանին: Վերջինս գլուխը կախել էր: «Հայացքս ձեզ չի ուղղված, պարոն Ուրիխանյան, ուղղված է դիմացս, մի՛ կաշկանդվեք»,- հորդորեց ՀՀԿ պատգամավորը: Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքեց. «Ես ձեր հայացքից չեմ կաշկանդվում»:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, փնթի համարել մի նախագիծ եւ այդ հիմնավորմամբ մերժել, երբ այն կարգավորում է մի քանի հարյուր հազար քաղաքացիների խնդիր՝ ընդունելի չէ. «Խնդրեմ, վերամշակեք, բերեք այն համապատասխան արտաքին տեսքի: Քաղաքականապես սխալ կլինի այս նախագծին դեմ քվեարկելը:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ ինքն էլ այս օրինագծին դեմ է քվեարկելու, եւ իրեն չի հետաքրքրում, թե դրանից հետո ֆեյսբուքում իր մասին ինչ կգրեն: Նա ասաց, որ չի պատրաստվում գլուխը կախել, եւ կողմ է կառավարության ներկայացրած նախագծին, որն արդեն դրական եզրակացությամբ մտել է ԱԺ օրակարգ: Նա դիմեց Արծվիկ Մինասյանին՝ «Քառյակով չունե՞ք այդ կամքը՝ ստորագրություններ հավաքեք, մտեք ՍԴ, եթե շատ եք ուզում անցկացնեք այս օրենքը»:

Արծվիկ Մինասյանը ճշտեց, «ի՞նչ եք կպել քառյակից, քառյակը պրծել ա, չկա»:

Հովհաննես Մարգարյանը վիրավորվել էր հատկապես իր նախագծին «փնթի» որակումից: Նրա խոսքերով՝ «Ես իրավաբան չեմ, նախագիծն այս տեսքի է, բայց իմ սկի-ն, ձեր ոչնչի չափ չեղա՞վ: ժողովրդական խոսք կա՝ արտը խախուտ, մահանեն՝ կարկուտ: Կոնկրետ օրինակներ կբերեմ, թե ոնց են քաղաքացուն, որը այդ հասցեի հետ կապ չունի, կալանքի տակ դրել այդ հասցեի տունը՝ գույքը: Հիմա ճենճոտ ու փնթին այս մոտեցո՞ւմն է, թե՞ այս նախագիծը»:

Հովհաննես Մարգարյանի «ճենճոտ» բառից հետո քննարկվող բոլոր օրինագծերը պատգամավորները «ճենճոտ» էին որակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930