Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ձեւավորվել եռյակը

Դեկտեմբեր 12,2014 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը եւ Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Արամ Աբրահամյան.- Անցնող տարվա ներքին քաղաքականության մեջ ամենահետաքրքիր իրադարձությունը եռյակի ձեւավորումն էր եւ եռյակի անցկացրած 3 հանրահավաքները՝ եթե այսօրվանն էլ հաշվենք: Ես խնդրում եմ այդ երեւույթին տալ ձեր գնահատականը:

Հովհաննես Հովհաննիսյան.– Պարբերաբար ձեւավորվում են ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր քաղաքական միավորումներ, շարժումներ, դա զուտ նրանից է, որ ոչ բոլոր խնդիրներն են թե՛ ներքին, թե՛ արտաքին ոլորտում նորմալ վիճակում գտնվում մեր երկրում, այսինքն՝ հասարակությունը գտնվում է ծանր վիճակում, տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, արտաքին քաղաքական դեգերումները Հայաստանին ոչ մի նորմալ հանգրվանի չեն բերում: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, երկրում կա հզոր, մեծամասշտաբ կոռուպցիա եւ ամենակարեւորը` մեծ անարդարություն: Երկրում կա գործող եւ շատ վաղուց իշխանություն գլխին գտնվող քաղաքական մոնոպոլիա՝ մի կուսակցություն, որն արդեն, եթե չեմ սխալվում, 15 տարուց ավելի իշխող կուսակցություն է: Այդ ամենը ծնում է նոր շարժումներ, նոր միավորումներ, եւ եթե վերցնենք եռյակի ձեւավորումը, դա շատ բնական պետք է լիներ: ԱԺ-ում պետք է ընդդիմադիր քաղաքական ուժերը համախմբվեին: Եռյակում եւ, մասնավորապես, ԲՀԿ-ի առաջնորդը ճիշտ որոշում կայացրեցին, որ եռյակը քաղաքական կշռով շատ ավելի հզոր կլինի, եթե շարժմանը միանան արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունները:

Տեսնում ենք, որ շարժումը կամաց-կամաց նոր թափ է հավաքում, տարբեր ոչ խորհրդարանական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անձինք իրենց պատրաստակամությունն են հայտնում միանալու այդ շարժմանը: Նորից պետք է կրկնեմ, որ հիմնական պատճառն այն է, որ այլեւս մեր հասարակությունը նման իրավիճակում, նման ձեւով չի ուզում ապրել:

Ա. Ա.– Պարոն Ալեքսանյան, Ձեր մեկնաբանությունը:

Լեռնիկ Ալեքսանյան.- Այս տարի իրոք եռյակը ձեւավորվել էր որպես ընդդիմություն: Թեկուզ ասենք, որ ԲՀԿ-ն որպես ընդդիմություն պաշտոնապես դեռեւս հանդես չի գալիս` հայտարարություն չի արել: Համենայնդեպս, ձեւավորվեց եռյակը, ինչպես արդեն նշվեց՝ այս տարիներին ընդդիմությունը տարբեր ձեւաչափերով, տարբեր տրամաչափերով փոփոխություն է կրել: Երբ որ նայում ենք 1990թ.-ից մինչ այսօր՝ միշտ եղել են տարբեր դրսեւորումներ: Հիմնական ռեսուրսները, ուժը ստացավ ընդդիմությունը, երբ ԲՀԿ-ն որպես առանցք հանդես եկավ՝ համաձայն եմ, եւ այսօր համաժողովրդական շարժման մասին են խոսում: Համենայնդեպս, դրա ալիքները դեռեւս զգալի չեն, եւ կարծում եմ, որ ձմռան ընթացքում դա առանձնապես լուրջ արտահայտություն չի ունենա:

Ա. Ա.- Պարոն Հովհաննիսյանը ասաց, որ մի քիչ ավելի երկար եք մնացել իշխանության` 15 տարի, եւ նույնիսկ այն մարդկանց համար, որոնց համար միեւնույն է՝ ՀՀԿ-ն է, թե ԲՀԿ-ն, ցանկալի է տեսնել նոր դեմքեր: Այդպիսի ցանկություն չե՞ք տեսնում հասարակության մեջ:

Լ. Ա.- Նախ՝ Հանրապետականը այդքան երկար իշխանության չի եղել, մի քիչ շփոթում եք, ձեր գնահատականներում շատ եք ընդհանրացնում: Առաջին նախագահի ժամանակ Հանրապետական կուսակցությունը ընդդիմադիր չի եղել, բայց իշխանություն էլ չի եղել, երկրորդ նախագահի ժամանակ ես չէի ասի, թե Հանրապետական կուսակցությունը լիարժեք իշխանություն է ունեցել: Հանրապետականի՝ ընդհանուր քաղաքական դաշտում գոյություն ունենալը միշտ եղել է պետականամետ, կենտրոնամետ: Այսինքն՝ մեր պետության կառուցման գործում, մեր երկրի ուժեղացման գործում այդ քաղաքականությունն է ընտրված: Հանրապետական կուսակցությունը միշտ բուֆերի դերում է եղել գործող իշխանությունների եւ մյուս քաղաքական դաշտի միջեւ եւ նպաստել է, որ պետության մեջ քաղաքացիական շատ ավելի սուր դրսեւորումներ չլինեն: Ես համարում եմ, որ Հանրապետական կուսակցությունը լիարժեք իշխանություն ունեցել է 2008 թվականից:

Քննարկումն` ամբողջությամբ


Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031