Վրաստանի ադրբեջանցիները Հայաստանի տարածքում են արածեցնում իրենց անասունները

Վրաստանի ադրբեջանցիները Հայաստանի տարածքում են արածեցնում իրենց անասունները

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատումը դեռ չի ավարտվել: Սահմանագծում չկատարվելու հետեւանքով Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքից 50 հա գտնվում է հայ սահմանապահների կողմից 2007թ. անցկացված փշալարից այն կողմ: Դեղձավանի գյուղապետ Յուրա Հովհաննիսյանն ասաց, որ այդ 50 հեկտարից 5-ը դեղձավանցիներին սեփականաշնորհված հող է, 5 հա-ն՝ համայնքի պահուստային վարելահող, 40 հա-ն՝ արոտավայր:

Դեղձավանի գյուղապետն ասաց, որ Վրաստանի ադրբեջանական գյուղերի բնակիչներն իրենց անասուններն արածեցնում են այդ արոտավայրերում:

Վրացական կողմը վիճարկում է նաեւ Դեբեդավան գյուղին պատկանող, Դեբեդի աջ ափին գտնվող 8-10 հա-ի պատկանելությունը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանը հայտնեց, որ դրա մի փոքր մասն է վարելահող, մնացածն արոտավայր է: Նա ասաց, որ 2008թ. գարնանը վարարած Դեբեդը իրենց գյուղի տարածքից քշել-տարել է 2.8 հա, որից 7000 քառակուսի մետրը դեղձի այգի էր: Դրանից հետո Դեբեդավան են եկել Տավուշի մարզպետարանի , ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողներ, որոնք ծանոթացել են խնդրին: Դամիրչյանն ասաց, որ ինքն այդ կապակցությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:

Նրա խոսքերով՝ ամեն տարի վարարած Դեբեդը քշում-տանում է որոշ տարածք: Վերջին մի քանի տարում հայկական տարածքում Դեբեդի ափը պաշտպանելու համար կառուցապատումներ չեն արվել: Վրացիները Դեբեդի ձախ ափը պաշտպանելու համար որոշ կառուցապատում արել են: Դամիրչյանի վկայութամբ՝ Դեբեդի վարարումներից հայկական ափն է տուժում, քանի որ այն դիրքով ավելի ցածր է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք