Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի գործերի գնորդների 70%-ը Հայաստանից է

Դեկտեմբեր 11,2014 14:30

«Գալա արտ» ցուցասրահի հիմնադիրները «փակագծեր» են բացում

Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցներում արվեստագետները, մասնավորապես՝ նկարիչները, ողջունելով երեւանյան մասնավոր ցուցասրահների այսօր արդեն պրոֆեսիոնալ աշխատանքը, հիշում են 1990-ականների կեսերը, երբ նոր-նոր սկսեցին բացվել դրանք: Պետությունն այլեւս նկար չէր գնում՝ ինչպես խորհրդային շրջանում, հետեւաբար մասնավոր ցուցասրահները նկարիչների եկամտի ու աշխատանքների քարոզչության հիմնական միջոցն էին: Մեր զրուցակիցները հատկապես նշում են «Արամե», «Շեդեւր» «Գալա արտ» ցուցասրահների պրոֆեսիոնալ աշխատանքը:

Հանդիպեցինք «Գալա արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեններ, ամուսիններ Նուշիկ Միքայելյանի եւ Ավետիս Բերբերյանի հետ, որոնք այս բիզնեսում են 15 տարի: Նրանք նաեւ ճանաչված արվեստագետներ են: Առանձնապես ներկայացնելու հարկ չկա կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանին, իսկ նրա տիկինը՝ բանաստեղծ, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանը, ծնունդով Հալեպից է: 1997թ. եկել է հայրենիք, իր խոսքերով՝ չվերադառնալու նպատակով: Երեւանի կոնսերվատորիայի վոկալ բաժինն ավարտելուց հետո ընտանիք է կազմել կոմպոզիտորի հետ:

Անդրադառնալով 2012թ. հիմնադրված «Գալա արտ» ցուցասրահին, տիկին Միքայելյանը հայտնեց, որ 2000-2008թթ. իրենք Երեւանում, իհարկե ոչ ներկայիս ցուցասրահի մասշտաբներով, տնօրինել են իրենց իսկ հիմնած «Բաքոս» ռեստորան-պատկերասրահի աշխատանքները: 2008-ից ամուսինները պայմանագրով աշխատել են Սան Ֆրանցիսկոյում, վերադառնալուն պես հիմնել են իրենց պատկերասրահը: Նրանք հավաստիացնում են, որ «Գալա արտի» փորձառու եւ պրոֆեսիոնալ աշխատակազմը ուղղորդում է ամենաբծախնդիր կոլեկցիոներին՝ առաջարկելով արվեստի այնպիսի գործեր, որոնք կհարստացնեն արվեստի ցանկացած հավաքածու: Իսկ ցուցասրահը ներկայացնում է ազգային եւ միջազգային ճանաչում վայելող շուրջ 100 գեղանկարիչների ու քանդակագործների:

«Գալա արտը» վերջերս մասնակցել է Բեյրութում անցկացված «Art Fair 2014» էքսպոյին՝ ներկայացնելով 2 քանդակագործի եւ 5 նկարչի աշխատանքներ: Հետաքրքրվեցինք, թե մերոնց գործերը ունեցա՞ն իրենց գնորդները: Տիկին Միքայելյանը նշեց, որ թեեւ մեր արվեստագետների որոշ գործեր ունեցել են գնորդ, սակայն դա իրենց համար նպատակներից առաջինը չէ: Կոմերցիոն գաղտնիք համարելով էլ չնշեց, թե որ արվեստագետի որ աշխատանքը ինչ գնով է վաճառվել: Հպարտությամբ հայտնեց, որ եթե տասը տարի առաջ գնորդները հիմնականում արտերկրից էին ու սփյուռքահայերը, ապա այսօր նրանց 70%-ը Հայաստանից է:

Ի դեպ, երիտասարդ ու միջին սերնդի արվեստագետների աշխատանքների կողքին «Գալա արտում» ցուցադրվում են նաեւ Սարյանի, Գառզուի, Ժանսեմի, Մինասի, Գայանե Խաչատրյանի, Արա Բեքարյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուս երեւելիների գործերը: Մեր զրուցակիցները հավելեցին, թե գաղտնիք չէ, որ այսօր իբրեւ բնօրինակներ երբեմն վաճառվում են անվանիների գործերի կրկնօրինակները: Իսկ բնօրինակները իրենց են վստահում կոլեկցիոներները եւ մինչ օրս դրանց վաճառքից հետո որեւէ խնդիր չի առաջացել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031