Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը ՀՀ ԱԺ-ում ունի ԵՏՄ-ական ջախջախիչ մեծամասնություն

Դեկտեմբեր 06,2014 12:00

ԵՏՄ-ի հայաստանյան իշխանական
եւ «ոչ իշխանական» «ռեժիմը» չի «կազմաքանդվի»

Ահա եւ վերջ: Խորհրդարանի իշխանական ՀՀԿ-ն եւ «ոչ իշխանական» ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, ինչպես եւ ենթադրվում էր, ուս ուսի տված կրկին «այո՛» ասացին հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի Եվրասիական միությանը` վավերացնելով մի քանի օր ԱԺ բերված Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:
Ռուսաստանի նախագահն էլ օրերս Պետդումային ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին օրինագիծը՝ վավերացնելու համար: Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի խորհրդարանները միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ օրինագիծը նախատեսում են վավերացնել մինչեւ 2015թ. հունվարի 1-ը:

Մինչ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն վերջին օրերին ռուսական կողմին մեղադրում է ԵՏՄ-ի շրջանակներում պայմանավորվածությունները չպահելու մեջ, նույնիսկ չի զլանում պետության ղեկավարին ոչ այնքան սազական լեքսիկոն օգտագործել ռուսական կողմի ցինիկ պահվածքին ի պատասխան, մինչ ռուսական ռուբլին «խորտակվում» է, իսկ Հայաստանում, չգիտես՝ արհեստականորեն, թե օրինաչափորեն, դրամն է սկսել տատանվել, Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկումները դարձյալ ի ցույց դրեցին Հայաստանի ապագայի մասին առողջ քննարկման իսպառ բացակայությունը, անկարողությունը` գոնե իրավիճակը լրջորեն վերլուծելու, հասկանալու Ռուսաստանի առջեւ մարտահրավերները, որոնց հետեւանքները Հայաստանի բնակչությունը զգալու է շատ արագ:

Նկատենք, որ այս շաբաթ Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունն անգամ զգուշացրեց, որ երկու տարի լճացումից հետո երկրի տնտեսությունը լուրջ անկում է ապրելու, եւ այդ անկումն արդեն սկսվել է։ Առաջիկայում սպասվում է կենսամակարդակի նվազում՝ գնաճի եւ արժեզրկվող ռուբլու ֆոնին։ Եթե նախկինում նախարարությունը ենթադրում էր, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015-ին կաճի 1.2 տոկոսով, ապա այսօր կանխատեսվում է, որ եկող տարի ՌԴ-ի տնտեսությունը կգրանցի բացասական դինամիկա՝ անկումը 1.8 տոկոս կլինի։

Այսինքն՝ մի կողմից՝ նավթի գնի անկումն է ու արեւմտյան պատժամիջոցները, արեւմտյան ֆինանսական շուկան փակված է ռուսաստանյան ընկերությունների ու բանկերի համար, մյուս կողմից` անորոշության մեջ հայտնված ԵՏՄ-ն եւ մեր խորհրդարանում Հայաստանի ապագան ԵՏՄ-ով փրկելու հիմնավորումներով ճառերը: Այսօր արդեն աչքի առաջ ունենալով Բելառուսի օրինակը՝ կարելի է հստակ կանխատեսել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տնտեսական մրցակցությանը վերաբերող վերջնական որոշումները կայացնելու է Մոսկվան, մինչդեռ հայ գործարարներին անհանգստացնող բազմաթիվ հարցեր առայժմ մնում են անպատասխան: Իշխանությունները, հավանաբար, հասկանում են, որ այսօր ինչ էլ պատասխանեն հայ գործարարներին, միեւնույն է, վերջնական որոշումները պարտադրվելու են «վերեւներից», այդ իսկ պատճառով իրենց նեղություն էլ չեն տալիս պարզաբանելու, թե այս կամ այն խնդրի կարգավորումն ինչպես են պատկերացնում:

Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական մասին: Ռուսաստանն այսօր մեկուսացված երկիր է, եւ նրա հետ միասին տնտեսական միությունում մեր երկրի ապագայի համար տնտեսական զարգացում կանխատեսելը գոնե այսօրվա պայմաններում իսկապես ֆանտաստիկայի ժանրից է թվում:

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, ցավալին այն էր, որ հայաստանյան քաղաքական-հասարակական դիսկուրսի թեմաները կրկին այս մակարդակում մնացին` «նայեք Ուկրաինայում ինչ եղավ», «բա մեզ էժան զենք ու գազ ո՞վ կվաճառի, եթե չմիանանք ԵՏՄ-ին», «արեւմտամետներ, եթե երկիրը ծախում ենք, ո՞ւր եք Եվրոպաներում թրեւ գալիս, եկեք փրկեք երկիրը», «ջղաձգվողներ, բա դուք ինչի՞ չեք պայքարում»:
Փաստացի այսօրվա Ազգային ժողովում ներկայացված իշխանությունն ու «ոչ իշխանությունը» միասին ճնշող մեծամասնություն են կազմում: Հետեւաբար Սերժ Սարգսյանի իշխանության «կազմաքանդումը», կարելի է ասել, նույնիսկ ինքնասպանության պես մի բան կարող է դառնալ խորհրդարանական «ոչ իշխանության» համար:

Իմիջիայլոց, այս համատեքստում խիստ հետաքրքիր է, թե Սմբատ Կարախանյանի հաջորդ հարցազրույցն ինչի մասին է լինելու, ինչպես է նա շրջանցելու Սերժ Սարգսյանի «հանցագործ» իշխանության հեռացման հարցը` Սերժ Սարգսյանի որոշումները խորհրդարանի «ոչ իշխանական» ուժերի կողմից լիակատար աջակցության պայմաններում, ու հիմնավորելու «ռեժիմի» օր առաջ հեռացնելու անհրաժեշտությունը, եթե «ոչ իշխանությունը» «ռեժիմի» հետ Հայաստանը տանում է դեպի մեծ անորոշության ու անկանխատեսելիության փուլ եւ դեռ հիմնավորում է, թե ինչու է պետք այդպես վարվել:
Մի բան անվիճելի է` ԵՏՄ-ի հայաստանյան իշխանական եւ «ոչ իշխանական» միասնական «ռեժիմը» վստահաբար չի «կազմաքանդվի»: Վլադիմիր Վլադիմիրովիչը ըստ արժանվույն կգնահատի հայոց խորհրդարանականների անմնացորդ նվիրվածությունն իրեն, չէ՞ որ նա Հայաստանի ԱԺ-ում ունի ԵՏՄ-ական ջախջախիչ մեծամասնություն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    ԵՏՄ- ական ջախջախիչ մեծամասնություն ունի Հայաստանի ժողովուրդը, ինչն էլ որ օրինաչափորեն արտահայտվեց ԱԺ-ում:

  2. Garegin says:

    Հարգարժան Էմմա, հավատացեք, որ Ձեր հոդվածի միայն մի քանի տողն եմ կարդացել ու հստակ կարող եմ ասել, որ եթե կար ժամանակ, երբ լրագրողներն էին ժողովրդին ՛՛զոմբի՛՛ սարքում /անհաջող բառ է, համամիտ եմ, ներեղություն օգտագործելու համար/, ինչ-որ նպատակի ծառայեցնելու համար, ապա այս վերջին մի քանի տարիների ընթացքում, նույնկերպ գործող լրագրողների մի ստվար զանգված կա, ովքեր ամեն ինչ անում են, բացի մեծամասնության կարծիքը հաշվի առնելուց: Եթե Դուք պատվեր չեք կատարում, ուրեմն Ձեր ներկայացրածն առվազն կարճամտություն է:
    Նառայից շնորհակալ եմ հակիրճ և դիպուկ մեկնաբանության համար:

  3. Մարատ says:

    Էդ ե՞րբ ԱԺ-ը հանկարծ դարձավ Հայաստանի ժողովրդի ՛՛միտքը, պատիվն ու խիղճը՛՛:
    Կատարվածը ոչ այլ ինչ էր, քան էնսհաթովների ՛՛օրինաչափ՛՛ խրախճանքը մոլեգնող ժանտախտի պահին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031