Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Նիկոլ Փաշինյանի նախագծում բացակայում է առնվազն 3 կետ

Նոյեմբեր 28,2014 18:10

«Առավոտի» հարցերին է պատասխանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

– Ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

–  Պարոն Փաշինյանի այդ նախաձեռնությունը ողջունելի է, սակայն պետք է շեշտեմ, որ նրանում բացակայում են Սերժ Սարգսյանի կողմից թույլ տրված պետական դավաճանության և ծանր հանցագործություններ կատարելու առնվազն 3 կետ ևս:

–  Իսկ որո՞նք են այդ կետերը:

– Առաջինը՝ 2008 թվականի նոյեմբերի 2-ի Սերժ Սարգսյանի կողմից Մոսկովյան (Մայնդորֆյան) հռչակագրի ստորագրումը «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, համաձայն որի՝ նախատեսվում է Արցախի Հանրապետության տարածքների հանձնում Ադրբեջանին և մինչ օրս այդ շրջանակում ընթացող դավաճանական գործունեությունը:

2010 թվականի մարտի 22-ի Սերժ Սարգսյանի հետևյալ հայտարարությունը՝ «Ի հակառակ Ադրբեջանի պնդումների` Ղարաբաղի շուրջ ձևավորված անվտանգության գոտին հայկական կողմից ո´չ բնակեցվում է և ո´չ էլ շահագործվում»: «Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին», որն իր մեջ պարունակում է պետական դավաճանության հանցակազմ:

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում ընտրողների ձայները հափշտակելու համար մասնագիտացված կազմակերպված խումբ։

2013 թվականի փետրվարի 18-ին, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է հայ ժողովուրդը՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, իրականացրել է հայ ժողովրդի ձայների հափշտակություն, որով բռնազավթել է հայ ժողովրդին պատկանող իշխանությունը:

Երրորդ՝ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության անունից ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը, որը հակասահմանադրական է և Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ է՝ որպես հայոց երկու պետականությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք:

– Տիկին Փոստանջյան, Դուք միանո՞ւմ եք այդ նախաձեռնությանը:

– Վերոնշյալ 3 կետերը հանդիսանում են Սերժ Սարգսյանի կողմից պետական դավաճանության և ծանր հանցագործությունների կատարման հիմնական և կարևորագույն փաստերը, առանց որոնց փաստաթուղթը, իմ կարծիքով, ամբողջական չէ և դեռ ավելին՝ կարող է դիտարկվել որպես կողմնակալության դրսևորում:

Հեղինակի կողմից վերոնշյալ 3 կետ-մեղադրանքները փաստաթղթում ներառելու դեպքում ես այլևս առանց որևէ վերապահման կմիանամ նախագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ռոզա says:

    այդ երեք կետերի պատճառով պատգամավորականանդամնեը բետք է վայր դնեին իրենց մանդատները եւ հեշտուշ՚թյամբ կհեռացնեին սերռժին օրինական ճանապարհով կարծես ոչ մեկին չի հեդաքրքրումմեր երկրի կործանումը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930