Լրահոս
Օրվա լրահոսը

«Անին» կմեծարի երախտավորներին

Դեկտեմբեր 10,2014 13:00

1999-ին հիմնադրված Գյումրու «Անի» պարային համույթը սկզբում գործել է ազգային գեղագիտական կենտրոնում ու կրել «Անդրանիկ» անունը: Այն ղեկավարել է Սուսաննա Փահլեւանյանը: 2003 թվականից վերջինիս միացել է նաեւ Սենիկ Խուբեսարյանը, որը եւ համույթի գեղարվեստական ղեկավարն է: Պարային այս համույթն իր ստեղծման օրվանից մինչ օրս ունեցել է բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ, արժանացել է տարբեր մրցանակների: «Մեր համույթը շրջագայել է եվրոպական տարբեր պետություններով, մասնակցել է միջազգային փառատոների, Գյումրիում՝ մի քանի մրցույթ-փառատոների, որտեղ ժյուրիի նախագահն է եղել Վանուշ Խանամիրյանը եւ շահել ենք գլխավոր մրցանակը: Մասնակցել եւ շարունակում ենք մասնակցել քաղաքի բոլոր կարեւոր միջոցառումներին»,- «Առավոտին» պատմեց Սենիկ Խուբեսարյանը:

Համույթում պարողներն ընդգրկվում են 5 տարեկանից եւ տարիքային սահմանափակումներ չկան: «Այս պահին ամենամեծ մասնակիցը 24 տարեկան է՝ Տիգրան Նորաթյանը, որը նաեւ մեր համույթի խորեոգրաֆն է: Համույթը բաղկացած է 4 խմբից, չեմ նշում տարիքայինը, քանի որ անկախ տարիքից, երբ նոր են գալիս, պետք է սկզբնական շրջանն անցնեն ուսուցողական խմբում, որից հետո, ելնելով իրենց տվյալներից, փոխվում են համապատասխան խումբ: Մեծերի խումբ չեն տեղափոխվում այնքան ժամանակ, մինչեւ չհասնեն համապատասխան մակարդակի»,- հավելեց նա: «Առավոտը» զրուցեց նաեւ գյումրեցի ժողովրդական երգիչ, «Ժողովրդական պարեր» հեռուստանախագծի՝ երկրորդ եթերաշրջանի հաղթող Կարեն Աթոյանի հետ, որը նաեւ «Անի» համույթի պարող է: Կարենը համոզված է. «Պարը հոգեվիճակ է, յուրաքանչյուր հայ հասկանում է պարի լեզուն, քանի որ դա մեր արյան մեջ կա»: Կարենը գտնում է, որ հայապահպանության գործում շատ մեծ է ինչպես երգի, այնպես էլ պարի դերը. «Եթե չունենք մշակութային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են երգն ու պարը, էլ հայն ո՞ւմ է պետք: Չեմ պատկերացնում երգն առանց պարի, կամ պարը՝ առանց երգի. պատկերացրեք մարմին՝ առանց հոգու»:

Պարարվեստում Կարենն իր առաջին քայլերն արել է 11 տարեկանից: Որոշ ժամանակ չպարելուց հետո՝ 2010 թվականին մասնակցում է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պարեր» նախագծին եւ ճանաչվում հաղթող: 2010 թվականից մինչեւ այսօր Կարենը պարում է «Անի» պարային համույթում: «2010 թվականին, երբ վերջացավ նախագիծը, եկա Գյումրի եւ որոշեցի պարել «Անի» պարային համույթում: Համույթի 15-ամյակին նվիրված համերգին ես նույնպես հանդես եմ գալու պարային համարով»,- նշեց Կարեն Աթոյանը: Դեկտեմբերի 10-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված պարարվեստի երախտավորներին: Ինչպես տեղեկացրեց «Անի» համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը՝ համերգի վրա աշխատում են դրամատիկականի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը եւ պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: «Սա Գյումրու քաղաքապետարանի պիոներպալատի «Անի» պարային համույթի հիմնադրման 15-ամյակին նվիրված հոբելյանական համերգ է: Կլինեն զուտ պարային համարներ՝ թատերական էլեմենտներով: Համերգը բեմադրված է, ամեն մի համար կնվիրվի հայկական պարարվեստի երախտավորներից մեկին՝ այդ թվում՝ Սուրեն Չանչուրյանին, Վահրամ Արեստակեսյանին, Արտաշես Կարապետյանին, Վանուշ Խանամիրյանին, Ազատ Ղարիբյանին, Արշակ Հիվսոյանին, Աղասի Շաբոյանին»:

ՍՏԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031