Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդատներում արգելվում է նորածիններին կաթնախառնուրդ տալ

Նոյեմբեր 28,2014 19:07

Մոտ 3 տարի պայքարից, լոբբինգից հետո, վերջապես, նոյեմբերի 20-ին Ազգային Ժողովն ընդունեց «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը: Ժամանակին այս օրենքի նախագծի դեմ պայքարողներ կային. դրանք հենց կաթնախառնուրդներ, մանկական արհեստական սնունդ ներկրողներին էին, որոնք ծննդատներում անվճար կաթնախառնուրդներ էին բաժանում: Բուժաշխատողներն էլ այն ծննդկաններին, որոնք դժվարանում էին կրծքով կերակրել, կամ ինչ-որ խնդիր էին ունենում, անմիջապես այդ կաթնախառնուրդն էին առաջարկում. այսպիսով նորածինների մեծ մասը մեկ անգամ կաթնախառնուրդ ուտելուց հետո, հրաժարվում էին կրծքի կաթից:

Aravot.am-ի հետ զրույցում «Վորլդ Վիժն-Հայաստան» կազմակերպության առողջապահության ոլորտի քաղաքականության եւ որակի վերահսկման փորձագետ Նաիրա Ղարախանյանն ասաց, որ օրենքի ընդունումը դրական քայլ է, եւ անհրաժեշտ է հասարակության պահանջ ձեւավորել, որպեսզի մայրերն էլ գիտակցաբար հրաժարվեն գոնե մինչեւ 6 ամսական երեխային կաթնախառնուրդ տալ, իհարկե, կան դեպքեր, երբ իսկապես կրծքի կաթով անհնար է երեխային կերակրել, ուստի այս դեպքում նորմալ է կաթնախառնուրդ տալը:

Օրենքն արգելում է կաթնախառնուրդ արտադրող, ներմուծող ընկերություններին ծննդատներում գովազդել այդ ապրանքն ու անվճար բաժանել: Ըստ Նաիրա Ղարախանյանի, պետք է նաեւ ենթաօրենսդրական ակտեր մշակվեն, որոնք օրենքը խախտողների նկատմամբ պատժիչ մեխանիզմեր կիրականացնեն. տույժերի չափ է սահմանվելու:

Aravot.am-ի այն հարցին` հնարավո՞ր է այդ տույժերի չափն այնքան քիչ լինեն, որ համագործակցելով այդ ընկերությունների հետ ու նորածիններին կաթնախառնուրդ տվող բուժաշախտողին ձեռնտու կլինի գնալ «գործարքի» ու շարունակել բաժանել կաթնածառնուրդը, տիկին Ղարախանյանն ասաց. «Չեմ կարծում այդքան ցածր լինի տույժի չափը»:

Նաիրա Ղարախանյանն ասաց, որ մինչեւ 6 ամսական երեխաներին բացառապես կրծքով կերակրելու մի շարք առավելություններ ունի. նախ` 14%-ով նվազում է մինչեւ 1 տարեկան երեխաների մահացածությունը, այսինքն`կրծքի կաթից նորածնին զրկելով, մեր երկրում հնարավոր է տարեկան 50-60 երեխա մահանա, կամ հիվանդանա:

Aravot.am-ի հետ զրույցում «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանն էլ նկատեց, որ շատ կարեւոր է հետեւել օրենքի կիրառմանը. «Որովհետեւ, եթե թողնենք թղթի վրա` կստացվի «Գովազդի մասին» օրենքին, որտեղ եւս կար կետ, որ արգելվում է ծննդատանը կաթնախառնուրդ գովազդելը, արգելվում էր`ընկերություններին այցելել ծննդատներ ու գովազդել այդ ապրանքն ու անվճար բաժանել, սակայն օրենքը խախտվում էր ու պատժիչ մեխանիզմ չկա»:

Տիկին Հարությունյանի ներկայացմամբ` պետք է կաթնախառնուրդների  պիտակավորումը համապատասխանի պահանջներին, իսկ այս պահանջները պետք է ենթաօրենսդրական ակտերով կարգավորվեն: Տիկին Հարությունյանն ասաց նաեւ, որ մոնիտորինգ է արվելու, որպեսզի պարզվի, թե ինչպես է կիրառվում օրենքը, որտեղ է խախտվում, որից հետո ավելի ուժեղ պահանջներ դրվեն: Պետք է նաեւ, ըստ մասնագետի, բուժաշխատողների համար դասընթացներ կազմակերպվի, որպեսզի նրանք է հասկանան իրենց իրավունքներն ու պարտականությունները:

«Շատ մամաներ ասում են` ինձ առաջին օրը կաթնախառնուրդ են տվել, այն դեպքում, որ անհրաժեշտությունը չկար դրա: Իսկ երբ հարցնում ենք` ո՞վ է տվել, անուն չեն տալիս: Նույնիսկ այն ծննդատներում, որտեղ շատ դասընթացներ ենք արել, բուժաշխատողներն անցել են ընկերությունների կողմը, որովհետեւ նրանց գումարային խրախուսում են տալիս: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս խնդիրը շտկվի»,-ասաց Սուսաննա Հարությունյանը:

Ինչո՞ւ կարեւոր մինչեւ 6 ամսական նորածնին բացառապես կրծքով կերակրել, տիկին Սուսաննան նշեց մի քանի պատճառներ. «Երեխայի հետագա ամբողջ կյանքի, առողջության համար է կարեւոր, որովհետեւ նրանք ավելի քիչ են հակված լինում ալերգիկ, քաղցկեղային, սրտանոթային եւ այլ հիվանդությունների, գիրության: Իսկ մայրերը, որոնք մինչեւ 6 ամսական բացառապես կրծքով են կերակրում, նվազում է կրծաքագեղձի, ձվարանների քաղցկեղի, օստիոպոռոզի հիվանդացությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ծննդատան բժիշկներին, քույրերի, սանիտարներին տեսնելուց է ցամաքում մայրերի կաթնաղբյուրը:Կաթի փողը թողում են ծննդատանը և մերկ հեռանում…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930