Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ նրանից մենք կմիանանք ԵՏՄ-ին, թե ոչ, բացասական ազդեցությունը տեղի կունենա». Սուրեն Կարայան

Նոյեմբեր 28,2014 14:51

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ ԵՏՄ-ն միայն տնտեսական ինտեգրացման համար է, այն բնակչության կենսամակարդակը բարձրացնելու է, կայուն տնտեսական աճ է ապահովելու: Նա ներկայացրեց ԵՏՄ բարձրագույն խորհրդի կառուցվածքը, որոշումների ընդունման կարգը, միջկառավարման խորհրդի կազմը, ԵՏՄ հանձնաժողովի կառուցվածքն ու ենթամարմինները: Վերջին մարմինը ԵՄ նախարարների կոլեգիան է, որը կազմված է լինում անդամ պետությունների ներկայացուցիչներից:

Ինչպես խորհրդարանական լսումների ընթացքում, այնպես էլ այսօր Սուրեն Կարայանը բացատրեց, թե ինչու է հայկական կողմը 2016-ի փետրվարից ունենալու 3 նախարար՝ 3 ձայնով, իսկ մինչ այդ ՀՀ երեք ներկայացուցիչները ունենալու են 1 ձայն:

ԵՏՄ դատարանում ներառված են լինելու յուրաքանչյուր պետության երկուական ներկայացուցիչ՝ 9 տարի ժամկետով: Դատարանի որոշումները հաստատում է բարձրագույն խորհուրդը: Բոլոր խորհուրդներում խորհրդի նախագահները լինելու են ռոտացիոն կարգով: Յուրաքանչյուր պետություն ունենալու է 1 տարի պաշտոնավարման ժամկետ:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այն տնտեսական հաշվարկները, որոնք կատարվել են, կարող են փոխվել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներից: Նա հարցրեց. «Մտադիր չե՞ք փոխել ձեր  հաշվարկները՝ հաշվի առնելով, որ արդեն փոխվել է իրավիճակը, փոխվել են նավթի համաշխարհային գները: Եվ ի՞նչ կանխատեսումներ ունեք ռուբլու եւ նավթի գների հետ կապված: Ռուբլին արժեզրկվում է, քաղաքացիների գնողունակությունը նույնպես անկում է ապրում, Դուք ռիսկերը հաշվե՞լ եք»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ՌԴ-ում վերջին իրադարձությունները, որ կատարվում են, շատ բացասական չի գնահատի. «Մեր տնտեսությունն այսօր էլ բավականաչափ փոխկապակցված է ՌԴ-ի հետ եւ անկախ նրանից մենք կմիանանք ԵՏՄ-ին, թե ոչ, բացասական ազդեցությունը տեղի կունենա: ԵՏՄ-ին միանալը մեզ համար ընդամենը լավ հնարավորություններ է ստեղծում: Այո, մենք հաշվարկներ արել ենք: Այն հաշվարկները, որոնք ունեք տնտեսական աճի հետ, հաշվի են առնված արդեն բոլոր ռիսկերը: Հստակ մեր տնտեսության համար աճ տեղի կունենա: Չեմ կարծում, որ ՌԴ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցները այս դեպքում բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Այն, որ փոխարժեքի հետ կապված տատանումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանից արտահանման հետ կապված, այո, այդ խնդիրը կա: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այն կկայունանա: Եթե վերցնում ենք երկու հանգամանք՝ ՀՀ-ն մինչեւ ԵՏՄ անդամ դառնալը եւ դրանից հետո, առնվազն 10-12 տոկոսով կրճատվի մեր արտահանողների ծախսերը: Դա մեզ հնարավորություն կտա, որ նույնիսկ իրենց փոխարժեքի տատանման դեպքում մեր արտահանողների ռիսկերն ավելի քիչ լինեն: Ցանկացած պարագայում մեր արտահանումն ավելի արագ կաճի, քան մինչեւ միանալը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930