Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ինադու գոյատեւում է»

Դեկտեմբեր 11,2014 13:00

Ասում է Բաբկեն Պիպոյանն ու համաձայնում, որ թանկացումների, դրամի
արժեզրկման ֆոնին գնողունակության անկում կլինի եւ կբարձրանա աղքատության ցուցանիշը:

«Առավոտի» հարցին, թե սովորական ՀՀ քաղաքացին որքա՞ն գումար պետք է ունենա, որպեսզի կարողանա նորմալ ամանորյա սեղան ունենալ, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այս հարցի պատասխանը միշտ կոնֆլիկտ է ծնում ու խոստացավ առաջիկա օրերին մանրամասն ներկայացնել: Ավելի ուշ ավելացրեց, որ պետք է հասկանալ մի բան՝ Ամանորը ոչ թե մեկը մյուսին զարմացնելու համար է, այլ՝ «պատվով դուրս գալու»:

Դիտարկմանը, որ վերջին չորս տարիների ընթացքում կյանքը թանկացել է քսանից ավելի տոկոսով ու սա վկայում են պաշտոնական տվյալները, օրեցօր ավելացող թանկացումները, ո՞ր դեպքում օրինաչափ կլինեին, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ իրականում, ոչ պաշտոնական տվյալներով, քսան տոկոսից էլ ավելի է թանկացել. «Նախ պետք է հասկանալ մի բան, եթե երկրում գնաճը կազմել է քսան տոկոս, դա դեռ չի նշանակում, որ մեր կյանքն է քսան տոկոսով թանկացել, որովհետեւ եթե երկրում քարը թանկացել է մեկ տոկոսով, ոսկին՝ հինգ տոկոսով, դա մեր կյանքի գնի հետ կապ չունի, մենք քար եւ ոսկի հաճախականությամբ չենք ապրում, մենք ամեն օր ուտում ենք հաց, կաթնամթերք, մսամթերք՝ ուտելիք: Պետք է հասկանալ մի բան, թե ինչ պետք էր անել, որ այսքան գնաճ չլիներ: Նախ՝ պետությունը պետք է լծակներ ունենար կանխելու գնաճը ու որպեսզի ունենար լծակ, պետք է ոչ թե բիզնեսին կանչել ասել՝ չես անելու, այլ՝ գործառութային իմաստով այն կարգավորել:

Օրինակ, գյուղմթերքի պարագայում ամբողջ աշխարհում ինչ է անում պետությունը: Նշեմ, որ սահմանում է իրատեսական գներ, ունենում է ոլորտ, որը զարգացնում է, եւ որի մեջ պետությունն ունենում է իր մասնակցությունը: Օրինակ, ասում է, որ անասնակերը գրեթե անվճար կտա, նաեւ սարքավորումներ կտա հինգ տարի օգտագործելու համար, եւ հինգ տարի ժամանակ, որ ուղղությունն այնքան զարգացնես, որ ես՝ որպես ներկրող երկիր, ներկրածի հետ մրցակից չլինեմ, ապա ասում է՝ սահմանի վրա կներկրեմ ապրանքը, դրա վրա կսահմանեմ մաքս, որը կվերցնեմ՝ կտամ քեզ, իսկ դու ոլորտը զարգացրու ու վաղը, եթե այդ գյուղացին որոշի ինքնակամ ինչ-որ բան անել, պետությունը կարող է ասել ոչ, կամ՝ ինքդ որոշիր, հակառակ դեպքում պետական աջակցություն չես ունենա…»: Մեր զրուցակիցը գտնում է, որ որակի կառավարման համակարգ մեր երկրում ներդրված չէ, ըստ նրա՝ սպառողը տեղեկատվություն չունի այն մասին, որ, օրինակ, տեղական արտադրության կաթնամթերքի մեջ հումքի ո՞ր մասն է տեղական. «Եթե հումքի մասին մասնակի տեղեկություն լիներ, կկարողանայինք հասկանալ, որ, օրինակ, եթե օգտագործվում է Ռուսաստանից բերված չոր կաթ, իսկ ռուսական ռուբլին արժեզրկվել է, ուրեմն գին բարձրացնելու խնդիր չկար»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ ղեկավարը գտնում է, որ որակի կառավարման համակարգը թույլ կտար եւ հետագիծ ունենալ, եւ իրատեսական գնահատական տալ, ինչպես նաեւ առավելագույն գները սահմանել, բայց, ցավոք, համակարգը ներդրված չէ: Ըստ նրա, գերիշխող դիրք ունեցողների նկատմամբ համապատասխան գործառույթներ չեն իրականացվում, օրինակ՝ կաթնամթերքի շուկայում երեքից երկուսը գինը թանկացրել է, մեկը՝ տասը-քսան դրամով էժանացրել, ինչի նկատմամբ պետական դիրքորոշում չկա, թեեւ պետությունն ասում էր, որ ամեն ինչ կանի գնաճը կանխելու համար, բայց այս ամենից էլ պարզ է դառնում, որ տնտեսվարողն իր գործողություններում կաշկանդված չէ:
Հաջորդ հարցին էլ՝ այս թանկացումների, դրամի արժեզրկման ֆոնին հնարավո՞ր է լինի գնողունակության անկում, բարձրանա աղքատության ցուցանիշը, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Իհարկե, կլինի, աղքատության ցուցանիշն էլ կբարձրանա, ավելի վատ վիճակ էլ կլինի: Երբեմն կատակով ասում եմ, թե մեր ժողովուրդն ամբողջ աշխարհի ինադու է գոյատեւում, բայց դա իրոք այդպես է, այս ժողովրդի գլխին ով ինչ ասես բերում է, բայց մեր ժողովուրդն ինադու գոյատեւում է»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

     

    Ամանոր կոչվածն ինձ համար տոն չէ, բայց հիանալի գենաքննության հնարավորություն է:Կրկես,ճվարճալի կրկես, հումոր, սատիրա, տրագիկոմեդիա…
    Գենետիկական դրայֆի հայելի է նոր տարին հայակրկեսում:Կրկեսը հետաքրքիր է միշտ:

  2. Սեւակ says:

    Ափսոս այս էջը հնարավորություն չի տալիս նկար տեղադրելու. եթե հնարավոր լիներ, ես նկար կտեղադրեի, որտեղ պարզ երեւում է , թե մարդիկ կան ինչպես են դիմավորում Ամանորը… Ես սակայն կարամ նկարագրեմ այդ պատկերը. Մի կիսադարատրակ սուրճի բաժակ, լիքը ծխախոտի մնացուկներով մոխրաման, ու մի տուփ այսպես ասած «печени».. Այդպիսին հիանալի Ամանոր… այն ինչ չեք տեսնում, սիրելիներս, չի նշանակում չկա… մարդիկ ուղակի ամաչում են բարձրաձայնեն…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031