Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք դադարեցնել իշխանական տեռորը». «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Նոյեմբեր 28,2014 19:40

Առաջին տարին չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները, մասնավոր ներդրողների հետ հանցավոր համագործակցությամբ, քաղաքում իրենց դուր եկած տարածքների բնակիչներին ստիպում են կնքել պայմանագրեր և փոխհատուցման չնչին գումարի դիմաց դուրս գալ բնակարաններից, իսկ դիմադրության հանդիպելու դեպքում գործը հասցնում հարկադրանքի, տեռորի և բռնության։

Նշված սցենարը քաղաքապետարանը` ի դեմս Տարոն Մարգարյանի, և «Լոկալ Դեվելոփերս» ՍՊԸ-ն՝ ի դեմս տխրահռչակ օլիգարխ Սամվել Մայրապետյանի, փորձում են կրկնել Տերյան 23-25 և Լալայանց 37  հասցեների բնակելի շենքի տասնյակ ընտանիքների նկատմամբ։ Նշված հասցեների բնակիչներին, առանց դատարանի որոշման, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից ապօրինի ծանուցումներ են ուղարկվել, որտեղ նշված է, որ բնակիչները իրավունք չունեն իրենց բնակարանները օտարելու որևէ մեկին՝ բացի Սամվել Մայրապետյանից։

Մարդու իրավունքների և նրա սեփականության նկատմամբ կազմակերպված հանցավոր այս ոտնձգության առումով հայտնում ենք մեր խիստ մտահոգությունը և հայտարարում, որ նշված հասցեների բնակիչների նկատմամբ նմանատիպ ճնշումների համար համապատասխան կատարածուներից պարզաբանում ենք պահանջելու դատական բոլոր հնարավոր ատյաններում։

Արդեն քանիցս շահարկելով հանրային գերակա շահի մասին օրենքը՝ մի քանի քստմնելի օլիգարխներ փորձում են ընդլայնել սեփական շինարարական բիզնեսը Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիների սեփականության, բարեկեցիկ և խաղաղ կյանքի հաշվին։ Հիշեցնում ենք, որ մեր քաղաքում այս պահին անավարտ մնացած նմանատիպ տասնյակ շինարարական նախագծերից տուժում են Երևան քաղաքի հարյուրավոր ընտանիքներ և մենք թույլ չենք տալու, որ քաղաքային իշխանությունների կողմից տարեցտարի կրկնվող այս արատավոր գործելաոճի հետևանքով տուժող քաղաքացիների թիվն էլ ավելի մեծանա։

Պահանջում ենք դադարեցնել Տերյան 23-25 և Լալայանց 37  հասցեների բնակիչների հետապնդումը, նրանց նկատմամբ ճնշումների և անուղղակի ահաբեկչական քայլերի կիրառումը։

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930